Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետություն եւ իշխանություն հասկացությունները պետք է կոնկրետացվեն»

Սեպտեմբեր 05,2012 13:50

Ասում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ պետության եւ իշխանության վերաբերյալ հայ հասարակությունն ունի թյուր ընկալում՝ հաճախ նույնացնելով իշխանությունը պետության հետ:

«Իշխանությունից դժգոհելու փոխարեն հաճախ մարդիկ դժգոհում են պետությունից եւ, որոշ դեպքերում, գովում են իշխանությանը, հպարտանում են իշխանությամբ, բայց ոչ պետությամբ»:

Իրավիճակի շտկման ելքն էլ պատգամավորը տեսնում է այս երկու հասկացությունների կոնկրետացման ու հստակեցման մեջ:

«Պետություն եւ իշխանություն հասկացությունները պետք է կոնկրետացվեն, հստակեցվեն, եւ պարզաբանվի, որ իշխանությունը տվյալ պահին գործող պետական կառավարման բնագավառներում կառավարում իրականացնող այն մարմիններն են, քաղաքական ուժերն են, որոնք իրականացնում են քաղաքականությունը, իսկ պետությունը մեր պետությունն է, որն արդեն 20 տարեկան է»,- ասում է պատգամավորը:

Ըստ նրա՝ պետության հզորացման գործում անմասն չէ նաեւ քաղաքացիական հասարակության դերը:

Նա կարծում է, որ երկրի զարգացման համար կարեւոր է ունենալ նաեւ դեմք ունեցող հասարակություն, որն առաջնորդվում է որոշակի սկզբունքներով ու ժողովրդավարական արժեքներով:

«Այս պարագայում իշխանություններից դժգոհելու խնդիրը կլուծվի, որովհետեւ հասարակությունը կլինի քաղաքացիական հասարակություն, անընդհատ վերահսկողության տակ կպահի իշխանությանը եւ չի դժգոհի պետությունից: Այս անցումային փուլում պետք է մարդիկ հասկանան, որ պետական ընտրված պաշտոնյան իրենց կառավարիչը չէ, այլ իրենց ծառան է, ով վճարվում է իրենց հարկերի հաշվին»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երբ հասարակությունը անընդհատ հանդես չի գալիս իր պահանջներով եւ չի աշխատեցնում պաշտոնյային, վերջինս ժամանակի ընթացքում իրեն սկսում է զգալ ֆեոդալի կարգավիճակում: «Հասարակությունը պիտի իր պահանջներով անընդհատ հանդես գա եւ այդ մարդուն աշխատեցնի: Երբ հասարակությունը, այսինքն՝ պահանջարկը ներքեւից սկսում է թուլանալ կամ ընդհանրապես չի լինում, այդ մարդը զգում է իրեն ֆեոդալի կարգավիճակում»,- եզրափակում է ԱԺ պատգամավորը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930