Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկահայ համայնքի բողոքն ընդդեմ Հունգարիայի կառավարության

Սեպտեմբեր 04,2012 19:05

2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջև` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաքվին անօրինական արտահանձման և Ադրբեջանի նախագահի կողմից  նրան ազատություն շնորհելու համար: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:
Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգև է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության և Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդակային արժանապատվությունը և մերժում է աստվածային օրենքը երկրի վրա»:
Նամակը հյուպատոսին հանձնելիս Հայր Խորենն իր խորը վրդովմունքը հայտնեց և ասաց, որ եթե վերջինս այս անարդար արտահանձման դեմ ընդվզի և, ի նշան բողոքի,  հրաժարական տա, ապա կդառնա իր հերոսը:
Լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը 2006 թվականին հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության` 30 տարի առանց ներման իրավունքի:
Ազերի մարդասպանը 2004 թվականին առանձնակի դաժանությամբ կացնով սպանեց հայկական բանակի սպա 26-ամյա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Նրանք երկուսն էլ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում էին Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին:
Դատավարությունը բացահայտեց, որ Գուրգեն Մարգարյանը առանձնակի դաժանությամբ սպանվել է միայն հայ լինելու պատճառով: Մարդասպանը խոստովանեց իր հանցանքը, բայց երբեք չզղջաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930