Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովում ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ Ադրբեջանի հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք հայկական պատվիրակությունը անդրադարձե՞լ է Սաֆարովի արտահանձնման հարցին: Պարոն Հարությունյանն ասաց, որ թե’ ինքը եւ թե’ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը իրենց ելույթներում բարձրացրել են այդ հարցը, մի շարք դիտողություններ են արել:
Մեր հարցին` իսկ որեւէ արձագանք այլ պատվիրակություններից եղա՞վ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Շատ տիպիկ եվրոպական արձագանք: Ուղղակի լռեցին բոլորը: Ես արդեն առիթներ ունեցել եմ ասելու, որ այդ կազմակերպությունը շատ կտրուկ գահավիժում է դեպի ներքեւ` մոռանալով բոլոր արժեքները եւ դառնալով միայն շահերի կազմակերպություն, դրանով եմ բացատրում այն, որ բոլորն էլ լուռ էին»: Փոխարենը Ադրբեջանի պատվիրակության անդամները փորձել են պատասխանել` պնդելով, որ այդ ամենում հայերն են մեղավոր:
Իսկ երեկվա ձեր ելույթը ԵԽԽՎ Բյուրոյում որեւէ արձագանք ունեցա՞վ` «Առավոտի» այս հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց.«Կուլուարային քննարկումներ կան, բայց առայժմ միայն այդքանը: Իհարկե, չմոռանանք, որ Մարդու իրավունքների հանձնակատարը անդրադարձավ այդ հարցին: (Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն էլ է դատապարտել Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում-Մ.Բ.): Բայց առայժմ այսքանը: Մենք շարունակելու ենք աշխատել»: Ավելի կտրուկ բաներ չե՞ք պատրաստվում ձեռնարկել`այս հարցին պարոն Հարությունյանը պաըտասխանեց.«Մեր արածը բավականին կտրուկ էր, էնպես չի, որ մենք հանգիստ էինք, մեր քայլերը բավականին կոշտ էին: Երեկվա իմ ելույթն էլ էր բավականին կոշտ, այսօր պարոն Ռուստամյանի ելույթը, իմ խոսքը… Բավականին կոշտ էին, բայց կարծում եմ, որ պահանջվում է որոշակի ժամանակ»:
Պարոն Հարությունյանը խոստացավ մանրամասները պատմել Երեւան վերադառնալուց հետո:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ