Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Ադրբեջանցիները չեն արտահայտվում, բայց հասկանում են, որ հիմարին չեն հերոսացնում

Սեպտեմբեր 04,2012 16:49

«Ակնհայտ է, որ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու եւ ներում շնորհելու որոշումը կայացվել է Հունգարիայի եւ Թուրքիայի փոխհամաձայնությամբ, սակայն  չեմ բացառում, որ գործից տեղյակ են եղել այլ պետություններ՝ չցուցաբերելով անմիջական մասնակցություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը:

Վերջինիս խոսքով, միջազգային հարաբերություններում «առեւտուրը» նորություն չի. «Դա մշտապես կիրառելի գործիք է, պարզապես տվյալ պարագայում գործն առնչություն ունի մեր շահերի հետ՝ հետեւաբար, էմոցիոնալ ենք արձագանքում: Անհրաժեշտ է կուտակել առավել մեծ ռեսուրսներ՝ կենտրոնանալով խնդիրների լուծման վրա: Իրավիճակից օգուտներ քաղելու հնարավորությունը կա, մասնավորապես՝ Եվրամիության հետ հարաբերություններում որոշակի արտոնությունների ձեռքբերումը: Իսկ Ղարաբաղի խնդրի օրակարգից պետք է հանել Ղարաբաղը երբեւիցե Ադրբեջանին վերադարձնելու հարցը»:

Քաղաքագետի խոսքով, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները պետք է ոչ թե վերանայել, այլ՝ համապատասխանեցնել իրավիճակին.  «ՆԱՏՕ-ն ակնհայտ խնդիր ունի, քանի որ դեպքը տեղի է ունեցել իր ծրագրի շրջանակում: Հունգարիայից բացի,  ՆԱՏՕ-ն նույնպես պատասխանատու էր ծրագրի արդյունավետ իրականացման եւ մասնակիցների անվտանգության պահպանման համար: Ըստ երեւույթին, ՆԱՏՕ-ն սկզբունքորեն պետք է հետեւություններ անի՝ դրանք կիրառելով գործընկերների հետ հարաբերություններում»:

Անդրադառնալով Մինսկի խմբի արձագանքին՝ մեր զրուցակիցն ասաց. «Հայտարարության տողատակում մտահոգություն կար՝ կապված տարածաշրջանային լարվածության հետ: «Մեսիջն» այն էր, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Կարեւորն այն է, որ Ադրբեջանը հասկանա դա, մինչդեռ Մինսկի խմբի վերջին տարիների աշխատանքն Ադրբեջանը մի հարվածով գցեց ջուրը՝ խոչնդոտելով խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին Անկախ կատարվածից՝ պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր է»:

Խոսելով կատարվածի առթիվ Մոսկվայի արձագանքից՝ Արմեն Մինասյանը մեջբերեց վերջինիս այն «ալիբին», թե հայտարարության ուշացումը կապված էր հանգստյան օրերի հետ. «Կարելի է ենթադրել, որ Մոսկվան իրականում սպասում էր գործընկերների արձագանքին, քանզի գոնե Ղարաբաղի հարցում նրանց տեսակետը նույնն է»:

Քաղաքագետի համոզմամբ, Սաֆարովին հերոսացնելն ազդեցություն չի ունենա ադրբեջանական բանակի վրա. «Ադրբեջանում ողջամիտ մարդիկ գերակշռում են: Նրանք հրապարակավ չեն արտահայտվում, բայց հասկանում են, որ հիմարին հերոս չեն դարձնում: Իսկ ադրբեջանական բանակի մարտունակությունն իրականում այլ գործոնների համագումարի վրա է հիմնված, ոչ թե՝ Սաֆարովների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930