Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գարանտ-Լիմենս»-ը ՃԵ-ի նոր կանոննե՞ր է սահմանում

Սեպտեմբեր 05,2012 14:12

Այս ապահովագրական ընկերությունը հրաժարվում է վարորդին փոխհատուցել՝ պատճառաբանելով, որ վթարի արդյունքում մեղավորներ չկան:

ԿԱՄԱԶ-ը բախվել է միկրոավտոբուսին, սակայն ԱՊՊԱ-ն գտնում է, որ մեղավորներ չկան:

Ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություններն իրենց պրակտիկայում նոր գործելաոճ են որդեգրել եւ ձեւը գտել ճանապարհատրանսպորտային վթարի արդյունքում տուժած մեքենայի տիրոջը չվճարելու: Իհարկե, այս մոտեցումը կիրառվում է միայն հասարակ քաղաքացու նկատմամբ, ում բողոքելու արդյունքում արդարության հասնելու հավանականությունը շատ նվազ է: Վերջերս ԱՊՊԱ ծառայություն մատուցող «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունը քաղաքացուն, որի՝ կանգնած վիճակում գտնվող մեքենային եկել-բախվել է պաշտպանության նախարարությանը (ՊՆ) պատկանող վառելիք տեղափոխող մեքենան, պատասխանել է, թե ճանապարհատրանսպորտային վթարի արդյունքում մեղավորներ չկան, հետեւաբար փոխհատուցում չի հասնում: Մինչդեռ վթարի արդյունքում թիվ 98 միկրոավտոբուսի վարորդ Հենրիկ Բարսեղյանը 400 հազար դրամի նյութական վնաս է կրել: Մոտ 300 հազար էլ ավտոմեքենայի չաշխատելու պատճառով է զրկվել եկամտից եւ մնացել անգործ: Ավտոպատահարը տեղի է ունեցել Բաբաջանյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում: «Հակո» ՍՊԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի թիվ 98 միկրոավտոբուսը խաչմերուկն անցել է ու կանգնել: Այդ պահին պաշտպանության նախարարության բեռնատար ԿԱՄԱԶ-ը, մեկ այլ ավտոմեքենայից «փախցնելով», հարվածել է միկրոավտոբուսին, ինչի հետեւանքով երթուղայինն իր հետեւի անիվով բարձրացել է եւ, այսպես ասած, նստել ԿԱՄԱԶ-ի առջեւի անիվին:

Այս բոլոր մանրամասները նկարագրված են փորձագիտական եզրակացությունում, սակայն, չգիտես ինչու, փորձագետները եկել են այն եզրակացության, որ վթարի համար մեղավորներ չկան: ՊՆ-ի ավտոմեքենան ապահովագրված է «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությունում, եւ վերջինս էլ քաղաքացուն հայտնել է, որ հրաժարվում է փոխհատուցում տալ: «Հակո» ՍՊԸ-ին պատկանող միկրոավտոբուսն ապահովագրված է «Ինգո Արմենիա» ընկերությունում, որի մասնագետները միանշանակ եկել են այն եզրակացության, որ մեղավորը ԿԱՄԱԶ-ի վարորդն է: Հենրիկ Բարսեղյանի պատմելով՝ երբ վթարը նոր էր տեղի էր ունեցել, «Գարանտ-Լիմենս»-ի աշխատակիցները, տեղում լինելով, եկել են այն համոզման, որ մեղավորն իրենց հաճախորդն է՝ ԿԱՄԱԶ-ի վարորդը: ԱՊՊԱ-ի աշխատակիցները նույնիսկ հաշվարկել են ու Հ. Բարսեղյանին ասել, որ ԿԱՄԱԶ-ի պատճառած վնասը կազմել է 420 հազար դրամ, որից որոշակի տոկոս դուրս է գալու միկրոավտոբուսի մաշվածության գումարը՝ կազմելով 361 հազար: Սակայն, ըստ Հ. Բարսեղյանի, օրեր անց ԿԱՄԱԶ-ի վարորդի վրայից պատասխանատվությունը հանել են՝ պարզաբանելով, որ մեղավորներ չկան: Հենրիկ Բարսեղյանի խոսքերով. «Դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ին, եւ 50 օր ձգձգեցին պատասխան տալը: Դեռ մի 10 օր էր անցել վթարից, «Գարանտ-Լիմենս»-ի ԱՊՊԱ-ի աշխատակիցները ասացին, որ ավտոմեքենաս հանկարծ չվերանորոգեմ, ձեռք չտամ, գալու են փորձագիտական կենտրոնից էլի նկարեն, սակայն անցել է 50 օր՝ ոչ եկան, ոչ էլ նկարեցին: Հունիսի 28-ին ինձ կանչել-ասում են՝ ստորագրեք, որ իբր ես այդ թուղթը մայիսի 25-ին եմ ստացել, բայց ես հրաժարվեցի ստորագրել:

52-րդ օրը նրանց իրավաբանն ասաց, որ չեն կարողանում գտնել, թե ով է մեղավոր: Պարզ տրամաբանություն է, ես կանգնած եմ եղել ոչ արգելված վայրում, եւ ԿԱՄԱԶ-ը եկել է ինձ հարվածել: Գուցե պատճառն այն է, որ զինվորական մեքենա է, եւ կարողացել են հարցերը լուծել, իսկ ես սովորական քաղաքացի եմ, ինչպես ուզում՝ վարվում են: Մոտ 700 հազար դրամի պարտք ունեմ այսօր, ոչ մեքենայի փոխհատուցումը տվեցին, ոչ էլ որեւէ մեկը պատասխան կտա իմ չաշխատած օրերի համար կուտակված 300 հազար դրամ պարտքի համար. օրվա եկամուտը գնում է պարտք փակելուն»:

Ի դեպ, վթարը սպասարկել են ոչ թե ճանապարհային ոստիկանները, այլ ռազմական ոստիկանության հետաքննության բաժինը: Հենրիկ Բարսեղյանի խոսքերով՝ ինքն անմիջապես ահազանգել է ճանապարհային ոստիկաններին, սակայն նրանք հրաժարվել են ժամանել դեպքի վայր՝ պատճառաբանելով, որ եթե ռազմական ոստիկանները եկել են, իրենք այդտեղ անելիք չունեն:

«Առավոտի» հետ զրույցում մասնագետները նշեցին, որ ռազմական մեքենայի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվելու դեպքում եթե ռազմական ոստիկանները ներգրավվում են, ճանապարհային ոստիկանների ներկա գտնվելը պարտադիր չէ, բավական է միայն վթարի գրանցումը այդ կառույցի կողմից:

Սակայն ինչ վերաբերում է նրան, թե մեղավորներ չկան, ապա մասնագետները «Առավոտի» հետ զրույցում փաստեցին, որ ճանապարհատրանսպորտային վթարի ժամանակ միշտ որեւէ կողմը մեղավոր է: Ըստ նրանց՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումն է, որն առաջացնում է վթար. «Եթե ինչ-որ խոչընդոտից փախցրել է մեքենան, ու վթար է տեղի ունեցել, ինքը, միեւնույն է, մեղավոր է, քանի որ բախվում է մեկ այլ մեքենայի: Ըստ ՃԵ կանոնների՝ վարորդը պարտավոր է երթեւեկության ընթացքում պահպանել այնպիսի արագություն, որ դիմացից, հետեւից ու կողքից ընթացող մեքենայից պահպանի միջին տարածություն, որպեսզի հանկարծակի հայտնվելու դեպքում հնարավորություն ունենա խուսափել բախումից»,- պարզաբանեց Ճանապարհային երթեւեկության կանոններին քաջատեղյակ մասնագետը:

Հենրիկ Բարսեղյանի խոսքերով. «Ակնհայտ է զինվորական մեքենայի մեղավոր լինելը, եթե «Գազել» մեքենան կանգնած չլիներ եւ ընթացքի մեջ լիներ, «Գազելը» իներցիայով կընկներ ԿԱՄԱԶ-ի անիվի վրայից, բայց նկարներից էլ պարզ երեւում է, որ «Գազելը» խաչմերուկն անցած ու կանգնած է եղել: Եթե ԱՊՊԱ-ն չի գործելու, ինչո՞ւ ենք տարեկան այդքան մեծ գումարներ վճարում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930