ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարդու իրավունքների միջազգային դատարան դիմում է ներկայացրել ազատ ընտրության իրավունքի խախտման հիմքով: Aravot.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին նախագահի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է 2008-ի փետրվարին նախագահական ընտրություններում ազատ ընտրության իրավունքի խախտմանը, ինչպես նաև զուգահեռ վիճարկվում են այլ իրավունքների խախտումներ:
Վ. Գրիգորյանը նաև հավելեց. «Դատարանը դիմումը հաղորդակցել է կառավարությանը՝ անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների հարցով՝ մարտի 1-ի դեպքերի առավոտյան հատվածին, երբ առաջին նախագահին ձերբակալել են և տեղափոխել են իր բնակարան: Մյուս կետն այն է, որ առաջին նախագահի նկատմամբ իր քաղաքական համոզմունքների բերումով խտրական վերաբերմունք է ցուցաբերվել»:
Այս փաստը լուրջ քննադատության արժանացավ ՀՀ հասարական-քաղաքական որոշ շրջանակներում և քննարկվեց սոցցանցերում: Օրինակ՝ քաղաքագետ Հանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Դոժիլի: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը: Բլոգերներից, ինչքանով հասկացա՝ նաև էլեկտրոնային լրատվամիջոցներից արխիվային կադրեր ու նյութեր են ուզում: Դե մեր երկիրը պատրաստվում է պաշտպանվել Եվրոպական դատարանում…բռնվեք… իր առաջին նախագահից: Լևոն Տեր-Պետրոսյանը փող է ուզում մեր երկրից այն բանի համար, որ ինքը մի քանի օր մնացել է տանը և դա տնային կալանք է դիտարկում»: Քաղաքագետը կարծիք էր հայտնել, թե ավելի պատշաճ կլիներ, որ դատի տար ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավարը:
Կարդացեք նաև
Այս կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեցինք Վ. Գրիգորյանից: Նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ կարիք կա Շահնազարյանի կարծիքը մեկնաբանել»: Իսկ հետո մեր զրուցակիցը հավելեց. «Երբ մարդը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՀՀ կառավարության դեմ, նա դրանով ստիպում է ՀՀ կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք նաև Սահմանադրության պարտավորություններ են կառավարության համար, քննության առարկա դարձնել միջազգային դատական ատյաններում: Եթե ՀՀ կառավարության դեմ ներկայացված դիմումը մերժվում է, դա նշանակում է, որ ՀՀ-ն գտնվել է իր միջազգային պարտավորությունների ստանձնված դիրքում: Եթե դիմումը բավարարվել է, նշանակում է՝ ՀՀ-ն ամբողջ միջազգային համայնքի առաջ ստանձնած պարտավորությունները խախտել է: Եվ այն անձինք, ովքեր միջազգային դատարանում դիմում ներկայացնելը ՀՀ կառավարության դեմ իբր հայրենասիրական հողի վրա անընդունելի են համարում, նրանք առաջինը պիտի գնան ՀՀ կառավարությանը ստիպեն, որ կառավարությունը միջազգային հանրությանը տված իր խոստումներից հետ չկանգնի: Սա ոչ միայն ՀՀ միջազգային պարտավորություններին է վերաբերում, այլև ՀՀ կառավարության, դատարանների և օրենսդիր իշխանության՝ Սահմանադրությամբ ծանրաբեռնված պարտականություններին է վերաբերում: Նույն տրամաբանության կարելի է ասել, թե ինչ իմաստ ունի դիմել Վարչական, Սահմանադրական դատարան: Ուստի սա պարզապես բացարձակ դեմագոգիա է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ