Լրահոս
Օրվա լրահոսը

Ասուլիսին էկոնոմիկայի նախարարին նախագահ «սարքեցին»

Սեպտեմբեր 04,2012 16:52

Նոյեմբերի 14-15-ը ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում տեղի կունենա «ԱրմՏեք 2012» հերթական եւ հոբելյանական համաժողովը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա ներկայացմամբ` համաժողովի ընդհանուր ծախսերի ծավալը 150 հազար դոլար է, որից մոտ 17 հազար դոլարը պետությունը կվճարի, իսկ մնացածը` մասնավոր հատվածը եւ միջազգային կառույցները:

Նախարարի փոխանցմամբ` «ԱրմՏեք 2012»-ին կմասնակցեն արդյունաբերության, կրթական հաստատությունների ղեկավարներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ընդ որում՝ այս անգամ համաժողովին կմասնակցեն Ավստրալիայի հայ համայնքի ՏՏ ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայի, ԱՊՀ երկրների, Եվրոպայի եւ Ռուսաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ եւ գործարարներ:

Արդեն մեկ տասնյակ ընկերություններ համաժողովին մասնակցելու համար հայտ են ներկայացրել, եւ ինչպես նախարարն ասաց` հայտ ներկայացնողները ցանկություն են հայտնել մասնակցություն ունենալ նաեւ տեխնիկական, ֆինանսական եւ կազմակերպչական գործերում:

Ասուլիսին ներկա «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերով էլ`շատ քիչ երկրներ հնարավորություն ունեն Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում նման համաժողով անցկացնել: Պարոն Ենգիբարյանի ներկայացմամբ` այս համաժողովը հնարավորություն է ընձեռում համաշխարհային ճանաչում ունեցող երկրների հետ աշխատելու: Բագրատ Ենգիբարյանի խոսքերով` համաժողովում հնարավորություններ կստեղծվեն անհատների կամ թիմերի համար, եթե ցանկանան գործունեություն ծավալել Հայաստանում, նրանց կներկայացվի, թե ինչ աջակցություն կարող են ստանալ Հայաստանում:

Ի դեպ, ասուլիսի ժամանակ մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկա էր նաեւ «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանը, որն իր խոսքում էկոնոմիկայի նախարարին դիմեց որպես նախագահ եւ կատակեց` «Թերեւս նախագահ դառնաք»: Այս խոսքերը Տիգրան Դավթյանին այնքան շփոթեցրին, որ նա իր պաշտոնը հստակեցրեց, դեռ մի բան էլ` ինքնակամ իջեցրեց. «Հանձնաժողովի’ նախագահ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930