Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Ակնհայտ է, որ չի արվել որեւէ գործողություն, որ կանխվեր»

Սեպտեմբեր 05,2012 11:21

Հատված նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցից:

 Պարոն Արզումանյան, հնարավոր չէ՞ր կանխել Սաֆարովի արտահանձնումը, մանավանդ որ հունգարահայ համայնքը հայտարարեց, որ արտահանձնումից 11 օր առաջ տեղյակ է պահել ՀՀ իշխանություններին, որ նման բան է սպասվում:

 

– Անշուշտ, սա մեր դիվանագիտական կորպուսի եւ ԱԳ նախարարության թերացումն է: Պետք է հետամուտ լինեին, ամեն ինչ անեին, հիմա հետին թվով ասել՝ հնարավոր էր կանխել, թե՝ ոչ, հնարավոր չէ, սակայն ակնհայտ է, որ չի արվել որեւէ գործողություն, որ կանխվեր, ակտիվություն չի ցուցաբերվել, ավելին, ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է դեսպանի հավատարմագրերի հանձնումը Հունգարիայի նախագահին, դրանով իսկ դիվանագիտական ներկայացվածություն չի եղել, եւ ձեր նշած փաստը, որ համայնքը տեղյակ պահել է, խոսում է այն մասին, որ անակնկալ չի եղել, ուղղակի համապատասխան, համարժեք քայլեր չեն ձեռնարկվել։ Սա այլ հարց է, որը պետք է քննարկել եւ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել։

Իսկ ի՞նչ է տալու Ազգային ժողովի հայտարարությունը։

– Այնպիսի արտառոց մի գործարք է տեղի ունեցել եւ այնպիսի ցինիզմով է Ադրբեջանի նախագահը հանցագործին հերոսացնում, որ այստեղ անհրաժեշտություն կա քննարկելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ մեր միասնական մոտեցումը ցուցաբերելու։ Կարծում եմ, դա է պատճառը, որ հիմա աշխատանքներ են տարվում տեքստի վրա, աշխատում են տարբեր խմբակցություններ։ Ի վերջո, նպատակը լինելու է կոնսենսուսով այնպիսի ձեւակերպումներ գտնել, որպեսզի պարզ լինի, որ այս արտառոց դեպքը առաջացրել է հայկական քաղաքական ողջ սպեկտրի ցասումը։

– Ի՞նչ է պետք անել հետագայում։

– Պետք է ամեն կերպ ձգտել, որ տարբեր միջազգային ատյաններում այս հարցը արծարծվի, հստակ գնահատականներ տրվեն, մենք դիմելու ենք բոլոր խորհրդարաններին, որ գնահատական տան, դատապարտեն այս իրողությունը, ՄԽ համանախագահ երկրները արդեն հայտարարություն արեցին, բայց ակնկալիքները ավելի շատ են. պետք է հստակ քննարկվի՝ ինչ փոփոխություններ պետք է մտցվեն բանակցային գործընթացում, ինչ

առաջարկներ պետք է լինեն։ Սա իրավիճակ փոփոխող իրադրություն է, կասկածի տակ է դրվում Ադրբեջանի բարի կամքը՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ կոնստրուկտիվ քայլեր անելու վերաբերյալ։ Սա քայլ է, որը հստակ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը, եւ դա արվել է գիտակցված, արվել է հայատյացության եւ հակահայկական վերջին

տարիների քարոզարշավի ֆոնի վրա եւ շատ ցինիկաբար է արվել։ Այստեղ կա նաեւ Հունգարիայի կառավարության պատասխանատվության հարցը, որը պետք է գիտակցեր, նաեւ կանխատեսեր նման զարգացումները, բայց դա արդեն այլ թեմա է. պետք է փորձել այս իրողությունը հասցնել միջազգային

հանրությանը եւ հնարավորինս շատ համախոհներ ձեոք բերել։

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930