Թեև «Եվրատեսիլ 2013»-ին դեռ երկար ժամանակ կա, բայց սովորության համաձայն եվրատեսիլյան խոսակցությունները սկսվել են տարածվել ավելի վաղ. ո՞վ է լինելու այս տարվա Հայաստանյան ներկայացուցիչը, ի՞նչ երգ է կատարելու… այս և նմանատիպ այլ հարցերը չէին կարող չքննարկվել: Խոսակցությունների ու ֆեյսբուքյան ակտիվ քննարկումների, մեկնաբանությունների արդյունքում նկատելի էր, որ շատ շատերն են ցանկանում «Եվրատեսիլ 2013»-ին, որպես Հայաստանի ներկայացուցիչ, տեսնել Սիրուշոյին. «Նա հիանալի է բեմում, անկրկնելի ձայնային տվյալներ ունի, – ասում է Աստղիկը, նա նաև աննկարագրելի գեղեցկություն ունի, և հետո՝ Սիրուշոն այն միակն է հայկական շոուբիզնեսում, ով կարող է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում, մեկ անգամ նա արդեն ապացուցել է դա», «Sirusho is the best», «Sirusho come back to ESC»…
Օրեր առաջ ֆեյսբուքում բացվել է նաև մի էջ՝ «Sirusho-Eurovision song contest» անվամբ, որտեղ կոչ է արվում Սիրուշոյին մասնակցել «Եվրատեսիլ 2013» -ին: Էջն ունի 510-ից ավելի like: Այնտեղ պարբերաբար տեղադրվում են երգչուհու երգերը, համերգային ելույթներն ու լուսանկարները, էջի մասնակիցներն էլ թողնում են իրենց մեկնաբանություններն ու կարծիքները: Կկատարվի Սիրուշոյի երկրպագուների ցանկությունը, թե` ոչ, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ երգչուհու երկրպագուները մրցույթից ամիսներ առաջ արդեն նման քայլերի են դիմում, փաստում է այն մասին, որ նրանց ցանկությունն այնքան էլ անհավանական չէ: Ինչևէ, սպասենք ու կտեսնենք:
Տիգրանուհի Թասլակյան