Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզվում են ոստիկաններից գումար շորթած խարդախները

Սեպտեմբեր 04,2012 18:48

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է մի հետաքրքիր քրեական գործ, որը վերաբերում է պաշտոնեական առաջխաղացման համար ոստիկանության աշխատակիցներից խարդախությամբ գումար հափշտակելուն:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ոմն Արամ Մկրտչյան, նախնական համաձայնության գալով Արթուր Հակոբյանի հետ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության մայոր Արթուր Ղալումյանին հավաստիացրել են, թե ՀՀ ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային կաշառք տալու միջոցով կարող են նպաստել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում պաշտոնի նշանակմանը: Ընդ որում Արամ Մկրտչյանը հավաստիցրել է, թե այդ բարձրաստիճան պաշտոնյան Հայկ Ստեփանյանն է, եւ, հանդես գալով որպես վերջինիս վստահելի անձ, Ա.Ղալումյանից պահանջել է 30.000 ԱՄՆ դոլար՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում վաշտի հրամանատարի պաշտոնում նշանակելու համար: Ըստ մեղադրանքի՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2012 թվականի հունիսի 28-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում ունեցած հանդիպման ժամանակ: Ա.Մկրտչյանը խոստացել է 2 աշխատանքային շաբաթվա ընթացքում լուծել պաշտոնի նշանակման հարցը, իսկ Ա.Հակոբյանը նույն օրը Ա.Ղալումյանից անձամբ ստացել է 25 հազար, իսկ հաջորդ օրը 5000 ԱՄՆ դոլար ու խաբեությամբ տիրացել են առանձնապես խոշոր չափերի 12.558.900 դրամին համարժեք 30 հազար ԱՄՆ դոլարին:

Ի դեպ, նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Հակոբյանը որոշ դրվագներում գործել է նաեւ միայնակ: Թերեւս առաջին գործարքից ոգեւորվելով` Ա.Հակոբյանը առաջխաղացում է խոստացել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի ավագ տեսուչ Աղասի Ալոյանին եւ ՀՀ ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային կաշառք տալու միջոցով նրան նույն գումարտակում դասակի հրամանատար նշանակելու համար պահանջել 10.000 ԱՄՆ դոլար:

Ոստիկանության աշխատակիցներից խարդախությամբ վերցված գումարներն Արամ Մկրտչյանը եւ Ա.Հակոբյանը յուրացրել են ու դիմել փախուստի: Քրեական քրեական գործով որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալներ ներգրավելու մասին, իսկ դատարանն էլ բավարարել է ՀՔԾ-ի քննիչի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Արամ Մկրտչյանի եւ Արթուր Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Հ.Գ.- ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը վերաբերում է ոչ միայն խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելուն, այլ նաեւ կաշառք տալուն, քանի որ քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի ինչպես 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այնպես էլ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930