Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի լռությունը վրդովվեցրել է հայ պատգամավորներին

Սեպտեմբեր 05,2012 12:55

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարության վերաբերյալ հարցը ներկայացնող Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ հայտարարության նախագծում ներառված չէ ԼՂՀ անվտանգության երաշխավորման Հայաստանի դերի մասին դրույթ, որին, ըստ պատգամավորի, պետք է հետեւի նաեւ Հայաստան-ԼՂՀ ռազմական դաշինքի կնքումը: Դաշնակցական պատգամավորը հարց հնչեցրեց նաեւ այն մասին, որ ՀՀ խորհրդարանը պետք է օգտագործի ՆԱՏՕ-ին դիմելու իր գործառույթը:

Ի դեպ, հանրապետական պատգամավոր Արտաշես Գեղամյանը իր ներկայացրած հարցերում եւ առաջարկներում նույնպես տարակուսանք հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մինչ օրս պահպանվող լռության մասին, մինչդեռ հայ սպա Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի հրավերով եւ հովանավորությամբ:

Արծվիկ Մինասյանը նաեւ հարց բարձրացրեց այս իրողության համատեքստում ամրագրել Հայաստան եւ Թուրքիա հետագա հարաբերությունները՝ ետ կանչելով Հայաստանի ստորագրությունը նախաստորագրված արձանագրություններից:

Անդրադառնալով բարձրացված հարցերին, Արտակ Զաքարյանը նկատեց, որ ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր է, որ ՆԱՏՕ-ն իր խոսքն ասի եւ հույս հայտնեց, որ առաջիկայում տեղի ունենալիք գագաթաժողովում նման հայտարարություն կարվի: Համենայնդեպս, նա հավաստիացրեց, որ Հայաստանն ամեն գնով փորձելու է հասնել դրան: Ինչ մնում է հայ-թուրքական արձանագրություններին եւ Թուրքիայի հետ հարաբերություններին, Արտակ Զաքարյանը պարզաբանեց, որ աշխատանքային խումբը նպատակահարմար չի գտել այս տեքստում դրանց անդրադառնալ, քանի որ հայտարարությունն այլ ուղղվածություն ունի:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին աշխատանքային խմբի երկօրյա քննարկումներից հետո էլ պարզ չէր դարձել, թե ինչու հիմա պահը չէ Հայաստանին կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար:

Արտակ Զաքարյանը նկատեց. «Պետք է կարողանանք չնպաստել տարածաշրջանային անկայունացմանը, ինչն էլ անում ենք եւ պետք է պահպանենք այն բոլոր ձեռքբերումները, որոնք մինչ օրս ունեցել են հայկական կողմերը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում»: Ինչ մնում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անվտանգության երաժշտավոր լինելուն, Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը եղել եւ մնում է. «ԼՂՀ-ն որեւէ կարգով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930