-Քանի՞ տարեկան պետք է լինել հեռագրի ցրիչ դառնալու համար,- ասաց Օգին:
-Տասնվեց,- ասաց Սփանգլերը:
-Ես ինը տարեկան եմ,- ասաց Օգին,- ինչո՞ ւ պետք է այդքան երկար սպասել: Տասնյոթ տարեկանում կարող ես նավատորմ ընդունվել:
-Դա օրենք է,- ասաց Սփանգլերը:
-Ինչո՞ւ են ստեղծվել բոլոր այդ օրենքները,- հարցրեց Օգին:
Սփանգլերը սկսեց հեռագրերը դասավորել:
-Ինչպես քեզ ասեմ,- պատասխանեց նա,- օրենքը նրա համար է, որ երեխաները չաշխատեն:
-Ինչո՞ւ,- ասաց Օգին:
-Որ չհոգնեն,- ասաց Սփանգլերը,- որ կարողանան խաղալ: Այդ օրենքը երեխաներին պաշտպանելու համար է:
-Պաշտպանելու ինչի՞ց,- հարցրեց Օգին:
-Ինչպես ասեմ,- ասաց Սփանգլերը,- պաշտպանելու ծանր աշխատանքից, պաշտպանելու տերերից, որոնք երեխաներին շատ են աշխատեցնում և քիչ վճարում:
Վիլյամ Սարոյան` հատված «Մարդկային կատակերգություն» վիպակից
Ղազարյան Շանթը 13 տարեկան է, բայց արդեն հասցրել է գումար աշխատել: «12 տարեկանում ես աշխատում էի Արգինայի այգիներից մեկում: Օրեկան 3500 դրամ փող էի ստանում և վերջում մոտ տասը հազար դրամ գումար վաստակեցի. դա իմ առաջին աշխատավարձն էր: Քանի որ ճագարներ շատ եմ սիրում և շատ էի ուզում ունենալ, աշխատածս գումարով ճագարներ գնեցի ու սիրով պահեցի»,- պատմում է Շանթը: Նա ասում է, որ իր արած աշխատանքը բարդ ու վտանգավոր չէր, ու ծնողները դեմ չեն եղել իր աշխատելուն: Շանթի համար գումար աշխատելը կարևոր պայման է ինքնուրույն և հասուն մարդ համարվելու համար: Նա էլ է դրան ձգտում: «Երբ ինքդ ես գումար աշխատում, քեզ ավելի մեծ ես զգում` անկախ տարիքիցդ»,- ասում է Շանթը: Նա դեռ չի որոշել, թե ինչով կզբաղվի հետագայում, ինչ մասնագիտություն կընտրի, բայց նախընտրում է խելք ու մտքի ուժ է պահանջող աշխատանքը, այլ ոչ թե` ֆիզիկական ուժ ու լարում: Այս ամառ Շանթը չի աշխատել, բայց նրա եղբայրը` 17-ամյա Նվերը, աշխատել է ծիրանի այգում և որպես օրինակելի և լավ աշխատող` մյուս աշխատողներից ավել գումար է ստացել:
Հարությունյաններ Սերգեյը և Հարություն զույգ եղբայրները 14 տարեկան են, գրեթե բոլոր գործերում միասին են, միշտ օգնում են միմյանց: Այս ամառ նրանք միասին աշխատել են Արգինայում` ծիրանի այգում: Պատմում են, որ դժվարությամբ են համոզել ծնողներին թույլ տալ աշխատել: «Ծնողներս վախենում էին, որ դաշտում օձեր ու կարիճներ կարող են լինել, որոնք մեզ կվնասեն, բայց մենք կարողացանք նրանց համոզել»,- պատմում է Սերգեյը: Նրանք աշխատել են 9 օր, օրը 8 ժամ, և ամեն օրվա համար ստացել 3000 դրամ աշխատավարձ: Եղբայրների համար նմանատիպ աշխատանք կատարելը ոչ դժվար էր, ոչ էլ անսովոր, քանի որ իրենց սեփական հողամասում էլ ամեն օր նմանատիպ աշխատանքներ են կատարում: Տարբերությունն այն է, որ տանը գումար չեն ստանում, իսկ ուրիշի հողամասում ստանում են: Չնայած ճարպիկները տանն էլ են կարողանում գումար աշխատել: Շանթը մեզ մի գաղտնիք բացեց, որը շատ զավեշտալի է: Պարզվում է, որ նա դեռ 8-9 տարեկանում իրենց տան հողամասում աշխատելու համար տատիկի կողմից վարձատրվել է: «Գումարը նախապես էինք պայմանավորվում, իսկ ստանում էի այն աշխատանքն անելուց հետո: Դրանք մեծ գումարներ չէին, բայց հաճելի է գիտակցելը, որ դա քո գումարն է, ու դրանով քեզ համար մի բան գնելը»,- ասում է Շանթը:
Սերգեյն ու Հարությունն արդեն որոշել են, թե ինչին կծառայի իրենց աշխատած գումարը: «Երկուսս էլ հեռախոս ենք ուզում գնել, մեր աշխատած գումարը կբավականացնի, որ մեր ուզած հեռախոսները գնենք և մի քիչ էլ տնտեսենք»,- ասում է Սերգեյը: Վերջինս առաջին անգամ գումար է աշխատել, երբ դեռ 13 տարեկան էր: «Ես մեկ օր գնացի եգիպտացորեն հավաքելու և ստացա 4000 դրամ: Դրանով ինձ համար սպորտային կոշիկներ գնեցի, նույնիսկ գումարից ավելացավ. մնացածը մայրիկիս տվեցի»,- ասում է Սերգեյը:
Եղբայրներն ուզում են ավտոճանապարհային ոստիկաններ դառնալ, պատրաստվում են իրենց ուսումը շարունակել քոլեջում: Նրանք դեռ կհասցնեն իրենց մասնագիտությամբ գումար աշխատել, բայց մանկության տարիների աշխատանքն ու վաստակածը երկար կհիշեն: Թեկուզ այն, որ երեխաները մեծերի պես ուսապարկեր են կրում, իրենց հետ տանում են ուտելիքներ և սնվում դաշտում…
Երեխաները նշում են, որ դաշտում միշտ էլ իրենց տարիքի կամ իրենցից տարիքով փոքր երեխաների հանդիպում են, ովքեր իրենց պես աշխատում ու վարձատրվում են դրա համար: Գյուղի երեխաների ամառային ժամանցի համար հետաքրքիր միջոցներ քիչ կան: Այս երեք ամիսների ընթացքում նրանք շատ ազատ ժամանակ են ունենում: «Պարապ մնալու փոխարեն ավելի լավ է մի բանով զբաղվել, մենք տարբեր զբաղմունքներ ենք գտնում մեզ համար: Դրանցից մեկն էլ դաշտային աշխատանքն է. այսպես մեր ծնողներին կարողանում ենք օգտակար լինել»,- ասում է Շանթը:
Այս ամենի հետ երեխանեը հասցնում են նաև հանգստանալ, խաղալ և իրենց սիրած զբաղմունքներին ժամանակ տրամադրել: Շանթը ֆուտբոլ է խաղում, Սերգեյը սպորտով է զբաղվում, Հարությունը համակարգչային խաղերով ու ծրագրերով է տարված: Այսպես էլ ապրում են երեխաները, աշխատում են, խաղում, ուրախանում… Ու ամենակարևորը` չեն հասցնում ձանձրանալ, թեպետ գյուղում դրա համար բոլոր նախադրյալները կան:
…Իսկ եթե մեր երեխաներն ապրեին կատարյալ մանկական աշխարհում, եթե աշխատելու կարիք չունենային, խաղային ու գրքեր կարդային, ժամանցի ու զարգացման կենտրոններ հաճախեին և միայն իրենց ժամանակին ու ճիշտ տարիքում աշխատեին, գուցե աշխարհն ավելի գունավոր ու պայծառ լիներ, իսկ մանուկները` ավելի պաշտպանված: Միջնադարի ուտոպսիտ-մանկավարժների տեսություններում կարևորվում էր աճող սերնդի ֆիզիկական և աշխատանքային դաստիարակությունը, սակայն երեխայի պաշտպանությունն ու պատշաճ մանկության ապահովումը ևս կարևոր էր, և առաջինը երկրորդին չպետք է խանգարեր:
Լիլիթ Հակոբյան` (mynews.am)