Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին շուկա բացել

Սեպտեմբեր 05,2012 12:05

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացավ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կինոյի փառատոն , որին մասնակցում էին երեք երկրների լրագրողներ, ռեժիսորներ, նկարիչներ, երգահաններ, կոնֆլիկտոլոգներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Փառատոնը կազմակերպել էր Ադրբեջանի «Համայնքների տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության կենտրոն» ՀԿ-ն եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (Հայաստան):

Միջոցառումը հովանավորել էր գերմանական «Ռոբերտ Բոշ» հիմնադրամը: Փառատոնի ամեն օր ցուցադրվում էր մեկ գեղարվեստական, երկու վավերագրական ֆիլմ, տեղի էին ունենում քննարկումներ, սեմինարներ :

Կինոփառատոնի փակման օրը ընթերցվեց մանիֆեստ, որտեղ նշվեց, որ Թեքալիում հարավկովկասյան կինոփառատոնը դառնալու է ավանդական, կազմակեպվելու են երեք երկրների ժամանակակից արվեստի տարբեր ոլորտների ստեղծագործությունների ցուցադրություններ: Թեքալի գյուղի բնակիչներից մեկը իր 4 հա հողը նվիրել է «Թեքալի» ասոցացիային: Մանիֆեստում նշվեց, որ արվելու է ամենայն հնարավորը եւ անհնարը, որպեսզի այդ հողի վրա, երեք երկրների սահմանին կազմակերպվի տոնավաճառ-շուկա:

«Առավոտի» թղթակիցը հարցրեց, թե որքանո՞վ է իրական նման շուկայի բացումը, դրա համար հարկավոր է երեք երկրների ղեկավարների համաձայնությոնը: Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի փիլիոսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովն ասաց, որ իրենք գիտակցում են այդ գործում դժվարությունները, որ միայն միասնական ջանքերով կարելի է հասնել տոնավաճառ-շուկայի բացմանը:

Կինոփառատոնի ժամանակ քննարկվեց նաեւ հակամարտությունների արմատները եւ դրանց հաղթահարման ուղիները:

Փառատոնը կայացավ խաղաղ, անկաշկանդ մթնոլորտում: Այդ ընդհանուր բարյացակամ մթնոլորտից դուրս էր երկու դրվագ-իրադարձություն: Փառատոնի բացման օրը՝ օգոստոսի 31-ին Ղաչաղանի մշակույթի տանը ելույթ ունեցողներից մեկը, մորուքավոր մի երիտասարդ ասաց, որ ինքը սահմանամերձ Թովուզի շրջանից է ,որ ինքն ապրում է իսլամի օրենքներով, հայերը իրենց շրջանի շատ բնակիչների են սպանել: Սակայն Ադրբեջանի մյուս ներկայացուցիչները համակրանքով չէին լսում նրա ելույթը, մեզ ասացին, որ մորուքավորը նախկինում նկարիչ էր, երկար մազեր ուներ, մինչեւ որ դարձավ իսլամի հետնորդ, արմատական հայացքների տեր:

Փառատոնում ցուցադրված ադրբեջանական գեղարվեստական ֆիլմերից մեկը էժան մարտաֆիլմ էր Ղարաբաղի պատերազմի մասին: Հայ լրագրողներիս` տողերիս հեղինակի եւ Յուրա Մանվելյանի հարցադրումների վերաբերյալ, թե գեղարվեստական ի՞նչ արժանիքներ ունի այդ ֆիլմը եւ ինչո՞ւ է ցուցադրվում նման փառատոնում, ադրբեջանցի կինոգետ Այգուն Ասլանլին ասաց, որ տեխնիկական շփոթմունք է, որ այդ օրն այլ ֆիլմ պիտի ցուցադրվեր, իրենք շփոթել են տեսասկավառակները:

Ընդհանուր առմամբ, փառատոնի ֆիլմերն ունեին մարդասիրական ուղղվածություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930