Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը այսօր վերաքննիչ դատարանում լսեց Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշումը վերացնելու մասին:
«Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի ու իր ներկայացուցչի կարծիքով, այդ քրեական գործը հարուցելու որոշմամբ խախտվել են Վ. Օսկանյանի իրավունքները: Այսօրվա դատավարության ընթացքում դատախազը նշեց, թե անհասկանալի է, թե Օսկանյանի ո՞ր իրավունքներն են խախտվել: «Ես արդեն նշել եմ, որ քրեական գործ հարուցելու դեպքում կարող են խախտվել մարդու պատիվն ու արժանապատվությունը, կարող է վտանգվել նրա անձնական անձեռնմխելիությունը եւ ազատությունը»,- բացատրեց Վ. Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ պնդում էր, որ բարեգործական նպատակներով «Սիվիլիթասին» փոխանցված գումարները պարոն Օսկանյանը «չի կերել» եւ ծախսելու է ըստ հիմնադրամի պետքերի ու անհրաժեշտության: Քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն էլ պնդում էր, որ եթե նույնիսկ հաստատվի, որ բարեգործական նպատակով ռեզիդենտը Հայաստանի քաղաքացուն նվիրում է գումար , միեւնույնն է առաջացել է չվճարված 103 միլիոն դրամի հարկային պարտավորություններ: «Չկա նման բան եւ չի կարող լինել, գումարը տրամադրվել է ֆիզիկական անձի կողմից, գործարքն ամբողջությամբ հսկվել է , խորհրդատուներ են եղել, հաշվապահներ, իրավաբաններ՝ լավագույնները Հայաստանում: Պարոն Օսկանյանը խնդրել է, որ այդ մարդիկ հետեւեն գործարքի տառին ու ոգուն , որ եթե կա ինչ-որ պարտավորություն, ապա կատարվի»,- պարզաբանեց Տ. Աթանեսյանը: Դատախազ Հովսեփ Սարգսյանն ու Քննչական վարչության պետի տեղակալ Համբարձումյանը մինչեւ վերջ պնդեցին, որ պարոն Աթանեսյանի բողոքարկումը չունի բավարար հիմքեր ու միջնորդեցին պահպանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը: Դատարանի վճիռը կհրապարակվի վաղը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ