Փաստաբան Հովիկ Արսենյանը ժամանակին հայտարարել էր, որ մի շարք անվանի անձանց տները թալանած «բանդայի գործով» միջնորդություններ է ներկայացնելու:
Տեղեկացնենք, որ օգոստոսին ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը հայտարարել է մի շարք ավազակային հարձակումների գործի նախաքննության ավարտի մասին: Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները: Ըստ նախաքննության վարկածի՝ հիմնավորվել է, որ Սամվել Դավթյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստյանը եղել են բանդայի անդամներ:
Ուստի Aravot.am-ը Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հետ զրույցում հետաքրքրվեց, թե հատկապես ի՞նչ միջնորդություններ է ներկայացրել: Պարոն Արսենյանը տեղեկացրեց, որ ինքը միջնորդություններ է ներկայացրել օգոստոսի 27-ին, իսկ օգոստոսի 28-ին նախաքննական մարմինը դրանք մերժելու մասին որոշում է կայացրել: Հ. Արսենյանը կարծում է, որ որոշումը կայացվել է երևի թե նույնիսկ առանց կարդալու:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն հարցին, թե մասնավորապես ի՞նչ միջնորդություններ էր ներկայացրել Հ. Արսենյանը, մեզ հետ զրույցում նշեց. «Միջնորդություն էի ներկայացրել այն մասին, որ քրեական գործի նախաքննությունը վերսկսվի, քանի որ թերի և մակերեսային քննություն է կատարվել, քննությունը, ըստ էության, չի կատարվել: Պահանջում էի մասնավորապես հարցաքննել իմ պաշտպանյալի որդու մեքենայում հայտնաբերված հագուստների վերաբերյալ: Մյուս միջնորդությունն այն փաստի մասին է, որ բազում անձանց սեփականությունը՝ անշարժ և շարժական գույքը արգելանքի տակ են վերցրել, այն դեպքում, երբ քննությունը պարզել է, որ այդ սեփականությունը չի պատկանում Արտուշ Հակոբյանին»:
Այնուհետև պարոն Արսենյանը շեշտեց մանրաթելային, դատագենետիկական փորձաքննություններում աղաղակող բացթողումների մասին:
Հ. Արսենյանը նշեց նաև, որ մի շարք փորձաքննություններ, որ պարտադիր պիտի կատարվեին, նախաքննական մարմինը դրանց այդպես էլ ընթացք չտվեց: Նա մանրամասնեց. «Օրինակ՝ բջջային հեռախոսների հարցում պետք է կատարեին մուտքի ու ելքի վերծանումներ, որոնք չկատարվեցին»:
Մեր հարցին, ո՞րն է նման հապշտապության պատճառը, պարոն Արսենյանը պատասխանեց. «Ընդամենը երևութականություն են ապահովում: Բայց վաղը մյուս օրը իսկական բանդան, հանցագործություններ կատարած անձինք կհայտնաբերվեն: Ես հայտարարում եմ, որ Արտուշ Հակոբյանն այդ խմբի հետ որևէ կապ չունի: Ուստի միջնորդում էի, որ եթե չեն հարցաքննում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ապա գոնե պահանջեն ներկայացնել, թե ինչ փաստական տվյալների հիման վրա է նա ասուլիսներում հայտարարել, թե Արտուշ Հակոբյանն է այդ խմբի ղեկավարն ու կազմակերպիչը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ