Ըստ Մրցունակության համաշխարհային զեկույցի (ՄՀԶ), Հայաստանն այս տարի իր մրցունակությամբ 10 տեղով բարձրացել է` 144 երկրների շարքում, այս տարի Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը: Այս մասին «Նովոստի-Արմենիա» կենտրոնում ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ, այս զեկույցն այսօր աշխարհում համարվում է ամենաընդունելին, որը տալիս է երկրների տնտեսության մրցունակության համապարփակ գնահատականը:
Տարածաշրջանում, տնտեսության մրցունակությամբ, Հայաստանը զիջում է Վրաստանին եւ Ադրբեջանին: Ընդ որում, Ադրբեջանը 144 երկրների շարքում զբաղեցնում է 46-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ 77-րդ:
Մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալներով, Հայաստանի ուշագրավ առավելություններից կազմակերպությունն առանձնացրել է օրինակ` մալարիայի ազդեցությունը գործարարության վրա, այս կետով Հայաստանը առաջատար դիրքերում է, այսինքն` մեր երկրում մալարիան ոչ մի կերպ չի կարող բացասական ազդեցություն թողնել գործարարության վրա: Մյուս ուշագրավ առավելություններից է աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու գործելակերպը, այս առումով Հայաստանը 144 երկրների շարքում 10-րդն է: Ըստ Սեւակ Հովհաննիսյանի, սա բավականին լավ ցուցանիշ է, եւ մեր գործարարները աշխատանքի ընդունելու եւ ազատելու առումով գրեթե եվրոպական սկզբունքով են առաջնորդվում, այսինքն
Հայաստանի ուշագրավ առավելություններից մեկն էլ, որը նշված է զեկուցում` ահաբեկչության հետեւանքով գործարարության ծախսերն են: Այս կետով էլ Հայաստանը 8-րդ հորիզոնականում է, այսինքն, կարելի է ասել` լավագույն դիրքերում: ՄՀԶ-ում առանձնացված են նաեւ Հայաստանի ուշագրավ թերությունները: Օրինակ` տեղական մրցակցության ուժգնության առումով, մենք բավականին ցածր դիրքերում ենք. 144 երկրների մեջ Հայաստանը տնտեսության տեղական մրցակցության ուժգնության առումով 130-րդ տեղում է: Ուշագրավ թերությունների շարքում է բիզնես կրթությունը, այսինքն դպրոցների որակը: Այս կետով էլ Հայաստանը վերջին տեղերում է` 127-րդ: Առկա թերություններով հորիզոնականում կրկին ցածր դիրքերում ենք գտնվում նաեւ մաքսային գործընթացների բեռը կետով: Դատական համակարգի անկախության առումով, 144 երկրներից Հայաստանը 110-րդ տեղում է:
Տնտեսության մրցունակությամբ աշխարհում առաջին երկիրը, ըստ ՄՀԶ-ի, անփոփոխ է, ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի ամենամրցունակ երկիրը Շվեցարիան է, որին հաջորդում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան, Նիդեռլանդները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ