Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Տեռորիստական երկիր չենք, որ մարդասպան դառնանք ու հավասարվենք Ադրբեջանի դիրքորոշմանը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2012 15:24

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսեց «Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը. ներքաղաքական և միջազգային հնարավոր զարգացումներ» թեմայի շուրջ:

«Ոչ բոլոր քաղաքական ուժերն են հասկանում պահի լրջությունը: Պարզ է, որ առօրյա կյանքում շատ են սովորական դարձած դժվարությունները, բայց սթափվելու ժամանակն է: Խնդիրը նրանում չէ, որ իշխանությունները պետք է հակահարված տան, այլ պետք է աշխարհին հասկացնել, որ Հայաստանն իսկապես մտահոգ է կատարվածով եւ պատրաստ է պայքարել իր անվտանգության համար»,-ասաց քաղաքագետը:

Վերլուծելով դատապարտյալներին փոխանցելու Ստրասբուրգյան կոնվենցիան՝ Ատեփան Գրիգորյանը փաստեց, որ պատիժը սեփական երկրում կրելն ընդունված երեւույթ է. «Այլ բան է, երբ խախտվել են կոնվենցիայի հետեւյալ կետերը. 13-րդ հոդվածով սահմանվում է, որ միայն դատող պետությունը, տվյալ դեպքում՝ Հունգարիան, իրավունք ունի փոխել դատավճիռը: Բացի այդ, 15-րդ հոդվածի համաձայն, Ադրբեջանը փոխանցումից հետո պարտավոր է անընդհատ Հունգարիային տեղյակ պահել դատապարտյալի վճռի իրականացման մասին: Իսկ 11-րդ հոդվածով Ադրբեջանն իրավունք չունի պատիժը փոփոխել: Հետեւաբար, Հունգարիան իրավունք ունի ետ պահանջել Սաֆարովին, քանի որ վերջինս իր երկրում պատիժը չի կրում»:

Վերլուծաբանի խոսքով, Սաֆարովի դեպքով Ադրբեջանը երկու կարեւոր «մեսիջ» է ուղարկել Հայաստանին. «Առաջինն այն է, որ հային սպանողը հերոս է, եւ դա ասել է ոչ թե խելառ պատմաբանը, այլ Ադրբեջանի առաջին դեմքը: Ղարաբաղն այլեւս չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության տակ: Ադրբեջանի նախագահն իր քայլով հաստատեց դա՝ Ղարաբաղյան հարցը մտցնելով նոր էտապ: Մյուս «մեսիջն» այն է, որ Սաֆարովին հերոսացնելով ու մայորի կոչում շնորհելով՝ Ադրբեջանն ասաց, որ թքած ունի եվրոպական դատարանների եւ որոշումների վրա: Հետեւաբար, Եվրոպան պետք է զսպի Ադրբեջանին, որը սպառնում է պատերազմ սկսել»:

Գրիգորյանն ասաց, որ կողմնակից չէ Մինսկի խմբից դուրս գալու մտքին, քանի որ համանախագահող երկրների արձագանքները հօգուտ Հայաստանի են. «Մադրիդյան սկզբունքների շարքում պետք է հստակ ֆիքսել, որ Ղարաբաղն այլեւս Ադրբեջանի ադմինիստրատիվ ենթակայության տակ չէ: Ամենադիպուկը Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունն էր. նա հասկանում է, որ սպանության խրախուսման պարագայում վտանգի տակ է դրվում յուրաքանչյուր հայի անվտանգությունը: Բայց մինչ Եվրամիությունը եւ Եվրապառլամենտը գնահատական չտան, պետք չէ մասնակցել Եվրանեստին»:

Անդրադառնալով հայերի շրջանում Սաֆարովի հանդեպ բորբոքվող կրքերին՝ քաղաքագետը հատկապես երիտասարդներին կոչ արեց հեռու մնալ վրեժխնդրության մտադրությունից. «Թեհլերյանի քայլի հետ զուգահեռներ չանցկացնեք, քանի որ այն ժամանակ մենք չունեինք անկախ պետականության: Մենք տեռորիստական երկիր չենք՝ մարդասպան չենք դառնա ու չենք հավասարվի Սաֆարովին եւ Ադրբեջանի դիրքորոշմանը: Որպես ցիվիլ ազգ՝ շեշտը պետք է դնենք իրավական դաշտի վրա: Այնպես որ՝ ոչ մի վրեժխնդրություն. խելոք մնացեք»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930