Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ԲՀԿ-ականների փոխարեն Սամվել Բալասանյանին սատարում է երկրի ՀՀԿ-ական նախագահը

Սեպտեմբեր 05,2012 15:37

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանից պարզաբանումներ խնդրեց նախագահ Սերժ Սարգսյանի` Գյումրիում հնչեցրած այն հայտարարության վերաբերյալ, թե «այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել»:

Մեզ մասնավորապես հետաքրքրում էր այն հարցը` եթե Սամվել Բալասանյանը առաջադրվել է նախագահի առաջարկով, ապա ինչո՞ւ էր կտրականապես հերքում շրջանառվող լուրերը` պնդելով, որ ինքը Բաղրամյան 26 այցելել է գործով` նախագահի հետ գյուղատնտեսական հարցեր քննարկելու, այլ ոչ թե նրա «դաբրոն» ստանալու համար: Հիշեցենք, որ նա Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:

Պարոն Բալասանյանը, դեռ չլսած մեր հարցադրումը, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ` խորհուրդ տալով դիմել իր մամուլի քարտուղարին` Զոհրապ Եգանյանին:

«Տարօրինակ ոչինչ չեմ տեսնում, քանզի որպես պետության ղեկավար` նախագահը կարող է առաջարկել համապատասխան որակներ ու կարողություններ ունեցող մարդկանց, անկախ կուսակցական պատկանելությունից առաջադրվել այս կամ այն պաշտոնին, առավել ևս, որ խոսքը աղքատության նման բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում վիճակը շտկելու մասին է:Եվ ինչպես երեկ նշվեց երկրի ղեկավարի կողմից, կա մթնոլորտը փոխելու անհրաժեշտություն, և դա կարող է անել Սամվել Բալասանյանը: Ասեմ ավելին՝ տևական ժամանակ է, ինչ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու առաջարկներ պարոն Բալասանյանը ստացել է նաև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից ևս: Փաստ է նաև այն, որ պարոն Բալասանյանի առաջադրման մասին որոշումն ընդունվել է ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, քանզի պարոն Բալասանյանն այդ կուսակցության անդամ է», -մեզ հետ զրույցում ասաց Զոհրապ Եգանյանը:

Նշենք, որ այս ընտրարշավում ամենատարօրինակն այն է, որ ԲՀԿ քաղխորհրդի կողմից առաջադրված թեկնածուին չեն սատարում տեղի ազդեցիկ ԲՀԿ-ականները`թե Շիրակի մարզային և թե քաղաքային կառույցների ղեկավարությունն` իրենց հսկայական ընտրազանգվածով, նրանք բացարձակապես չեն խառնվում պարոն Բալասանյանի գործերին, թեկնածուի ոչ մի քարոզարշավային հանդիպմանը չեն մասնակցում:Այս փաստը, ըստ որոշ տեղեկությունների, պայմանավորված է նեղ անձնական խնդիրներով, «ինչո՞ւ ոչ ես ու Սամվել Բալասանյանը» մտածելակերպով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930