Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ. «Ադրբեջանի վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը»

Սեպտեմբեր 05,2012 15:29

Եվրամիությունը բացատրություններ է պահանջում Ադրբեջանից՝ փաստելով, որ պաշտոնական Բաքուն խախտել է Սաֆարովի արտահանձնման շուրջ Հունգարիայի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, եւ որ այդ վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը։

«Այս պահին մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ստացվում է, որ որոշակի պայմաններ ու պարտավորություններ, որոնք համաձայնեցվել էին Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ Սաֆարովի արտահանձնման շուրջ, ի կատար չեն ածվել։ Եվ դա նկատի առնելով, մենք կշարունակենք կամ կփորձենք կապի մեջ լինել ադրբեջանական կողմի հետ՝ լսելու նրանց բացատրությունները՝ ինչու է այս դեպքը տեղի ունեցել, եւ ինչու է շարունակվում վարքագիծը, որը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը», – հայտարարել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը։

Ավելի վաղ Եվրամիության արտգործնախարարն ու ընդարձակման հարցերով հանձնակատարը համատեղ հայտարարություն էին տարածել` կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այժմ Եվրամիության արտգործնախարարի խոսնակը փաստում է, որ Ադրբեջանը անտեսում է այդ կոչերը։

«Մենք հայտարարել ենք, որ ի սեր տարածաշրջանային կայունության եւ հաշտեցմանն ուղղված ջանքերի, մենք շատ կուզենայինք տեսնել զսպվածություն՝ տեղում եւ հրապարակային հայտարարություններում, եւ սա այն չէ, ինչ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմից», – ասել է Կոսիյանչիչը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ կարող է անել Եվրամիության արտգործնախարարն այս դեպքում՝ հետաքննությունից բացի, եւ եթե պարզվի, որ ադրբեջանական կողմը սխալ է թույլ տվել, կարող են արդյոք պաշտոնական Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել, եվրոպացի պաշտոնյան պատասխանել է. – «Խոսքը պատժամիջոցների մասին չէ, այլ այն մասին, թե ինչ ենք մենք ուզում տեսնել տարածաշրջանում եւ ինչ հավակնություններ կան, որոնք, կարծում ենք, բխում են նաեւ Ադրբեջանի շահերից։ Մենք ունենք մեր հատուկ բանագնացը Կովկասում, տեղում ունենք պատվիրակություններ, հետեւում ենք իրավիճակին, եւ ըստ այդմ կտեսնենք՝ արդյոք կարիք կա՞ հավելյալ քայլերի»։

Եվրամիության արտգործնախարարության պնդմամբ, չի բացառվում, որ այս հարցը կարող է քննարկվել նաեւ ԵՄ-ի արտգործնախարարների՝ այս շաբաթավերջին Կիպրոսում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։

Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ հատուկ հայտարարություն են տարածել նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն  ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը։

«Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է չարաշահվի քաղաքական նպատակներով», – հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը։

«Անընդունելի է սպանության համար դատապարտված անձին ընդունել որպես հերոս», – իր հերթին, փաստել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն ու հավելել. – «Սա այն Եվրոպան չէ, որ մենք կցանկանայինք թողնել մեր սերունդներին: Ես դատապարտում եմ հանցանքի փառավորումը եւ կոչ եմ անում, որ բոլորս աշխատենք պահպանել կյանքի նկատմամբ հարգանքն ու արժեքները, որոնք պաշտպանվում են Եվրոպայի խորհրդի կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930