Այսօր «Հենարան» ակումբում կայացավ Արցախի հերոսամարտի հերոսների մասին պատմող դոկումենտալ ֆիլմաշարի «Մարտը ընդունում ենք» առաջին ֆիլմի շնորհանդեսը: Ազատամարտիկ-կինոռեժիսոր, դոկումենտալիստ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով, այս ֆիլմը Մարտակերտում ընթացող դեպքերի եւ ազատագրական «Արաբո» ջոկատի մասին է:
Սա ռեժիսորի միակ ֆիլմը չէ. «Ունեմ ավելի քան 20 ֆիլմ` նվիրված արցախյան հերոսամարտին: Ֆիլմաշարի գաղափարը եղել է վաղուց: Ունեի կուտակած նյութեր, եւ որոշել էի դրանցով ֆիլմ անել: 1989 թվականին երեք ընկերներով որոշեցինք ջոկատ մտնել, հավաքեցինք զենքեր եւ նկատեցինք, որ կա «Արաբո» անունով ջոկատ: Նրանք մեզ հոգեհարազատ էին: Բոլորի նման ես էլ կռվում էի տղաների հետ: Մասնագիտությամբ ռեժիսոր էի ու ցանկանում էի, որ այդ տեսարանները չկորեն»:
Հովհաննիսյանը հիշում է, որ այդ ժամանակ տեսախցիկ գտնելը շատ դժվար է եղել: Նա ընկերներին խաբել ասել է, թե իբր ծնունդ պետք է նկարի, հակառակ դեպքում չէին տա:
«Մի անգամ եղավ, որ օդուժն էր հարձակվել: Պաշտպանվելու համար մտանք փակ տեղ, եւ տեսա, որ տեսախցիկը գետնին է մնացել: Վազեցի հետ ու վերցրեցի: Այդպես շատ բան կարողացա նկարել եւ պահպանվել: Չէի կարող դուրս չհանել մեջիցս դրանք»:
Ֆիլմաշարի առաջին հերոսը եղել է Համլետ Գալստյանը: Իրեն ջոկատում համարել են տարեց մարդ եւ անդամները լսել են նրա բոլոր խորհուրդները:
Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը ցանկանում է բոլոր հերոսների մասին նման ֆիլմեր նկարել, քանի որ նրանք կանգնել են եւ մինչեւ վերջ կռվել, զոհաբերելով իրենց կյանքը:
«Արցախի ջոկատի մասին քիչ է խոսվում, դրա համար էլ հետագա ֆիլմը, երեւի, դա կլինի: Ընդհանրապես այդ սերնդի մասին շատ քիչ է խոսվում: Ես ողջ եմ մնացել ու ցանկանում եմ խոսել նրանց մասին: Նրանք իրենցից արժեք ներկայացնող ֆիլմեր են: Սցենարները ես եմ գրում: Կա թիմ, որն ինձ օգնում է: Ֆիլմերը միայն արցախյան պատերազմների մասին չեն, կան նաեւ հայրենական պատերազմի վերաբերյալ ֆիլմեր:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ