Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը քննադատում է եւ մերոնց, եւ միջազգային հանրությանը

Սեպտեմբեր 05,2012 14:31

Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ում իր ելույթում տարակուսանք հայտնեց, որ Սաֆարովի էքստրադիցիայի եւ դրա շուրջ ծավալված հետագա զարգացումներից հետո Հայաստանի կողքը չկանգնեցին այնպիսի երկրները՝ Ռումինիա, Սլովակիա, Սերբիա, որոնք «պարզապես զզված են Վիկտոր Օրբան դիկտատոր վարչապետից եւ ամբողջ օրը «նրանից բողոքում են Բրյուսելում»:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ Օրբանին մեղադրելու այս հրաշալի առիթը չօգտագործելու միակ խնդիրն այն է, որ Հայաստանը իրենից որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում որպես սուբյեկտ: Այս իմաստով դաշնակցական պատգամավորին մտահոգել են հարցի վերաբերյալ միջազգային արձագանքները. «Ռուսական արձագանքը  չի բավարարել նույնիսկ ՌԴ-ի ամենախորը մերձեցման կողմնակիցներին: Ֆրանսիան պատգամավորական մակարդակով է արձագանքել եւ միայն ԱՄՆ նախագահի մակարդակով է ինչ-որ դժգոհություն հնչել»:

Վահան Հովհաննիսյանը ուսումնասիրել է այս օրերի գերմանական մամուլը եւ գտնում է, որ պարզապես պրովոկացիոն հոդվածներ են լույս տեսել: ՀՀ նախագահի ելույթը, նրա կարծիքով, գերմանական մամուլում այնպես է խեղաթյուրվել, որ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին պատերազմ հայտարարել: «Սա նշանակում է, որ մենք տեղի մամուլի հետ էլ չենք կարողանում աշխատել: Ո՞ւր են մեր դեսպանները, ինչո՞ւ չեն կարողանում գոնե եվրոպացի պատգամավորներին, որոնց մեջ իբր բարեկամներ ունենք, իրողությունը բացատրել»:

Վկայակոչելով նաեւ Քեթրին Էշթոնի, Եվրապառլամենտի նախագահի հայտարարությունները, դաշնակցական պատգամավորը զայրացավ. «Մտահոգություն են հայտնում, բայց հիմնական միտքն այն է, որ՝ Հայաստան-Ադրբեջան, ձեզ խելոք պահեք, վիճակը մի սրեք, ինչ եղել՝ եղել է:  Հավասարության նշան են դնում: Էն, ինչը սկսվել է Գորբաչովից՝ ինչ այլանդակություն անի Ադրբեջանը, հավասարապես Հայաստանի վրա են մատ թափ տալու»: Ելնելով այս նկատառումներից, Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է դժգոհություն հայտնի Մինսկի խմբից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ հավասարաչափ դիրքորոշման համար, ինչը բերում է կրակոցների, սպանությունների:

Դաշնակցությունում գտնում են, որ հիմա ճիշտ ժամանակն է կրկին խորհրդարանի օրակարգ մտցնելու ԱԺ հայտարարության նախագիծ՝ «ԼՂՀ խնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացին խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930