Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

Սեպտեմբեր 05,2012 14:04

Հարգելի՜ գործընկերներ, լինում են իրադարձություններ, որոնք շրջադարձային են. 180 աստիճանով փոխում են իրերի դասավորությունը, ստեղծում նոր իրավիճակ։ Մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին և նրա ազատ արձակումն այդպիսին էր։

Հունգարիայի և Ադրբեջանի միջև դավադիր պայմանավորվածությունները պետք է դիտարկել բարոյական և քաղաքական հարթություններում։

Ադրբեջանի բարոյական նկարագիրը գոնե մեզ համար նորություն չէր։ Ադրբեջանա-թուրքական գենում ամրագրված է սպանելը, թալանելը, բնաջնջելն ու խաբելը։ Մենք հո լավ գիտենք դա։ Դաժան մարդասպանին ներում շնորհելով ու հերոսացնելով՝ Ադրբեջանը միջազգային հանրությանը շառաչուն ապտակ հասցրեց։ Ադրբեջանը ոտնահարեց համամարդկային արժեքներն ու մարդու համընդհանուր իրավունքները՝ ասելով՝ ես թքած ունեմ ձեր արժեհամակարգերի վրա։

Անկասկած է, որ տեղի ունեցածը նախօրոք ծրագրված է եղել ադրբեջանական և հունգարական իշխանությունների կողմից, հովանավորվել է պետական ամենաբարձր մակարդակներով և իրականացվել գերգաղտնիության պայմաններում։ Նորագույն պատմության մեջ սա ամենախայտառակ գործարքներից մեկն է։

Անկասկած է նաև, որ Հունգարիայի իշխանությունների տեսակը Եվրոպայում մեծամասնություն չէ։ Քաղաքակիրթ աշխարհում գերակա են համամարդկային արժեքներն ու մարդու իրավունքները։ Եվ որպեսզի այդ արժեքները չպարտվեն ավելի կենսունակ բարոյազրկությանը, անհրաժեշտ է միջազգային կառույցների, գերտերությունների և միջազգային հանրության խիստ քննադատությունը։ Ե՜վ Ադրբեջանը, և՜ Հունգարիան պատասխան են տալու իրենց հանցավոր գործարքի համար։ Եվրոպան չպետք է թույլ տա, որպեսզի ադրբեջանական նենգ խաղի կանոններն ընդունվեն ու հաստատվեն իր սահմաններում։

Մեր պատկերացրած Եվրոպան բոլորովին այլ է։ Մեր պատկերացրած եվրոպական արժեքները բոլորովին այլ են։ Եվ առաջին հերթին Եվրոպան պետք է հարգի իր սկզբունքները։

Ադրբեջանա-հունգարական այս պատմությունը դաս էր նաև Ադրբեջանի հետ բարեկամություն անող երկրների համար։ Սաֆարովի դեպքը շատ լավ հնարավորություն է՝ աշխարհի առջև ևս մեկ անգամ պատռելու Ադրբեջանի դիմակը և ցույց տալու նրա իրական դեմքը։ Այժմ Հայաստանը կարող է շատ կտրուկ քաղաքականություն վարել, ինչը և լավագույնս արվում է հանրապետության նախագահի կողմից։

Իրականում այսքանից հետո դժվար թե գտնվի որևէ պետություն կամ անձ, որ առաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ադրբեջանի կազմի մեջ։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք մի քանի առաջարկություններ ևս հնչեցնել։ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Առաջարկել ՄԱԿ-ին կասեցնել Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ոչ մշտական անդամությունը։ Միջազգային հանրությունը խստորեն պետք է դատապարտի, պատժի և թույլ չտա Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված քվոտաների և ոչ մի խախտում, ինչը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև՝ բանակցային գործընթացին։

Ես կոչ եմ անում հայաստանյան կառույցներին՝ խզել Հունգարիայի հետ կապերը բոլոր մակարդակներում։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները չեն մասնակցի սեպտեմբերի 16-ից Բուդապեշտում մեկնարկող մի շարք ծրագրերի։

Ես ուզում եմ նաև իմ շնորհակալական խոսքն ուղղել մեր համակարգչային մասնագետներին՝ կիբեր տարածքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար։ Նրանք ապացուցեցին, որ մենք հաղթում ենք ոչ միայն ռազմի դաշտում, այլև տեղեկատվական պատերազմներում։

Այժմ՝ մի քանի խոսք այս ամենից ներքաղաքական դիվիդենտներ շահելու փորձ անող ուժերին։ Հարգելինե՜րս, ընդունված խոսք է՝ բաժանիր, որ տիրես։ Այս սկզբունքը, որպես կանոն, բանեցնում են թշնամիները՝ հակառակորդին ջլատելու և հաղթելու համար։ Այս պարագայում ինչո՞վ եք տարբերվում թշնամուց կամ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում։ Ձեզ հավանաբար ձեռնտու չեն Հայաստանի իշխանությունների համարժեք ու կոշտ քայլերը։

Հայոց պատմության մեջ շատ են դրվագները, երբ ամենավճռական պահերին անմիաբանությունը, խռովություններն ու ներքին պառակտումները հանգեցրել են կործանման։ Ցանկացած իրավիճակից ճիշտ ելքեր գտնելու և այն ազգային շահին ծառայեցնելու համար պահանջվում է միասնություն, համախմբում և սառը դատողություն: Ահա այսպես միայն կարող ենք հաղթել արտաքին թշնամուն։ Մենք այդ ճանապարհին ենք։ Եթե չեք ցանկանում մասնակից լինել պայքարին, գոնե մի խանգարեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930