Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը Ռամիլ Սաֆարովից երկյուղած է»

Սեպտեմբեր 05,2012 13:46

Նման «ներքին զգացողություն» ունի ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

– «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը երեկ կրկին խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ի՞նչ կտա ԼՂՀ-ն ճանաչելու Հայաստանի քայլը հիմա: Դա, Ձեր կարծիքով, ճի՞շտ քայլ կլինի:

– Չեմ կարծում, թե «Ժառանգության» նախաձեռնությունը կքննարկվի: Ուստի ձեռնպահ եմ մնում ենթադրական «զարգացումների» շուրջ դատողություններից:

– Այս օրերին առաջարկներ եղան նաեւ բանակցային գործընթացը դադարեցնելու մասին, սակայն ՀՀ արտգործնախարարի՝ երեկ արած հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ԼՂՀ հարցով բանակցային գործընթացը շարունակվելու է: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Արդեն ասել եմ, որ չափազանց դժվար է լինելու բանակցել ցանկացած մակարդակի ադրբեջանցի պաշտոնյայի հետ: Բայց եւ ավելացրել եմ, որ քաղաքականությունը զգացմունքների ոլորտից չէ: Մնում եմ այդ տեսակետին: Ավելին, ինձ թվում է՝ դա նաեւ արժանապատվության խնդիր է՝ կարողանալ դիմացինի հետ դեմ առ դեմ հանդիպմանը նրան կոչել իր իսկ անունով: Իսկ առհասարակ, ի՞նչ է նշանակում խզել բանակցությունները: Հետո՞: Դիվանագիտությունը անձերի հարաբերության խնդիր չէ: Ամեն ինչից վեր է պետական շահը: Իսկ դա պահանջում է մինչեւ վերջ սառնասիրտ եւ սթափ մնալ:

– Երեկ նաեւ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ԱԳՆ-ն է հայտարարել, որ Ադրբեջանի որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերը: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել բանակցային գործընթացում:

– Արտառոց՝ ոչ մի, եթե Իրանի հարցում ֆորս-մաժորային իրավիճակ չստեղծվի:

– Միջազգային հանրության արձագանքը ադեկվա՞տ եք համարում կատարվածին, եւ ի՞նչ կարող է հիմա փոխվել այդ հայտարարությունների արդյունքում: Դրանք այդպես էլ հայտարարությո՞ւն կմնան, թե՞ իրավիճակ կփոխվի:

– Միջազգային հանրության հրապարակային արձագանքը գնահատում եմ ոչ ադեկվատ: Սակայն չեմ բացառում, որ Ադրբեջանը մի տեւական ժամանակ խնդիրներ կունենա: Իրավիճակ, իհարկե, կարող է փոխվել: Գիտե՞ք, ես մի ներքին զգացողություն ունեմ, որ Իլհամ Ալիեւը Ռամիլ Սաֆարովից երկյուղած է: Վերջին տարիներին մարդասպանը «գրողական հակումներ» ուներ: Հնարավոր է՝ Իլհամ Ալիեւը զգուշացել է, որ նա կարող է «չափազանց շատախոսել», եւ ամեն ինչ արել է՝ լռեցնելու Սաֆարովին: Չէ՞ որ հունգարական բանտում գտնվելով՝ նա շատ ավելի մեծ ազատություն էր վայելում, քան հիմա՝ Բաքվում:

– Կիսո՞ւմ եք տեսակետը, որ Սաֆարովի էքստրադիցիան ԱՄՆ-ՌԴ խաղն է:

– Ոչ: Ոմանք ասում են՝ դա արվել է, որպեսզի Հայաստանը «Ադրբեջանին պատերազմ հայտարարի», ուրիշները Սաֆարովի էքստրադիցիան կապում են Իրանի հանդեպ ԱՄՆ ծրագրերի հետ: Իհարկե, ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Ելնելով «անմեղության կանխավարկածից»՝ ինքս էլ համարձակվում եմ ենթադրել, որ հարցի «լուծումը» գտնվել է Հունգարիա-Ադրբեջան գործարքի հարթությունում: «Միջնորդներ», գուցե թե, եղել են: Ամենահետաքրքրականն այն է, որ ադրբեջանցիները գրեցին, թե ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան «առանց ԱՄՆ-ի համաձայնության չէր համարձակվի գնալ այդ քայլին»: Նման դեպքերում սովորաբար բաց տեքստով ոչինչ չի ասվում, մանավանդ՝ Ադրբեջանի նման երկրում, որտեղ ցանկացած խոսք ենթարկվում է պետական ցենզուրայի:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930