Այսօր «Փաստարկ» ակումբում կայացավ ասուլիս Սաֆարովի ազատ արձակման թեմայով: Հյուրերն էին Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, արձակագիր Լևոն Հովհաննիսյանը, բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը և գրող ու հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը:
Երևանի գրողների միության հայտարարության բովանդակության մեջ նշված էր, որ Երևանի գրողների միությունը դատապարտում է հունգարական իշխանությունների որոշումը և Ադրբեջանի նախագահի հրամանագիրը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատություն շնորհելու մասին: Հայ գրողները այդ արարքը համարում են աննախադեպ ցինիզմի դրսևորում, ժամանակակից քաղաքականության և միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում:
Աբգար Ափինյանի խոսքով՝ վերջին իրադարձությունները ցնցեցին ողջ հասարակությանը, գրողների միությունը կոչ է անում ապացուցել հանրությանը ղարաբաղյան պայքարի արդարացիության մասին. «Վերջին օրերի իրադարձությունները պահանջ են դնում միասնական լինել, մենք այս պահին շահեկան դիրք ունենք Ադրբեջանի հանդեպ, Ադրբեջանի իշխանությունները կզղջան իրենց կատարած փոքր սխալի համար»:
Կարդացեք նաև
Հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը նշեց, որ հայը չի կարող ապրել ադրբեջանցու հետ. «Մի ժողովուրդ, ով քնածին է կացնահարում՝ մենք նման ազգի հետ իրավունք չունենք շփվել, այլևս իրենց կողմից մարդկություն չկա»:
Ըստ արձակագիր Լևոն Հովհաննիսյանի՝ հայը պահանջում է արդարություն, սակայն արդարություն գոռալով ոչնչի չի հասնի, անհրաժեշտ է գործ կատարել:
Բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանն էլ կարծում է, որ Սաֆարովը ադրբեջանցի ժողովրդի գագաթն ու հերոսն է, այդ ժողովրդին պետք է խղճալ: Միայն հույս ունի, որ այդքան վախկոտների մեջ կգտնվեն բանական մարդիկ:
Գրողների միության նախագահը վերջում հավելեց, որ անհրաժեշտ է միասնական ու ակտիվ աշխատանք. «Կա մարդկային չափանիշ, որը գործում է բոլորի համար: Մենք բացարձակ առավելություն ունենք Ադրբեջանի հանդեպ՝ քնած մարդուն կացնահարող ստահակի դուռը պետք է բախել»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ