Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` կա՞ այսօր վիրավորանք ներկայիս իշխանություններից, որ չեն գնահատել Ձեզ, լավ չեն նայում` նա պատասխանեց. «Գիտեք ինչ, ես գնացել եմ կամավոր, ինձ ոչ մի բան պետք չի: Մի ժամանակ այսպիսի խոսքեր կային` մենք կռվել ենք, երկիրը մենք պիտի կառավարենք: Կռվողը երկիրը չի կարա կառավարի, կռվողը, բիզնեսմենը չի կարող կառավարի, ամեն մեկը` իր տեղը: Եթե դու գնացել ես կամավոր, դու ինչի՞ համար ես գնացել, դու քո պարտքն ես կատարել: Ես իմ կարծիքով իմ պարտքն եմ կատարել, ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզում: Եթե ինձ կոմանդիրովկա ուղարկեին, ես ծառայեի, պետք է գնայի, ռոճիկ ստանայի, կոմանդիրովոչնի ստանայի, մեդալ ստանայի, կոչում ստանայի, էս ստանայի,էն ստանայի: Հասկանում եք, չէ՞»:
Մեր հարցին` վիրավորվածություն չկա՞, երբ տեսնում եք, որ ոմանք գնահատվում են իշխանությունների կողմից, երբ որ Դուք նույն հարթության վրա եք, իսկ Դուք չեք գնահատվում` Կոմանդոսը պատասխանեց. «Ես ձեր կողմից ջերմություն ունեմ, ինձ համար գլխավորն այդ է: Պետք չեն ինձ ուրիշ բաներ»:
Մեր հարցին` օրինակ, գեներալ Մանվելը տեղ ունի ԱԺ-ում, ունի անձեռնմխելիություն, Դուք չե՞ք ուզում ունենալ նման «առավելություններ»` գեներալ-մայորը պատասխանեց. «Չէ, ես չեմ ուզում: Պետության կողմից ես պրիտենզիա չունեմ, ոչ մի բան էլ չեմ ուզում: Իմ համեստությունը չի դա, իմ ազատությունն է դա, որ ես ոչ մեկից ոչ մի բան չուզեմ, ոչ մի բանի չխառնվեմ: Ես նստում եմ, իմ կարծիքը կարամ հանգիստ ասեմ: Դա ամենագլխավորն է: Ես չեմ ուզում պետական մարմինների մեջ մտնեմ»: Մենք ճշտեցինք` կախման մե՞ջ կլինեք` Կոմանդոսը պատասխանեց. «Անպայման»:
Կարդացեք նաև
Այսօր երկրապահները սերտ կապված են քաղաքականության հետ: Մենք հետաքրքրվեցինք` Ձեր գնահատմամբ դա ճի՞շտ է, թե՞ սխալ` Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց. «Երկրապահները, իմ կարծիքով, միշտ քաղաքականության մեջ են եղել, դես ու դեն են եղել: Դրա համար ինչի՞ մասին է խոսքը»:
Կոմանդոսը նաեւ ասաց, որ այնպես չի, որ իշխանությունները իրեն չեն հիշել ու ինչ-որ օգնություն չեն առաջարկել. «Եկել են, ասել են` ուզում ենք քեզ օգնենք` ես չեմ թողել, ես չեմ ուզել: Որովհետեւ, նախ ինձանից ավելի վատ ապրողներ կան, այնպես չի, որ ես դրա կարիքը չունեի, մենք բոլորս ունենք օգնության կարիք,բայց ինձանից վատ ապրողներ կային, հետո` մարտական ընկերներ ունեմ, որոնք սոցիալապես լավ վիճակում չեն: Նրանք իմանային, որ ես օգնություն եմ վերցրել, երբ որ իրենք այդ վիճակում էին, ո՞նց կլիներ` չէր լինի: Եվ հետո, ես գտնում եմ, որ անընդունելի է жить богато в бедной стране, դա ես չեմ ընդունում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ