Զիմզիմովի մուրհակն ու Գրիգոր աղայի վեքսիլը պայմանագրերի դեմ ազնիվ փաստաթղթեր են
Միջնակարգ կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, ոչ մի տեղ չաշխատող, նախկինում դատված Մուրադ Սարգսյանը 18.10.2007թ. կեղծ տեղեկանք է ներկայացրել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղ այն մասին, որ իբր աշխատում է ԼՂՀ Ստեփանակերտի «Ծիածան» ԱՁ-ում որպես փոխտնօրեն եւ ստանում է ամսական 450 000 դրամ աշխատավարձ: Դրա հիման վրա նշված բանկը նույն օրը կնքել է թիվ ԵԱՎ0737 սպառողական վարկային պայմանագիրը՝ «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 05 ՏԼ 550 պ/հ ավտոմեքենան Վարդան Ջհանգիրյանից գնելու նպատակով եւ ստացել, ոչ ավել- ոչ պակաս, 7. 800.000 դրամ՝ 36 ամիս մարման ժամկետով, տարեկան 17,5 տոկոսով: Դրա դիմաց գրավադրվել է Վ. Ջհանգիրյանի ավտոմեքենան եւ թողնվել գնորդի՝ Մ. Սարգսյանի մոտ:
Բանկը չի ստուգել ներկայացված փաստաթղթի իսկությունը, այն ներկայացնողի անձը, որն այսօրվա պայմաններում րոպեների հարց է: Հետաքրքիր է, թե բանկը նման արագությամբ ու պայմաններով այդպիսի ճոխ վարկ կտրամադրե՞ր մի գյուղացու՝ նյութական բարիքներ ստեղծելու նպատակով: Համոզված եմ՝ ոչ, որովհետեւ կարող է կարկուտ գա, երաշտ լինի, անասունները սատկեն եւ այլն, իսկ ավտոմեքենան ոչ երաշտից կչորանա, ոչ կսատկի, ոչ էլ ցուրտը կտանի:
Հետագայում չվճարելով վարկի գումարներից ոչ մի լումա, գրավադրված ավտոմեքենան Մ. Սարգսյանը 5 ամիս անց՝ 26.03.2008թ., բանկի տվյալներով տեղեկանք է ներկայացրել ԼՂՀ ՃՈ, որ ավտոմեքենան բանկում արգելանքի տակ չի գտնվում, նույն օրը այն հանել է հաշվառումից եւ 11.000.000 դրամով վաճառել գրավատան տնօրեն Վարդան Օհանյանին: Բանկը տեղյակ է եղել այդ մասին: Դրանից երեք ամիս անց՝ 25.06.2008թ. Վարդան Օհանյանն իր հերթին առուվաճառքի նոտարական կարգով հաստատված պայմանագրով նշված ավտոմեքենան վաճառել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Ռազմիկ Հակոբյանին՝ 11.000.000 դրամով: Այս մասին նույնպես տեղյակ է եղել բանկը: Նշված 8 ամիսների ընթացքում բանկը ոչ մի միջոց չի ձեռնարկել՝ որպես վարկի ապահովման միջոց գրավադրված ավտոմեքենան վերցնել իր տիրապետմանը, քանի որ Մ. Սարգսյանի հետ «տղավարի» գործարքի մեջ է եղել, քանի որ հապճեպ ու «սիրուն» վարկը հենց այնպես չէր տրամադրել:
Այնուհետեւ բացահայտվել են Մ. Սարգսյանի կողմից կատարված մի շարք նույնատիպ հանցագործություններ, այդ թվում՝ նկարագրված դրվագը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02. 06. 2010թ. դատավճռով Մ. Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման 11 տարի ժամկետով, միաժամանակ բավարարվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ հայցը՝ Մ. Սարգսյանից հօգուտ բանկի՝ 7.800.000 դրամ գումարը, ներառյալ տույժ-տուգանքները, բռնագանձվել է 17.333.393 դրամ, որպես հանցագործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում: Այսինքն՝ «Տոյոտա Լենդ Կրուիզեր» ավտոմեքենայի հետ կապված բանկի վնասներն ամբողջությամբ նշված դատավճռով հատուցված են: Սակայն բանկն իր հայցի մասով այս միանգամայն սպառիչ որոշմամբ չի բավարարվել: Ուզում է մի գնդակով երկու նապաստակ խփել. մի կողմից՝ ստանա իր վնասը Մ. Սարգսյանից եւ մյուս կողմից էլ՝ տանի Ռազմիկ Հակոբյանի կողմից բացահայտ բարեխղճորեն ձեռք բերված ավտոմեքենան: Այդ նպատակով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ առուվաճառքի գործարքները անվավեր ճանաչելու եւ բռնագանձումը Ռ. Հակոբյանի անվիճելի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի վրա տարածելու պահանջների մասին: Նշեմ, որ քննություն կատարող մարմնի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումներով ավտոմեքենան արդարացիորեն հանձնվել է Ռ. Հակոբյանի տիրապետմանը: Ընդհանուր իրավասության դատարանը բացահայտ անհիմն հայցը բավարարել է, անվավեր ճանաչել Մ. Սարգսյանի եւ Վ. Օհանյանի միջեւ 2008թ. կնքված եւ Վ. Օհանյանի ու Ռ. Հակոբյանի միջեւ 2008թ. կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրերը եւ բռնագանձում տարածել ավտոմեքենայի վրա: Այս վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել Ռ. Հակոբյանի կողմից, սակայն այն մերժվել է եւ վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Դատարանը հաշվի չի առել հետեւյալը. ա) բանկի վնասները վերականգնված են վճռով, բ) ես գույքի բարեխիղճ ձեռքբերող եմ, գ) ՀՀ քրդատօրի 119 հոդվացի համաձայն, իրեղեն ապացույց հանդիսացող դրամը, այլ արժեքները եւ մյուս առարկաները դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հանձնվում են սեփականատիրոջը կամ տիրապետողին. մեր դեպքում տիրապետողը Ռ. Հակոբյանն է, դ) բանկի միակ պատճառաբանությունը, թե իբր գրավի առարկան կոշտ գրավի հիմքով է դրված, 4 դատավորներից գոնե մեկը կիմանար: ՀՀ քաղդատօրի 258 հոդվածի համաձայն, կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ, գրավառուի փականքի տակ: Այդ մեքենան երբեւէ չի թողնվել բանկի մոտ եւ չի գտնվել Մ. Սարգսյանի փականքի տակ, ավելին՝ ազատորեն օգտագործվել է մեքենան: Ես 77 տարեկան հովիվ մարդ եմ, սրտի արատով: Իմ 25 հոգուց բաղկացած ընտանիքի անդամների քրտնաջան աշխատանքի գնով ազնվորեն ձեռք եմ բերել այդ մեքենան, զբաղվում եմ նյութական բարիքների ստեղծմամբ. վախենում եմ չդիմանալ բանկ-դատարան այս անօրինություններին: Իսկ բանկն այսօր մեզ հայտնի մեթոդներով մեծ միջոցների տեր է եւ ունի նույնիսկ «այլ ծախսեր»: Ահա թե ինչու դատավորները պաշտպանում են ոչ թե իմ օրինական շահերը, այլ՝ բանկի անօրինական պահանջները: Այսպիսով, բանկերի մոտ ձեւավորվել է տոկոսախեղդ անելով անօրինական կամ օրինական մեթոդներով տիրանալ բարեխիղճ մարդկանց ունեցվածքին, որն արդեն վերաճել է բանկային բնազդի եւ որոշ դատարանների (դատավորների) միաձուլման արդյունքում ստեղծվել է մոնոպոլ վիճակ, ինչը հովանավորվում է դատարանների կողմից:
Զիմզիմովի մուրհակն ու Գրիգոր աղայի վեքսիլը սրանց պայմանագրերի դեմ ազնիվ ու միամիտ փաստաթղթեր են: Ասում են՝ էսինչ բանկն էնինչի բանկն է, պարզվում է, որ, իրոք, բանկերն ու բանկիրներն էլ են էսինչ քննիչինն ու էնինչինը, դատավորներն ու դատարաններն էլ:
Հ. ԱԴԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ