Լրահոս
Օրվա լրահոսը

Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ ԱԺ-ում քննարկվելիք հայտարարության նախագիծը

Սեպտեմբեր 05,2012 11:09

ՀՀ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի` օրակարգային մեկ հարցով: Այն է` “ՀՀ ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ” նախագիծ ընդունելու  մասին:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայնտի դարձավ, որ Հունգարիան էքստրադիցիայի է ենթարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին , որին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիեւը ներման է արժանացրել ու ազատել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հրավիրեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ հայտարարեց  Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու մասին հարցը ԱԺ-ում քննարկելու անհրաժեշտության մասին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշումը:

Խորհրդարանում այսօր քննարկվելիք հայտարարության նախագիծը ներկայացնում ենք ստորեւ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ՍՊԱ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՆԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋԻՆԻՍ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

– Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին՝ 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սահիբ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,

– Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել  մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը,

– Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը եւ այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում  եւ հերոսացվում էր, ուստի եւ որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել եւ ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված  հանցագործությունները խրախուսելու համար,

– Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաեւ կոչումների ու տարատեսակ պարգեւների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսեւորում է միջազգային հանրության նկատմամբ,

– Համարելով, որ այս հանցագործությունը հետեւանք է ադրբեջանական  իշխանություների կողմից պարբերաբար քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով  Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական իշխանությունները  ստանձնում են նրա հանցանքի համար պատասխանատվությունը,

– Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը  որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների եւ նորմերի ոգուն հակասող գործողություն.

Ազգային ժողովը հայտարարում է, որ

1. Հունգարիայի իշխանությունը եւս կրում է կատարվածի համար  պատասխանատվությունը, դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը եւ խորհրդարանական մակարդակով կասեցնում է  Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը եւ էլ ավելի է խորացնում իր սանձազերծած  հակահայկական թշնամանքի եւ ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները,   կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը:

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջեւ 2012թ օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների  համարժեք արձագանքը եւ համապատասխան հստակ գործողությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930