«Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր սպանության համար եւ ցմահ բանտարկված էր Հունգարիայում: Օգոստոսի 31-ին նա տեղափոխվեց Ադրբեջան եւ նրան անմիջապես ներում շնորհվեց: Չեմ ցանկանում մեկնաբանել խնդրի իրավական կողմը, սակայն անընդունելի եմ համարում, երբ դատապարտված մարդասպանին դիմավորում են հերոսի պես», – ասել է Տյորբյորն Յագլանդը:
«Ես ժխտում եմ այնպիսի աշխարհի հեռանկարը, որտեղ բարոյական նորմերը սկսում են մաշվել, իսկ մարդկային արժանապատվության հարգանքը մերժվում է: Սա այն Եվրոպան չէ, որը մենք ցանկանում ենք թողնել ապագա սերունդներին: Ես դատապարտում եմ հանցագործության նման հերոսացումը», – ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ այսօր Սաֆարովին ներում շնորհելու եւ մեծարելու առթիվ մտահոգություն էր հայտնել նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը: Նրա տարածած հայտարարության մեջ ասված էր. «Ռասիստական ցագործությունները չպետք է անպատիժ մնան: Բացի զոհերի և նրանց հարազատների վրա ունեցած ավերիչ հետևանքներից, դրանք կարող են աղետաբեր լինել նաև ամբողջ համայնքների համար և խարխլել հասարակության բուն հիմքերը: Պետությունները պարտավորություն ունեն՝ պատժամիջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր չարամիտ հանցագործություններ են կատարել»: Իսկ Ադրբեջանի կողմից մարդասպանի մեծարումը Հանձնակատարը մեկնաբանել է այսպես.«Այդ մարդու մեծարումն ու պարգևատրումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության՝ բոլոր ընդունված չափանիշերին: Ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների նման փառաբանումը կարող է միայն կոչ լինել, որ զոհի էթնիկ խմբին պատկանող մյուս մարդիկ «հեշտ թիրախ» են: Սա հույժ վտանգավոր պատգամ է»: Նա նաեւ ասել էր. «Շատ ցավալի է, երբ ինչ-որ մեկին, ով էթնիկական կամ ազգային հողի վրա սարսափելի սպանություն է գործել, ներողամտորեն են վերաբերվում, ինչը չի տարածվում այլ հանցագործների վրա: Նման մարդուն փառաբանելը եւ պարգեւատրելը նշանակում է անտեսել մարդու իրավունքների բոլոր ընդունված չափանիշները եւ իրավական նորմերը»: