«Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ»,-այսօր Գյումրիում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախագահի արած հայտարարությունը՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ես ԲՀԿ մամուլի պատասխանատուն եմ եւ ոչ այլ կուսակցության կամ անհատի: Ինչ մնում է մեր կողմից ՏԻՄ ընտրություններում առաջադրումներին, մենք առաջնորդվում ենք բացառապես տվյալ անձի արդյունավետ տեղական վարչարարություն իրականացնելու, տվյալ համայնքի բնակչության կողմից ընդունված լինելու, համապատասխան վստահության, հավանության արժանանալու, այսինքն՝ քվե ունենալու պարագայով»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ հարցն այն է, որ մինչ այժմ ԲՀԿ-ում հերքում էին, որ Սամվել Բալասանյանի եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ է Բալասանյանին առաջարկ արվել, պարզաբանելով, թե այդ հանդիպման ժամանակ գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր են քննարկվել, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Ես տվեցի իմ պատասխանը մեր առաջադրումների հետ կապված: Քննարկումների առումով, բացարձակապես չեմ կարող տիրապետել, թե ի՞նչ են տարբեր մարդիկ, տարբեր վայրերում քննարկում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ