Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ հատուկ սպասել են Սաֆարովի Բաքվում հայտնվելուն, որպեսզի…

Սեպտեմբեր 05,2012 11:54

Տեսարան Բուդապեշտից

Հունգարիայի կողմից Ռ.Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին հարուցել է հայ հասարակության իրավացի զայրույթը: Հունգարիայի կառավարության գործելաոճն արդարացման ենթակա չէ. նրանք պարտավոր էին հասկանալ, որ Սաֆարովը պատժի հետագա կրումից կազատվեր: Հանրահայտ հունգարացի հրապարակախոս, պրոֆեսոր Գաշպար Միկլոշ Տոմաշի բնութագրմամբ՝ «Բուդապեշտում այդ որոշումը կայացնողը խելքը թռցրել է: Հունգարիան ղեկավարում են աշխարհի անցուդարձից անտեղյակ, ագրեսիվ և անպատասխանատու ծերացած դեռահասները»:

Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության օգոստոսի 31-ին արված պաշտոնական հայտարարությունն առ այն, որ ըստ Ադրբեջանից ստացած հավաստիացումների, Սաֆարովը պետք է շարունակեր կրել պատիժը առնվազն մինչ բանտարկության 25-ամյա ժամկետի լրանալը, քննադատության չի դիմանում, քանի որ հաշվի չի առնվել գործի յուրահատկությունը: Դա հասկանում են նաև Հունգարիայում. մասնավորապես, նախկին արտգործնախարար և ԵՄ-ի հանձնակատար Լասլո Կովաչը նշել է, որ կառավարության պատասխանատուները պետք է իմանային Ադրբեջանում Սաֆարովին հերոսացնելու մասին և զգուշացրել, որ կառավարության կոպիտ սխալը կվնասի Հունգարիայի միջազգային հեղինակությանը, իսկ մեկ այլ նախկին արտգործնախարար և ԵՄ-ի հանձնակատար Պետեր Բալաժը նշեց, որ այդ գործով որոշումը պետք է համաձայնեցվեր Հայաստանի հետ: Հունգարիայից լրացուցիչ բացատրություն է պահանջել ԱՄՆ պետդեպարտամենտը, իսկ Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Սաֆարովի ներման կապակցությամբ:

Հարց է առաջանում. արդյոք հայկական դիվանագիտությունն ընդունա՞կ է ստեղծված իրավիճակին համարժեք գործել: Ադրբեջանցիների կողմից Սաֆարովի արտահանձնումը նախապատրաստելու մասին վաղուց էր հայտնի, մինչդեռ Հայաստանի պաշտոնյաներն իրավիճակային քաղաքականություն վարելու սովորության համաձայն գործի անցան միայն այն ժամանակ, երբ Սաֆարովն արդեն հայտնվել էր Բաքվում: Եվ դա այն դեպքում, երբ անգամ Հունգարիայի իշխող կոալիցիային մերձավոր «Magyar Nemzet» թերթի կայքում օգոստոսի 25-ին հայտնվեց «Կացնահարող մարդասպանը երիտասարդների համար օրինակ է ծառայում» վերնագրով մի հրապարակում, որում հղում կատարելով panarmenian.net-ի մի հրապարակման վրա մեջբերված էր Ադրբեջանի օբմուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի խոսքը. «Սաֆարովը պետք է երիտասարդների համար օրինակ ծառայի», նշված էր, որ Ադրբեջանը և Թուրքիան բազմիցս փորձել են հասնել Սաֆարովի հանձնմանը, ինչպես նաև մեջբերված էր հայկական ՀԿ-ների կոչը. «Մեր պարտքն ենք համարում կոչով դիմել Հունգարիայի հանրությանը և պետության պատասխանատուներին Սաֆարովին չհանձնել Ադրբեջանին, որտեղ նա անկասկած պատիժը չի կրի, այլ ազատության մեջ կհայտնվի և կմեծարվի որպես հերոս»: Հարց է առաջանում. եթե անգամ հունգարական լրատվամիջոցը panarmenian.net-ին էր հղում կատարել, ինչպե՞ս կարող էին Երևանում և Վիեննայում ՀՀ-ի դեսպանատանը չիմանալ ընթացող գործընթացի մասին:

Բացի այդ, վաղուց հայտնի էր, որ ադրբեջանցիները 2004 թ.` Գ.Մարգարյանի սպանությունից մի քանի ամիս անց, Հունգարիայում դեսպանատուն բացեցին և հետևողական կերպով աշխատել են իրենց նպատակին հասնելու համար: Հայաստանը նախկինի պես շարունակեց Հունգարիայի հետ հարաբերվել Վիեննայում գտնվող դեսպանատան միջոցով, այն դեպքում, երբ Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները գրեթե ամեն շաբաթ մասնակցել են Բուդապեշտում տարբեր կոնֆերանսների, պրեզենտացիաներ և մշակութային միջոցառումներ են կազմակերպել, ինչի շնորհիվ իրենց երկրի դրական պատկեր են ստեղծել և ապատեղեկատվություն տարածել, իսկ ամենակարևորը` տարբեր տեսակի կապեր են հաստատել, այդ թվում հայտնաբերելով իրենց օգնելու պատրաստակամ գործիչների: Հայաստանը դիվանագիտական աշխատանքի այդ կարևորագույն բաղադրիչներն անուշադրության էր մատնել:

Հայաստանի կառավարությունն այդ ողջ ժամանակահատվածում` անգամ օգոստոսի վերջին տասնօրյակում, երբ արդեն հայտնի էր Սաֆարովի մոտալուտ արտահանձնման մասին, որևէ լուրջ քայլ չձեռնարկեց, և օգոստոսի 31-ին կարծես հանկարծակիի գալով հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Տպավորություն է ստեղծվում, որ հատուկ սպասել են Սաֆարովի Բաքվում հայտնվելուն, որպեսզի դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու «հայրենասիրական» քայլին դիմեն: Եվ դա միակ անպատասխանատու և վնասակար քայլը չէր. Անվտանգության խորհրդի նիստից հետո Ս.Սարգսյանն ԱԱԾ-ի պետ Գ.Հակոբյանին հրապարակավ խնդրեց մնալ` հատուկ հանձնարարություն ստանալու համար: Կարծես թե, որոշակի աշխատանք կատարվեց հայլուրական քարոզիչներին ու մյուս հաստիքային հայրենասերներին ոգևորելու համար, մինչդեռ պետական շահին հասցրած վնասի չափը դեռ կերևա:

Հաստիքային հայրենասերներն իրենց երկար սպասեցնել չտվեցին` Հունգարիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի (որը Հայաստանի քաղաքացու սեփականություն է) վրա շարունակական հարձակումներով և Հունգարիայի դրոշն այրելով. որոշ լրատվամիջոցներ էլ պատվավոր հյուպատոսի գրասենյակը շարունակաբար դեսպանատուն են անվանում` կամ տարրական փաստեր ճշտելու անկարողության, կամ էլ կրքերն առավել բորբոքելու ցանկության պատճառով: Կարող է ստեղծվել այն տպավորությունը, որ որոշվել է «հայրենասիրական» հիստերիայի ալիք բարձրացնել` ի դեմս Հունգարիայի նոր «արտաքին թշնամու» կերպարի ստեղծմամբ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար (այս առումով խնդրահարույց են նաև որոշ ընդդիմադիր գործիչների հայտարարությունները):

Ի դեպ, դրոշի այրման մասին հաղորդագրություններում հունգարական լրատվամիջոցները շեշտում են, որ այն կազմակերպվում է ՀՀԿ-ի կողմից: Հավանաբար, ներքաղաքական խնդիրներ լուծելու ձգտումը անկարևոր է դարձնում անգամ այն, որ դրոշ այրողները ՀԱՄԱՍ-ի ֆանատիկոսներին են նմանվում:

Իսկ «հայրենասիրական» քարոզչությունը, միևնույն է, չի կարող ստիպել մոռանալ, որ հայոց բանակի սպաներ լեյտենանտ Արտակ Նազարյանը և մայոր Վահե Ավետյանը ադրբեջանցիների կողմից չեն սպանվել, և որ այդ սպանությունները կոծկելու ջանքերը ՀՀ ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից են գործադրվում, որ մարտի 1-ի մեղավորներին պատժելը հակասում է Հայաստանի իշխանավորների, ոչ թե Ալիևի շահերին, որ Պողոս Պողոսյանին սպանողները, ի տարբերություն Սաֆարովի, ոչ մի օր բանտում չանցկացրին:

Այս շարքը կարելի է երկար շարունակել, սակայն դրա կարիքը, թերևս, չկա: Եվ հունգարացիների ու ԵՄ-ի կողմից որոշակի քայլեր ակնկալելով հանդերձ` Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է գտնի այստեղի ագրեսիվ և անպատասխանատու ծերացած դեռահասներին չեզոքացնելու ուղիներ:

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Հեղինակը մասնագիտությամբ քաղաքագետ է, որը մի քանի անգամ հետազոտություններ կատարելու նպատակով՝ երկար ժամկետով մեկնել է Հունգարիա և այդ երկրում ընթացող գործընթացներին անմիջականորեն հետևում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930