ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում իր ելույթում Ադրբեջանի եւ նրա քայլի մասին չխոսեց, անպատվաբեր համարեց: Այն մասին, թե ինչպես Հունգարիան վաճառեց իր խիղճը եւ ժողովրդավարական արժեքները, ասաց, որ կխոսի եվրոպական ամբիոններից:
Այն, որ մարդասպանին Բաքվի օդանավակայանում դիմավորել են եվրոպական տարբեր կառույցներում ներգրավված ադրբեջանցի պատգամավորները, Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, նշանակում է, որ Բաքուն թքած ունի Եվրոպայի կարծիքի վրա:
Նաիրա Զոհրաբյանը, սակայն, կոչ արեց լինել ազնիվ եւ անկեղծորեն խոսել այն մասին, թե ինչ կարող էր անել հայկական կողմը եւ չարեց Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելը կանխելու հարցում: Նրան վրդովեցրել է այն ամենն, ինչն իր հետ զրույցում պատմել է Հունգարիայի հայ համայնքի փոխնախագահը: Համադրելով նրա բաց նամակը, իրեն պատմածները եւ պաշտոնական պարզաբանումները, տիկին Զոհրաբյանը եկել է այն եզրակացության, որ Հունգարիայի արտաքին գերատեսչությունը ավելի անկեղծ է եղել տեղի հայ համայնքի հետ, քան ՀՀ հայաստանյան պատկան մարմինների: Իսկ Հայաստանում Հունգարիայի ներկայացուցչի պարզաբանումները ուղղակի ապշեցրել են պատգամավորին: Հիշեցնենք, որ վերջինս դիմել էր Հունգարիայի ԱԳՆ այն ժամանակ, երբ Սաֆարովը արդեն երեք ժամ Բաքվում էր եւ ներում էր ստացել:
Կարդացեք նաև
«Ինչոՙ՚վ են զբաղված ԵՄ անդամ երկրներում մեր դեսպանները: Նրանք ակնհայտորեն խառնում են հայ դիվանագիտության նախապատվությունները: Դրանք ապրիլի 24-ին լացակումած դեմքով Եղեռնի հուշարձանի կողքին կանգնելը կամ սեպտեմբերի 21-ին անկախության ֆուրշեթ կազմակերպելը չեն: Կամ էլ Եվրոպա ժամանող հայ բարձրաստիճաններին ամբողջ օրն օդանավակայաններում դիմավորելն ու ճանապարհելը: Դա նաեւ նրանց բողոքն է եղել ինձ, որ իրենց ազատենք այդ բանից»,- վրդովվեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը՝ մեղադրելով ԱԳՆ-ին, որ հարցի կարգավորումն իր գերակայությունն է համարել եւ խորհրդարանին նախապես տեղյակ ու մասնակից չի դարձրել գործընթացին:
Նաիրա Զոհրաբյանը քննադատեց նաեւ կառավարությանը, որը ժամանակին անտեսելով իր հորդորը, թե 21-րդ դարը քարոզչական պատերազմի դար է, մերժել էր արտաքին գերատեսչությանը՝ քարոզչության համար նախատեսված գումարների քառապատկումը, պատճառաբանելով, թե այլ գերակայություններ կան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Հետքի»