Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վարդումյանի դեմ քրեական գործ է հարուցվել սուտ մատնության համար: Իսկ մինչ այդ վերջինս հաղորդում էր տվել այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մարինա Վարդումյանից Լոռիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ` վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ: Իսկ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Արամ Համբարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդել էր, որ ինքը որեւէ սեռական գործողություններ չի արել նշված ԲՈՒՀ-ի ուսանողուհու հանդեպ: Դիտարկմանը, թե ուսանողուհու հաղորդման մեջ նաեւ գործողության տեղն ու ամիսն է նշում, դասախոսը պատասխանել էր «Այդպիսի բան չկա, ամբողջովին ապատեղեկատվություն են թերթերի բոլոր լուրերը, որի համար ես միջոցառումներ եմ ձեռնարկում…»:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է եւ այն զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: