Վերջին շրջանում կատարված անարդարությունը հայ ազգի եւ ողջ սփյուռքահայության զայրույթի, հատուցման պահանջի, արժանապատվության, անհանդուրժողական վերաբերմունքի ու ցասումի առիթ դարձավ:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Օգոստոսի 31-ին հայրենիք ժամանելուն պես նա ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։ Վերջինիս ներման շնորհումը լցրեց ողջ հայության համբերության բաժակը: Այն դարձավ ոչ միայն կառավարության, այլեւ շարքային ՀՀ քաղաքացու, մասնավորապես երիտասարդների բողոքի շարժառիթը, որը դրսեւորվում էր օրեր շարունակ երթերով: Թե ի՞նչ եւ ինչպիսի՞ լուծումներ են տեսնում երիտասարդները, այս խնդրի շուրջ, փորձեցինք պարզել հենց իրենցից: «Մենք չենք կարող հանդուրժել այն միտքը, որ հայի արյուն թափողը ազատության մեջ է: Եթե Հունգարիան նման որոշում է կայացրել` շատ լավ գիտակցելով, որ Հայաստանը կսկսի բոյկոտել, ուրեմն մենք հասել ենք նրան, որ մեզ ոչ ոք այլեւս լուրջ չի վերաբերվում, իսկ դա այսօրվա մեր կառավարության սխալ կառավարման արդյունքն է: Էն, ինչ ուներ հայ ազգը եւ ինչով մինչեւ այսօր հպարտանում էր, եղել է մինչև 1996 թվականը: Պետք է հզորանալ, որպեսզի պահանջդ արդյունքներ տա: Կարծում եմ, այս դեպքում պետք է հանգստություն պահպանել եւ ճիշտ դիվանագիտություն վարել»,-ասում է 27-ամյա Գեւորգ Պետրոսյանը:
Պատմաբան Հայկ Ավագյանի համար ողբերգական է ոչ թե դեպքը, այն, ինչ եղավ, այլ երեւույթը: Նա կարծում է, որ հայ ժողովուրդը պետք է պայքարի երեւույթի դեմ եւ ճիշտ ժամանակն է առաջ քաշել եւ ընթացքի մեջ դնել Լեռնային Ղարաբաղի հարցը.«Ադրբեջանն իր այս գործողությամբ սայթաքեց եւ սրանից չօգտվելն անմտություն կլինի մեր կողմից: Եթե Ալիեւը հայտարարում է, որ իր համար հայ սպանողն Աստված է, եթե Սաֆարովի ոճրագործությունը խրախուսվում է պետական մասշտաբով, ապա սա խոսում է այն մասին, որ այս երկիրն իվիճակի չէ բանակցությունների. նրանք ընդունակ են միայն դավադրության եւ վտանգված է ԼՂ-ի հայությունը»,-ասում է նա:
Երիտասարդները միաձայն հատուցում են պահանջում եւ չեն հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ոճրագործը ազատության մեջ է: Նրանց մի մասը կարծում է, որ ՀՀ կառավարությունը չպետք է պրովոկացիայի ենթարկվի, առայժմ պետք է մնա դիտորդի դերում եւ ամենակարեւորը` չկասեցներ Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը, քանի որ այն համարում են վերջին փամփուշտը, որը չպետք է կիրառվեր սկզբում: Իսկ մյուս մասը մեղադրական տոնով է հանդես գալիս: Նրանցից Արմեն Պետրոսյանն արտաբերեց ադրբեջանական արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւի խոսքը. «Մենք բարձր ենք գնահատում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերադարձի խնդրում հունգարական կողմի հետ մեր ունեցած համագործակցությունը: Մենք որոշ ժամանակ աշխատում էինք այս ուղղությամբ»: Այնուհետեւ հավելեց. «Իսկ ի՞նչ ենք արել մենք այդ ուղղությամբ»:
Այնուամենայնիվ երիտասարդները ճիշտ չեն համարում խոսելու եւ առհասարակ մտածելու այն մասին ինչ ժամանակին չի արվել ՀՀ իշխանությունների կողմից այս խնդրի շուրջ: Նրանք պնդում են, որ ժամանակն է սառը դատելու, խոհեմ լինելու, չենթարկվել տարատեսակ կամայականությունների եւ որ ամենակարեւորն է` ճիշտ դիվանագիտություն վարել:
Քրիստինա Միրզոյան