Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երեկ երկու ամսով կալանավորվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի և սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատել է Թումանյանի քննչական բաժնի պետ Ռուդիկ Ստեփանյանը։
«Pastinfo.am»-ը նախկինում տեղեկացրել էր, որ Ախթալայում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է Կարեն Խաչիկյանը /նա Վազգեն Խաչիկյանի եղբայրն է/. իսկ Էդգար Հախվերդյանը կալանավորվել է: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին Լոռու մարզի դատախազությունից, Արսեն Չիչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք, որ Oգոստոսի 30-ին Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Կարեն Խաչիկյանը գալով տուն, իմացել էր կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էին Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, հարուցվել էր քրեական գործ: