«Չեմ ասում պարտադիր պետք է վերադառնալ հայկական ավանդական ընտանիքի մոդելին, պարզապես պետք է վերականգնել մեր բարոյական կերպարը, քանի որ սրա մեջ է մեր ավանդականությունը, այլ ոչ նրա, որ տղամարդը պիտի հրամայի, կինն էլ՝ խոնարհաբար կատարի ցանկացած հրաման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրբ երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը, հավելելով, որ քրիստոնեության մեջ կա մի անխախտ օրենքի պես բան, ցանկացած ընտանիք, որը կանգնում է բաժանման առաջ, որովհետեւ ամուսինը, կամ կինը դավաճանել է, մեր հիմնական առաքելությունն է՝ անել ամեն հնարավոր բան, որ այդ ընտանիքը պահպանվի եւ վերականգնվի, եթե դա հնարավոր է, իսկ եթե ոչ, ապա անել ամեն ինչ, որ այդ ընտանիքից այն ինչ մնում է, գոնե հնարավորինս առողջանա:
«Ընտանիքը միայն հայրը, մայրը եւ երեխաները չեն: Ընտանիք կարող է լինել միայն մայրն ու երեխաները, բայց այդ ընտանիքը լինի շատ առողջ ու այնտեղից կիրթ ու բարոյական մարդիկ դուրս գան»,- ասաց տեր Եսային:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջին շրջանում հայուհիները շատ են ամուսնանում պարսիկների հետ, տեր Եսային նշեց՝ եկեղեցին նման պսակներ չի անում, քանի որ կրոնական խնդիր է առաջ գալիս. «Պարսիկները՝ լինի ամուսնություն, թե մկրտություն, մեծ մասամբ այդ քայլին գնում են Ամերիկա գնալու համար: Նրանց համար այստեղ եկեղեցական ծիսակարգով ամուսնանալն ու մկրտվելը այդ առումով է կարեւոր, որ Ամերիկա գնալուց ցույց տան, թե իրենց երկրում հալածվել են այդ պատճառով էլ ապաստարան են խնդրում: Պարսիկների կողմից մկրտվելու, քրիստոնյա դառնալու երեւույթը շատ էր տարածվել, այնքան, որ մենք դադարեցրինք, քանի որ հասկացանք թե ինչի համար են իրականում այդ քայլին գնում: Նրանց համար կարեւորն այդ թուղթն է, թեեւ ասում են, անկեղծորեն ուզում են քրիստոնյա դռնալ: Քանի որ մկրտության հարցը բարդացվեց, նրանցից ոմանք սկսեցին փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերել մեր աղջիկների հետ, ամուսնանալ եկեղեցով, մեր աղջիկներն էլ այդ միջոցով փորձում են Հայաստանից փախչել: Սա դատապարտելի է, եթե այդ ամուսնությունը սիրով չէ, շահադիտական է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ