Դեմկուսում առաջարկում են ԼՂՀ կազմավորման գործընթացը օրինական եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելու մասին որոշում կայացնել:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում կոնկրետ հետեւություններ են արել հայ սպային կացնահարած ադրբեջանցուն՝ Ադրբեջանին վերադարձնելուց եւ դրան հաջորդած իրադարձություններից եւ, որպես արդյունք, ՀՀ ԱԺ-ին են ներկայացրել իրենց առաջարկները՝ ԼՂՀ կազմավորման գործընթացը օրինական եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելու մասին որոշում կայացնել: Խորհրդարանին ուղղված նամակում հիմնավորված են, թե որքանով եւ որ իրավական ակտերին է համապատասխանում առաջարկը: «Դրանով նաեւ մենք այլ միջազգային սուբյեկտներին ենք հնարավորություն տալիս ճանաչելու ԼՂՀ-ն: Հակառակ պարագայում նրանք դա անելու որեւէ հիմք չունեն»,- «Առավոտի» հետ զրույցում իր պարզաբանումները ներկայացրեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Ի դեպ, երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն արդեն երկրորդ անգամ է շրջանառության մեջ դրվում: «Ղարաբաղի ճանաչման հարցն օրվա հարց է: ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»,- Aravot.
am-ի հետ զրույցում, նկատի ունենալով վերջին իրադարձությունները, իրենց քայլը հիմնավորել էր խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Խորհրդարանից Արամ Սարգսյանին տեղեկացրել են, որ իրենց ներկայացրած նախագիծն ուղարկվել է ԱԳՆ, որպեսզի համապատասխան եզրակացություն ստանան: «Բայց ես կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ շատ արագ է պետք քննարկել եւ միանգամից քայլեր կատարել»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ այս հարցում իրենք միակը չեն. «Մեր առաջարկի հետ շատ է առնչվում նաեւ «Հայաստանի քաղաքական եւ գիտության ասոցիացիայի» առաջարկը, որը ներկայացրել է ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը՝ հղում անելով նրան, որ ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում 2010-ի դեկտեմբերին կատարվել են համապատասխան փոփոխություններ, որը մեզ իրավունք է տալիս կազմավորումների հետ պայմանագիր կնքել: Բայց մինչ այդ մենք պետք է ճանաչենք, որ կազմավորումը ձեւավորվել է օրինական, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան»:
Ինչ մնում է բանակցային գործընթացի հետագա շարունակությանը, Արամ Սարգսյանը նկատում է. «Փոխզիջումային բոլոր հնարավորություններն Ադրբեջանն ուղղակի «ջրեց» իր այդ քայլով: Ինքն իր մոտեցմամբ ինչ որ արեց այդ պահին, արդեն հնարավորություն էլ չի տալիս, որպեսզի մենք խոսենք ինչ-որ փոխզիջումների մասին: Ուստի, այո, հիմա մենք միանշանակ պետք է սառեցնենք բանակցային գործընթացը, մինչեւ չստանանք համապատասխան լուծում այն հարցերի, որը մենք ենք առաջարկում»: Բացի դրանից, Դեմկուսի նախագահը նաեւ գտնում է՝ ժամանակն է, որ միջազգայնորեն ճանաչվելու համար ԼՂՀ-ն Հայաստանի կողմից հնարավորություններ ստանա. «Դեռ միջնորդված Հայաստանը պետք է ներկայացնի ԼՂՀ-ի պահանջները եւ կարգավիճակի հետ կապված հարցերը, որպեսզի դրանից հետո արդեն որպես ճանաչված սուբյեկտ, ներկայացնի սեփական շահերը»:
Արամ Սարգսյանը չի կարծում, որ միջազգային հանրության արձագանքը դեկլարատիվ բնույթ ունի, եւ ընդամենը կրավորական հայտարարություններ հնչեցին. «Խնդիրն այն է, թե Հայաստանն ի՞նչ քայլերով է հասնելու նրան, որպեսզի այս հարցը դառնա միջազգային այս կամ այն ատյանի քննության առարկա: Օրինակ՝ ես գտնում եմ, որ պետք է նույն Եվրախորհրդի խորհրդարանական եւ ՆԱՏՕ-ի վեհաժողովներին միանգամից հարցապնդում անել եւ պահանջել, որպեսզի նրանք քննարկեն այս հարցը: Հայաստանն իր դիվանագիտական ատյանների հնարավորությունները բացարձակ չի օգտագործում: Իսկ ո՞ւր էր մեր ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, անվտանգության խորհուրդը… վերջիվերջո այդ կառույցները պարտավոր էին այս ամենը նախապես իմանալ եւ համապատասխան կանխարգելիչ քայլեր իրականացնել: Եվ եթե մենք ենք կրավորական դիրքորոշում ունեցել, ի՞նչ ենք պահանջում մյուսներից: Եթե մենք ենք փաստի առջեւ կանգնել… նրանք էլ են փաստի առջեւ կանգնել: Առավել եւս, որ նրանք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են անել այնպես, որ այստեղ պատերազմ չլինի: Բոլորը շատ լավ հասկանում են, որ պատերազմական ցանկացած գործողությունն այս տարածաշրջանում շատ մեծ հրդեհ է: Դրա համար ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ի՞նչ կերպ ենք հարցին մոտենալու»: Արամ Գասպարիչը հիշեցնում է, որ իրենք քանիցս ասել են այն մասին, որ պետք է լինի սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի մի կառույց, համակարգող մի խորհուրդ, որն ազգային հիմնահարցերի վերաբերյալ իրականացնի միանման քայլեր, լոբբինգ, իսկ մնացյալ հարցերում թող լինեն ինքնուրույն: «Լոբբինգի կազմակերպման տարրական խնդիր կա, ինչն առ այսօր Հայաստանը չի արել: Դժվար չէ համահայկական կազմակերպությունների ղեկավարների խորհուրդ ձեւավորելը եւ նրանց հետ պայմանավորվել մեր բոլոր քայլերը, ինչի դեպքում մեր գործողությունները հուժկու կլինեն եւ տեղ կհասնեն: Իսկ հիմա ցաքուցրիվ քայլեր ենք անում: Նման պարագայում օրինաչափ է միջազգային հանրության արձագանքը»,- ասաց մեր զրուցակիցը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ