Իրավաբան.net-ը սկսում է հարցազրույցների նոր շարք իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների հետ: Առաջին հյուրը «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանն է:
Փաստեր
1989թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:
2001 թ-ին Դավիթ Խաչատուրյանի, Սոնա Տռուզյանի հետ մշակել է իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների վարքագծի կանոնագիրքը:
2002 թ-ին տպագրել է «Հիշողությունը շիրմաքար» չունի հրապարակախոսություններից և մշակութային թեմայով գրված նյութերից բաղկացած ժողովածուն:
2006 թ-ին՝ «Դատավճիռ հանուն Հայաստանի Հանրապետության» ժողովածուն:
–Ձեզ ճանաչողներից շատերը ռոմանտիկ, բացախոս, հումորի զգացումով, շատ սկզբունքային, ամեն ինչում յուրօրինակը նախընտրող բառերով են բնորոշում Ձեզ, իսկ Դուք ինչպե˚ս կբնորոշեք Ռուզան Մինասյանին:
-Ես մասնագիտություն ունենալուց առաջ մարդ եմ, որն ունի զգայարաններ ու այդ բոլոր զգայարաններն ամեն ինչը տեսնում են, ընկալում են, հասկանում են: Ընկալումը կարող է լինել և’ հումորով, և’ ռոմանտիկ: Այսինքն մարդկային ոչ մի բան ինձ օտար չէ:
Եթե իրենք այդպես չբնորոշեին ինձ, ստիպված ես պետք է ասեի: Ուրախ եմ, որ ինձ ընկալել են այնպիսին, ինչպիսին ես կամ: Միշտ եմ այդպիսին եղել` սկսած դպրոցական տարիներից: Ուղղակի հիմա խտացել են բնավորությանս այդ գծերը:
–Նկատել եմ, որ «Ֆեյսբուքում» հաճախ բարի լույս, բարի օր, բարի երեկո ու բարի գիշեր եք մաղթում ընկերներին` մաղթանքին համապատասխան նկարներով: Իսկ ինչպե˚ս է սկսվում և ավարտվում լրագրողի առօրյան «Ֆեյսբուք»-ից դուրս:
-«Ֆեյսբուքն» ինձ համար մշակույթ է հեռահաղորդակցման: Ես այդպես ուզում եմ տարածության մեջ մարդկանց ասել, որ նույնն եմ, ինչպես իրականության մեջ: Սիրում եմ, երբ դուրս եմ գալիս ու բարևում եմ մարդկանց: Առօրյաս շատ ավելի հագեցած է: «Ֆեյսբուքում» աշխատանքի գնալուց առաջ և աշխատանքից վերադառնալուց հետո եմ լինում: Իրականում իմ օրը գերհագեցած է, ինձ գտնելը շատ դժվար է: Ես երբեմն կատակով ասում եմ, որ ես իսկապես չեմ հերիքում: Ֆեյսբուքը լրագրողի համար ընդամենն իր նյութերը դնելու և լայքեր մուրալու համար չի: Կան մարդիկ, որ իմ «Ֆեյսբուքի» էջում նոր են ու իրար չենք ճանաչել, բայց ես ուզում եմ ասել, որ հեռակա ընկերություն անելն էլ մշակույթ է: Լրագրողն իր օրինակով պետք է ցույց տա, որ ինքը հասարակության համար նույնքան թափանցիկ է, որքան ինքը պահանջում է դիմացինից:
Եթե ես օրվա ընթացքում շատ տխուր եմ, ուրեմն ես շատ հումորով եմ լինում: Լինում է, որ ես օրվա ընթացքում կորուստների ճանապարհով եմ անցնում ու օրվա ավարտին աշխատում եմ, որ դիմացինը չզգա իմ տխրությունը, քանի որ առանց այդ էլ նա շատ խնդիրներ ունի:
Ի դեպ, աշխարհում իմ ճանաչած բոլոր երգիծաբաններն ու երգիծանքի ժանրով զբաղվողներն իրական կյանքում ամենատխուր մարդիկ են եղել: Ինձ համար երգիծանքի գագաթը Լեռ Կամսարն է, որի ցանկացած ստեղծագործության տակ դու չես տեսնի նրա այն մեծ ողբերգությունը, որը նա ապրել է բանտում լինելով:
Առօրյաս շատ լարված է: Ինչպես գիտեք, «Առավոտ» օրաթերթում ես իրավական էջի աշխատանքներն եմ համակարգում: Մոտ 20 տարի է, ինչ մամուլում եմ և զբաղվում եմ իրավական լրագրությամբ: Դրան եթե գումարենք այն, որ անցյալ տարվա աշնանից մենք սկսել ենք աշխատել նաև «Առավոտ. am» ինտերնետային կայքում, ապա դուք պատկերացրեք, թե ինչքան մեծ պետք է լինի լարվածությունը: Ինտերնետային կայքում մի ուրիշ որակ է, երբ դու աշխատում ես մրցակցության մեջ հայտնված լրատվամիջոցներից առաջ ընկնել ու տալ այդ թեմայով հրապարակումները, այսինքն, որ այդ նյութի համար առաջինը քո կայքը բացվի, բայց դրա հետ մեկտեղ սխալվելու հնարավորությունը կարող է շատ մեծ լինել, ինչը չէի ասի թերթի դեպքում, երբ մինչև օրվա վերջ կա հնարավորություն նորից ստուգելու, լրացնելու, նոր աղբյուրներ հայթայթելու:
–Երկար տարիներ լուսաբանում եք իրավական ոլորտը: Կարծում եմ`եղել են դեպքեր, պատմություններ, որոնք երբեք չեք մոռանա և դրանք մեխվել են Ձեր հիշողությունների մեջ: Ի˚նչ դեպք կհիշեք այս պահին:
– Այդպիսի շատ-շատ դեպքեր են եղել, երբ անձնապես էլ ընկել եմ պատմությունների մեջ: Փորձել են և´ սպառնալ, և´ շանտաժի գնալ, և´ «գրոհել» խմբագրություն օրը ցերեկով՝ փորձելով քո նկատմամբ բռնություն գործադրել: Նման դեպքեր շատ են եղել:
Ժամանակին ամենաշատ հայցերը պատվի և արժանապատվության դեպքերով փորձարկվել են ինձ վրա: Երբ ամեն անգամ ասում են, թե դատարանում ամենամեծ թվով հայցապահանջ մեր թերթի դեմ են ներկայացրել, ապա ասեմ, որ 1996 թվականին Ազգային ժողովի մի թեկնածու ինձ դատի էր տվել և պահանջում էր 50. 000 ԱՄՆ դոլլար: Իրականում ես կարողացել էի ինչ- որ հանցագործության մասին ահազանգել: Հայցը, իհարկե, մերժվեց: Այդ հայցի ընթացքը, պատմությունը նույնիսկ փորձագետներ են ուսումնասիրել: Եթե ժամանակին մենք Եվրոդատարան դիմելու իրավունք ունենայինք, ապա իմ նկատմամբ կատարվածի վերաբերյալ շատ կոշտ դիրքորոշում կարտահայտեր ՄԻԵԴ-ը, որովհետև հետագայում` այդ դատավարությունից հետո, Սահմանադրական դատարանում այդ թեկնածուն պարտվեց և ապացուցվեց մի բան, որ լրագրողն ընդամենը 14 օրվա ընթացքում` մասնակցելով քարոզչությանը, կարող էր կանխել ինչ-որ մի բան, բայց դուք թույլ չտվեցին` ներքաշելով նրան դատավարական գործընթացների մեջ:
Խմբագրությունում մի հարձակում եղավ իմ վրա, քանի որ ամբաստանյալին նկարել էի փողկապով: Ասում էին` դու ուզում ես մարդասպանին գեղեցիկ ցույց տալ: Բայց եթե տարիներ առաջ ամբաստանյալին փողկապը բնորոշ չէր, ապա այսօր ամբաստանյալը կարող է այնպիսի նոթբուքով մտնել դատարան, որ նույնիսկ լրագրողը կարող է այդ նոթբոքի հնարավորությունը չունենա և ծնկին դրված թղթի վրա գրի:
–Ո˚րն է եղել իրավական տերմինալոգիայի հետ կապված առաջին սխալը:
-Ինքս պատրաստված մտա այս ոլորտ: Երևի քչերը գիտեն, որ ես առաջին Խորհրդարանում հավատարմագրված լրագրող եմ եղել, և ինձ «պեղեց» Հենրիկ Խաչատրյանը, որն իրավաբանական վարչության պետն էր: Պատահում էր, որ ես, օրենքի նախագիծը կարդալով, այնպիսի բացթողում նկատեի, որ իրենց մտքով անցած չլիներ: Հետագայում շատ մեծ բարեկամություն եմ արել նաև Վլադիմիր Նազարյանի հետ, այսինքն, ես այնպիսի մի դպրոց անցա, որ իրենց հետ շփումն արդեն ամեն ինչ էր: Ես կյանքում չեմ մոռանա, որ մի փաստաբան մոտեցավ ինձ ասեց` ինչի˚ ես այդ մարդու մասին ամբաստանյալ-ով գրում, նրա ազգանունն Ամբաստանյան է: Այդպիսի կուրիոզներ էլ են եղել:
–Երբ դատական համակարգում անարդարությունների եք հանդիպում, որն է լինում պայքարելու ձեր տարբերակը:
-Ես ընտրել եմ մի մասնագիտություն, որն ինձ թույլ է տալիս պայքարել գրչով: Ես հասարակական ոչ մի կառույցի անդամ չեմ, գրանտներ չեմ ստանում, տեղաշարժմանս համար ինչ-որ մեկը չի հոգում: Ես փորձում եմ ահազանգել այն, ինչ որ կա: Ցանկացած հրապարակումից հետո ես տեսնում եմ, թե այն ինչպիսի արձագանք է ունենում:
Երբեմն գալիս են խմբագրություն, ասում են մեզ լրագրող է պետք, որ մեզ հետ տանենք, ընդ որում, պետք է մեզ հետ գա, այնտեղ երևա, բայց չգրի: Ես ասում եմ, որ մեր խմբագրությունը լրագրողների արտադրամաս չէ: Մարդիկ այսպիսի հասարակական պահանջ ու ցանկություն էլ ունեն: Ես երբեք լրագրող չեմ ուղարկի դատարան, եթե նա նախապես տեղյակ չի գործին, և ես ինքս էլ չեմ մտնի նիստի, եթե նյութին չեմ չծանոթացել:
Իրավական լրագրությամբ զբաղվելը բարեկեցությունդ ապահովելու միջոց չի: Դու ինձ և ինձ պես մի քանի այլ լրագրողների երբեք չես տեսնի որևէ մեկի մեքենայով գնան դատական նիստ լուսաբանելու: Դու չես տեսնի իրավական լրագրողի, որը կմտնի դահլիճ ու ծափ կտա ամբաստանյալին: Դու այս ոլորտում այնպիսի մարդկանց հետ ես առնչվում, որ իրենք ցանկացած մի բանից կարող են կառչել և օգտվել: Պետք է կարողանաս անխոցելի լինել քո պատրաստվածությամբ: Համարձակ են այն լրագրողները, ովքեր երբեք իրենց նյութը չստորագրեցին անանուն: Ես 20 տարվա ընթացքում դատական նիստ, դեպքեր, կրիմինալ երբեք անանուն չեմ լուսաբանել: Ես եմ գրել, ես պետք է պատասխանատվություն կրեմ:
–Արտասահմանյան շատ երկրներում ընդունված տարբերակ է, որ լրագրողները կոնկրետ ոլորտներում են մասնագիտացված և այլ ոլորտ չեն լուսաբանում: Հայաստանյան պայմանները հաշվի առնելով` ճի˚շտ կլինի այդ մոտեցումը նաև մեր իրականություն մտցնելը:
– Ճիշտ կլիներ նեղ մասնագիտական ուղին ընտրելը: Մի քանի տարի առաջ փորձեցին հավաքվել, ստեղծել իրավական թեմաներով գրող լրագրողների մշակույթ: Հավաքվում էինք, էթիկայի կանոններ էինք մշակում: Նրանք, ովքեր այդ ճանապարհ անցան, մինչև հիմա էլ անխոցելի են: Մենք ունենք իրավական թեմաներով գրող լավ լրագրողներ, որոնք երբեք չփոխվեցին, թեև իրականությունը փոխվեց:
Ես չեմ կարողանում հանդուրժել, երբ ամեն օր գալիս են դատարաններ` դահլիճի տեղը չգիտեն, չգիտեն դատավորն ով է… Ես չեմ ուզում, որ խմբագրությունում պարապ մարդիկ գնան լուսաբանեն մի ողբերգություն, ու վիճող կողմերի ցավին նորից աղ լցնեն: Դու անում ես նյութի համար, սակայն պետք չի, որ դու վիճող կողմերի արանքում «խաղեր» տաս: Դու պետք է գնաս լուսաբանես այն, ինչից տեղյակ ես: Խմբագրությունները չպետք է առաջնորդվեն այն եղանակով, թե այսօր Պողոսն ազատ է, ուղարկեմ թող գան, բոլոր խմբագրությունից այնտեղ են: Իրավական թեմաներով գրող լրագրողն իրերն իրենց անուններով է կոչում: Չեմ կարողանում հասականալ այն լրագրողին, ով գալիս է դատարան, մոտենում է դատախազին ասում է` մի հատ չեք ասի, թե քրեական դատավարության էս օրենքի էս հոդվածով ինչ պատասխանատվություն է նախատեսվում: Եթե մարդուն այդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, ապա այդ օրենքի այդ հոդվածը դու պետք է արդեն ունենայիր քեզ մոտ: Հատկապես քրեական գործերով միջամտել դատավարական պրոցեսին, հարցնել ինչ-որ բան, կարծում եմ իրեն հարգող ոչ մի լրագրող այդ սխալները չի անի: Գալիս են դատարան չգիտեն, թե որ փուլում թույլտվություն ստանան նկարելու, չգիտեն՝ ինչ է նշանակում դռնփակ, դռնբաց, չգիտեն՝ ամբաստանյալն ինչով է տարբերվում մեղադրյալից, չգիտեն՝ հափշտակությունն ինչով է տարբերվում գողությունից… Մի խոսքով` շիլաշփոթ: Եթե անկեղծ լինենք, ապա այսօր իրավական թեմաներով գրող պրոֆեսիոնալ լրագրողները փնտրվող են: Ինչպես փաստաբանին ընտրելու, պաշտպանական մարտավարություն ընտրելու ժամանակ ուզում են ամեն ինչ լավ լինի, այնպես լուսաբանման առումով պետք է կարողնանս հասարակական կարծիք ձևավորել: Մինչդեռ երբեմն այնպիսի հակասական նյութեր են պատրաստում նույն դատավարության վերաբերյալ, որ ապշում ես, քանի որ ինքը կուսակցականացված է կամ պարապ է, մտել է ձեռքի հետ մի նյութ անելու:
Ես հիմա տարված եմ Եվրոդատարանում կատարվող գործընթացներով: Եթե երազանքի մասին ինձ երբևէ հարց տայիք, ապա կասեի, որ իմ երազանքն է Եվրոդատարան մտնել, լուսաբանել: Երանի այն հայ լրագրողին, ով Եվրոդատարանից առաջին ռեպորտաժը կբերի:
–Շատերն ասում են, որ մասնագիտությունն ամուսնու պես է՝ այն չես կարող ընտրել չսիրելով: Ե˚րբ հասկացաք, որ հենց լրագրությունն է այն գործը, որով ուզում եք զբաղվել:
-Ես 4-րդ դասարանից «աննորմալ» եմ եղել: Մտածում էի կամ լրագրող պետք է դառնամ, կամ ռեժիսոր: Երկու մասնագիտություններն էլ սիրում էի: Երբ դպրոցն ավարտեցի, ես ռեժիսորական տվեցի: Չնչին տարբերությամբ առաջին տարին չընդունվեցի: Սիրում էի, երազում էի թատրոնի ռեժիսորի գործի մասին և հիմա հաճախ այդպես էլ նայում եմ: Ես լրագրության մեջ այն եմ սիրում, երբ մարդ շփվում է մարդկանց հետ: Չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր կաբինետային ժուռնալիստիկայով են զբաղվում, իրավաբանությամբ: Երբեմն ասում են՝ ինչի ես գնում, զանգի կասեն, կպատմեն տեղի ունեցածը, ես ասում եմ՝ չէ, ես պետք է տեսնեմ մարդուն, պետք է շփվեմ նրա հետ, հասկանամ, թե որտեղ ինձ խաբեց, ես որտեղ սխալվեցի: Մասնագիտության ընտրության հարցում նաև դրվեց իմ բնավորության մարդասիրության գիծը: Ես սիրում եմ մարդկանց: Ինձ համար տարբերություն չկա՝ նա ազատազրկված է, թե հանրապետության վաստակավոր արտիստ է: Ես կարող եմ երկուսին էլ հավասարաչափ ընդունել, որովհետև երկուսն էլ ինձ շատ են դուր գալիս, որովհետև իրենք ունեն մշակույթ մարդու հետ շփվելու: Հիմա, թե կյանքում մի բան սխալ եղավ ու ինքը զգաց իր սխալը, դա արդեն ուրիշ է:
Վերջերս մի տեղ էի գնացել, հարցրին՝ 20 տարվա ժուռնալիստ ես ի˚նչ ունես, ասեցի, դե, մի ՍՊԸ եմ բացել, այն էլ գրանցված չի: Բա դու ինչի˚ խնդիր ունես, որ չես գրանցում, քեզ այդ ոլորտում բոլորը ճանաչում են: Ասացի, այդպիսի ՍՊԸ չկա Հայաստանում, դա իմն է ու չեմ էլ ուզում գրանցել: Ես նկատի ունեի սահմանափակ պատասխանատվության ընկերություն, այսինքն՝ իմ ընկերներին: Ես ընկերներիցս բացի ոչինչ չունեմ: Ես ունեմ լավ կենսագրություն, լավ ընկերներ և ոչինչ չունեմ:
– Մտածողներից մեկն ասում էր՝ չի կարելի ուտել ինչ պատահի և ապրել ում հետ պատահի: Նմանատիպ մոտեցո˚ւմը, թե˚ մասնագիտության յուրօրինակությունն է պատճառը, որ դեռ չեք գտել Ձեր կյանքի կեսին:
-Երբ որ ես ավարտեցի, ավարտեցի շատ ծանր ժամանակ՝ 1989 թվականին: Պատերազմի շրջանն էր… Ես ճանապարհ էի դնում և ընդունում էի իմ լավ ընկերներին…
Ոչ թե նախընտրել եմ աշխատանքը, այլ այն տղամարդուն, որին կարող էի հենվել: Պատերազմը վերցնում է նաև լավագույններին, որոնցից մեկն էլ իմ լավ ընկերն էր (հարցազրույցն առժամանակ ընդհատվեց – Ն. Հ.)… Իհարկե, ես ապրում եմ, և շատ հետաքրքիր առաջարկություններ ունեմ, այնպես չէ, որ ես մեկուսացված եմ: Ես կյանքի գինը հասկացա, որ մարդը պետք է իր սիրած տղամարդու հետ ապրի: Նա պետք է քո կողքին լինի: Ես աշխատանքի բերումով շփվում եմ մարդկանց հետ, ովքեր իրար հետ երկար տարիներ ամուսնացած են, բայց հեռակա են իրար հետ ապրում, ես դա չեմ ընդունում: Ես տեսնում եմ նաև արժանի մարդկանց, ովքեր ամեն ինչ են արժանի, բայց ես տեսնում եմ նաև նրանց կողքի մարդկանց, որոնք նաև խաբում են:
Ես չեմ սպասել, որ նա ձիուց իջնի, բայց ես սպասել եմ, որ երբ ոտքով տուն գա, բերի այն ջերմությունը, որին արժանի է ամեն մի հասկացող կին: Այն նվիրվածության պաշարը, որը ես ունեի և ունեմ, կհերիքեր իրեն:
–Որտեղի˚ց եք արմատներով և ի˚նչ կպատմեք Ձեր ընտանիքից:
-Մենք արմատներով Էրզրումի Բասեն գավառից ենք: Մերոնց ասել են «Տերտերանց ազգ»: Պապիս հայրը հոգեւորական էր: Ծնողներս Արթիկի Սարատակ գյուղից են եղել: Ես ծնվել եմ մանկավարժի ընտանիքում: Երկուսին էլ կորցրել եմ… Մայրս մանկավարժ էր, հրետանավոր, պատերազմի մասնակից: Մայրս մեկն էր, որին, իր դրական կերպարով, բոլորը հիշում են: Նա նաև իրենով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի կինը և մայրը: Ես մեկ երեխա եմ:
20 տարվա իմ հրապաակումների մեջ երբեք չես տեսնի, որ ես լուսաբանեմ այնպիսի դատ, որտեղ դատի են տալիս մորը, ծնողին: Ինչ վիճակ ուզում է լինի, ես չեմ կարողանում ընդունել ու արդարացնել:
Մի շատ ծանր դատ էի լուսաբանում, որը նաև հանրային հետաքրքրություն էր ներկայացնում: Մարտակերտում մարտական գործողություններին մասնակցած խոհարար մի կնոջ դատի էր տվել Մոսկվայում ապահով կյանքով ապրող իր աղջիկը. պատվի և արժանապատվության հայց էր: Ես միջամտեցի, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները փաստաթղթային կեղծումներ էին արել, որի կապակցությամբ նաև քրեական գործ էին հարուցել: Ոչ թե մորը ինչ – որ բանից զրկելու, պիտակավորելու երևույթը ստիպեց, որ ես լուսաբանեմ այդ դատը, այլ այն ապացույցները, որոնք դրվեց այս գործով:
–Որպես իրավական ոլորտ լուսաբանող պրոֆեսիոնալ լրագրող` ինչպիսի˚ն է լինելու մեր երկրի իրավական ապագան:
-Շատ դժվար է Հայաստանի պայմաններում կանխատեսումներ անել: Մենք անկանխատեսելի ենք ամեն հարցում: Բայց ուզենք, թե չուզենք, անցնելու ենք այդ ճանապարհով ու հասնելու ենք դրան:
Ես պարզապես հունից դուրս եմ գալիս՝ տեսնելով Ազգային ժողովի այս պատգամավորներին: Ես եղել եմ առաջին Ազգային ժողովում և գիտեմ, թե ինչ մտավոր ուժ կար այնտեղ: Այն ժամանակ, եթե 131 պատգամավոր էր, ես ցանկացած օրենքի հետ կապված 131 կարծիք կարող էի ունենալ, իսկ հիմա, եթե որևէ օրենքի հետ կապված մոտենաս նրանց, ապա մեկը կասի՝ սեղանիս դրված է, կարդում եմ, մյուսն էլ կասի՝ դեռ ծանոթ չեմ: Էլ չեմ խոսում, թե նրանք օրենքի հետ ի˚նչ կապ ունեն:
Մեզ պետք են տաղանդավոր մարդիկ, որոնք ոչ թե պուդրայած դեմքերով ազատազրկման վայրեր մտնեն, այլ իրեն հարգող, մասնագիտական պատվախնդրությամբ օժտված մասնագետներ կլինեն: Եթե այդպիսի մարդիկ ունենանք, ապա շատ ավելի արագ կհասնենք մեր ուզածին: Իսկ հիմա մենք կանգած ենք անելանելի, խորթ տարածության վրա…
Նունե Հովսեփյան