«Եթե «Բարգավաճ Հայաստանի» հետ մեր շահերը կհամընկնեն, եւ ոչ միայն «Բարգավաճի» հետ, քաղաքականության մեջ այդպես է, եթե տվյալ պահին որեւէ ուժի հետ շահերը համընկնում են, ուրեմն այդ շահի շուրջ կոնկրետ համագործակցում են»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: Մենք ճշտեցինք` բայց ՀԱԿ-ը սկզբունքներ ունի, չէ՞, պարոն Դովլաթյան. «Սկզբունքները քաղաքականության մեջ եւ կան, եւ չկան: Կարող է վաղը թշնամի լինեն, այսօր բարեկամ: Բայց կան բաներ, որոնք պետք է հաշվի առնել բոլոր դեպքերում»: Մեր հարցին` իսկ այդ շահը ո՞րն է` նախագահական ընտրություննե՞րը` նա պատասխանեց, որ ցանկացած հարցում կարող է լինել. «Կարող է լինել օրենքի շուրջ, որտեղ համագործակցեն եւ, օրինակ, քվեարկեն համատեղ»:
Մենք նրանից հետաքրքրվեցինք` ՀԱԿ-ի դիրքորոշումը ԲՀԿ-ի հետ կապված կարո՞ղ է փոխվել, հաշվի առնելով, թե երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որքան պարզ արտահայտվեց, որ ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանն իրենց օտար չէ, որ ԲՀԿ-ն էլ հակառակորդ չէ իրենց, այսինքն`ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փաստորեն ՏԻՄ ընտրություններին սերտ համագործակցում են: Պարոն Դովլաթյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի հետ կապված ՀԱԿ-ի դիրքորոշում, որպես այդպիսին, ես չգիտեմ` կա՞, թե՞ չկա»: Մեր դիտարկմանը, որ վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ սերտ համագործակցում է` պարոն Դովլաթյանը պատասխանեց. «Դուք տեսնում եք, մենք չենք տեսնում»: Մենք հիշեցրինք խորհրդարանական ընտրություններից առաջ միասնական շտաբում համագործակցությունը, ինչպես նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները` նվիրված ԲՀԿ-ին` պարոն Դովլաթյանն այսպես արձագանքեց. «Միասնական շտաբն ընդհանուր ընտրությունների հետ կապված որոշակի, ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ Դաշնակցության ընդհանուր համագործակցությունն էր, որպեսզի փոքրիշատե փորձեն ընտրությունները նորմալ անցկացնել»:
Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներին` պարոն Դովլաթյանի դիտարկմամբ` «Հիմա լրատվությունը փորձում է ինչ-որ բաներ գտնել, շերտեր գտնել, ասել, փորձել ինչ-որ բաներ: Մի քիչ սիրուն չի, էլի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին` Ձեզ համար այսօր ԲՀԿ-ն ի՞նչ տեղ ունի քաղաքական դաշտում, իրենց որտե՞ղ եք տեսնում, ընդդիմությո՞ւն է, իշխանությո՞ւն է` նա պատասխանեց. «Բարգավաճ Հայաստանը» ոչ ընդդիմություն է այսօր, ոչ իշխանություն է, իր վիճակով գոյություն ունեցող կառույց է»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ համագործակցությանը` պարոն Դովլաթյանը նշեց, որ ցանկացած ուժ էլ համագործակցում է տարբեր ուժերի հետ. «Դա իրենց խնդիրն է: Ես «Բարգավաճի» համար ցանկություն չունեմ պատասխանելու, թե նրանք ում հետ եւ ինչպես են համագործակցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ