Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում են ֆոտոռեժիսորներ

Սեպտեմբեր 05,2012 14:26

Անվանի պրոֆեսորն առաջարկում է մասնագիտական առարկաների ընդլայնում

Ռաֆայել Ջրբաշյանը պնդում է, որ տաղավարային լուսանկարչությունը մեզանում հետընթաց է ապրում:

Կար ժամանակ, երբ Երեւանում լուսանկարչական տաղավարներ էին գործում: Վերջին շրջանում դրանց թիվը նվազել է հասկանալի պատճառով: Այժմ նկարչական ալբոմ կազմելու համար մարդիկ նախընտրում են սեփական լուսանկարչական սարքը: Ճիշտ է, ժամանակն իր պահանջներն է թելադրում, թեեւ այս դեպքում արդյունքը որակի տեսակետից միշտ չէ, որ շահում է:

Անվանի մանկավարժ եւ բեմադրիչ, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանը «Առավոտին» հայտնեց, որ, իր խոսքերով՝ գեղարվեստական ստեղծագործության եզակի արտահայտություն հանդիսացող լուսանկարչությունը ծնունդ առնելով ու վերելք ապրելով գիտության մի շարք ճյուղերի նվաճումներին համընթաց ու զարգանալով ամենատարբեր (գեղարվեստական, վավերագրական, լրատվական եւ այլն) ժանրերով, մեր օրերում հետընթաց է ապրում: Պարոն Ջրբաշյանն անհանգստացած է, որ դա բացահայտ է հատկապես տաղավարային դիմանկարչության ասպարեզում: Նա նշելով ժամանակին հեղինակություն վայելող Գ. Խանոյանի, Ս. Խանդիկյանի, Գ. Երկանյանի, Օնիկի ու Շանթի լուսանկարչատները՝ ասաց. «Տաղավարային լուսանկարչության կարեւոր արժանիքներից մեկն այն էր, որ ժամանակակիցների դիմանկարները ստեղծելով, այն ակամա վավերագրողի դեր էր ստանձնել: Ստեղծված պատկերաշարերն էլ ժամանակի յուրօրինակ ռիթմի, նիստուկացի, հագուկապի, հոգեւոր ու մտավոր, սոցիալական-հոգեբանական միջավայրի յուրօրինակ վկայություններն էին»: Մեր զրուցակիցը տաղավարային լուսանկարչության ասպարեզում հայ վարպետներից առանձնացրեց երկուսին՝ Գաբրիել Խանոյանին եւ Սամվել Խանդիկյանին. «Երկուսն էլ ոչ միայն «բնորդի» արտաքինի վրա էին շեշտը դնում, այլեւ փորձում էին նրա ներաշխարհը բացահայտել: Եվ շահեկան ու լիարժեք գործ ստեղծելու համար, երբ մանավանդ «բնորդն» աչքի էր ընկնում արտահայտիչ դիմագծերով, որպես լրացուցիչ բնութագրական տարր, կոմպոզիցիայի մեջ ներառում էին ձեռքերը»: Պրոֆեսորը օրինակ բերեց նաեւ համաշխարհային արվեստից. «Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավում Հիսուսի ու նրա աշակերտների ձեռքերը նույնքան խոսուն արտահայտիչ են, որքան նրանց դեմքերը: Այս ստեղծագործության մեջ պարզապես խոսող ձեռքերի հեղեղ է»:

Այս նույն երեւույթը պարոն Ջրբաշյանը դիտարկեց նաեւ թատերավավերագրական լուսանկարչության ասպարեզում, կարծես ավելի ընդգծելու լուսանկարչի մասնագիտության կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Սակայն նշեց նաեւ, որ երբեմն դերասաններից ոմանք ավելի շատ տարվում են ոչ թե լուսանկարի միջոցով այս կամ այն դերը ներկայացնելու, այլ ընդամենը գեղեցիկ երեւալու մարմաջով: Օրինակ բերեց ժամանակին Գ. Խանոյանի՝ Մայր թատրոնում Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացումից արված լուսանկարները՝ Հրաչյա Ներսիսյանի (Էլիզբարով) եւ Ավետ Ավետիսյանի (Սաղաթել) փայլուն «ֆոտոխաղով»:

Անդրադառնալով տաղավարային լուսանկարչությանը՝ հատուկ հիշատակեց նաեւ խանոյանական Մետաքսյա Սիմոնյանի դիմանկարը. «Լիակատար չեզոք հենք, նկարի ողջ մակերեսով նազանքով թեքված ժպտացող դերասանուհին է՝ սեւ ու սպիտակ գույների հակադրությամբ, լուսաստվերների նրբին, շռայլ խաղերն ու նույնքան նրբին անցումները գեղանկարչական անբավ երանգներ են ստեղծում»: Իսկ Ս. Խանդիկյանի լուսանկարչական սարքի օբյեկտիվի «ընկալած» ու վավերագրած ամեն պահը պրոֆեսորը նույնացրեց գեղանկարչի դիպուկ վրձնահարվածի հետ. «Նրա ստեղծագործության կենտրոնում միայն մարդն է՝ իր հոգեւոր ու մտավոր ներուժով, իմաստնությամբ, բարդ խառնվածքով, ազգին ու հասարակությանը մատուցած ծառայությամբ՝ լինի Շարլ Ազնավուր, Մարտիրոս Սարյան, թե Կարաբալա…»:

Զրույցում պարոն Ջրբաշյանը նշեց նաեւ ֆոտոռեժիսուրայի, ռեպորտաժային լուսանկարչության եւ այլն, մի խոսքով՝ այն ճյուղերի անհրաժեշտության մասին, որոնց հիմքը լուսանկարչությունն է, քանիցս շեշտելով, թե այսօր մեզանում վերացած է տաղավարային լուսանկարչության արվեստը:

Իսկ չի՞ կարծում, թե լուսանկարչությունը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում պետք է ոչ միայն օպերատորական բաժնում դասավանդվի, այլ դառնա առանձին մասնագիտություն, թեպետ Մանկավարժականի մշակույթի ֆակուլտետն ունի կինո-ֆոտո բաժին, Ռաֆայել Ջրբաշյանն ասաց. «Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի հետաքրքրությունների դաշտը, մասնագիտական ուղղվածությունը տանում է դեպի խաղարկային արվեստների գծով մասնագետների պատրաստմանը: Բայց գուցե իսկապես անհրաժեշտ է կինոռեժիսորներին ու օպերատորներին ծանոթացնել ֆոտոռեժիսուրայի, ֆոտոկոլաժի սկզբունքներին՝ իբրեւ երկրորդ մասնագիտություն»: Հավելեց նաեւ, թե զրույցի սկզբում հիշատակած վարպետ լուսանկարիչները չունեին կրթություն, բայց օժտված էին գեղեցկությունն ընկալելու եւ որսալու բնատուր հունարով. «Այնուամենայնիվ, գտնում եմ, որ լուսանկարչության ոլորտին անհրաժեշտ են կրթված ու մասնագիտացած կադրեր»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930