Սկիզբը՝ կարդացեք այստեղ
Ըստ գործի նյութերի՝ ընթրիքի ժամանակ Մանուկյանը նկատել է Նազարյանի բերած շիշը, իսկ դա նշանակում էր, որ առանց թույլտվության նա լքել է մարտական հենակետը, ինչն էլ նոր վիճաբանության պատճառ է դարձել:
Այս ամենը ընդամենը պատրվակի տպավորություն են թողնում, սակայն քննությամբ դրա համար թշնամանքի, հակակրանքի որևէ հիմք չի բացահայտվել: Ի՞նչ կբացահայտի դատաքննությունը, առայժմ վաղ է կանխորոշել, սակայն այս հենակետում անձնակազմի հետ տարվող աշխատանքի որակի պատկերն արդեն իսկ ակնհայտ է…
Կարդացեք նաև
Ինչևէ, Մանուկյանը, բարձրաձայն հայհոյանքներ տալով Նազարյանի հասցեին, ճաշարանից դուրս է եկել և նախ գետնատնակում, ապա` գետնատնակի դիմաց սկսել է ծեծել նրան` բռունցքներով անկանոն հարվածներ հասցրել գլխին, ուսերին: Վերջինս պաշտպանվելով փորձել է փոխադարձ հարվածներ հասցնել Մանուկյանին, սակայն չի կարողացել: Բայց Մանուկյանի հասցեին պատասխան հայհոյանք է տվել, որից անմիջապես հետո վերջինս դադարեցնելով ծեծը, դիմելով Նազարյանին ասել է, որ մարդ է կանչելու և պատասխանը պետք է տա այդ մարդու ներկայությամբ:
«Արբիտրը» կողքի հենակետից
Մանուկյանը խոհարար Մնացականյանին և գրագիր Սայադյանին ուղարկել է կանչելու մյուս հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին՝ Մանուկյանի ընկերոջը: Երեքով ժամը 24.00-ի սահմաններում հենակետի ճաշարան են հասել, որտեղ Մանուկյանից ու Նազարյանից բացի եղել են հենակետի մի քանի զինծառայողներ: Մանուկյանը պարզաբանում է պահանջել, Նազարյանը պարզաբանել է, այդ ընթացքում Մանուկյանի հարցին ի պատասխան ևս մեկ անգամ հայհոյելով նրան:
Մարտական հենակետի ճաշարանում Մանուկյանը և Հայրապետյանը սկսել են ծեծել Նազարյանին` բռունցքներով, ոտքերով հարվածելով գլխին, որովայնին, կրծքավանդակին… Հարվածների հետևանքով Նազարյանի քթից արյուն է հոսել, այտուցվել է դեմքը, իսկ Մանուկյանի և Հայրապետյանի ձեռքերն ու համազգեստներն արնոտվել են: Ծեծկռտուքը դադարել է զինծառայողներ Հովհաննիսյանի, Սայադյանի, Մնացականյանի միջամտությամբ:
Այնուհետև Նազարյանին Մնացականյանի և Մխիթարյանի ուղեկցությամբ ուղարկել են հենակետի աղբյուրի մոտ լվացվելու: Նազարյանը քար է վերցրել, վազքով մոտեցել է հենակետի ճաշարանին` ցանկանալով քարով հարվածել Մանուկյանին, սակայն Հայրապետյանը թույլ չի տվել: Հենակետից 50 մետրի չափ հեռու մոտ 1,5 ժամ տևած խոսակցության ընթացքում փորձել են ապացուցել, որ Նազարյանը սխալ է գործել` լքելով հենակետը: Խոսակցության ավարտից հետո Նազարյանը բոլորի ներկայությամբ ներողություն է խնդրել նրանցից:
Ամենայն հավանականությամբ դա էս միջավայրում «կոտրվելու» պես մի բան է ընկալվել, իսկ նրա որոշ ենթակաների համար էլ՝ առիթավորվելու պատճառ դարձել…
Հենակետ վերադառնալու ճանապարհին Հայրապետյանը Մանուկյանին ասել է, որ Նազարյանին ուշադրության կենտրոնում պահի, «հանկարծ իրեն մի վնաս չտա»:
Չնայած դրան, հետագա օրերին նույնպես Մանուկյանը խոսել է արհամարհական տոնով, նրա հասցեին արել անպարկեշտ արտահայտություններ, ասել, որ արժանի չէ սպայական կոչման, կազմակերպելու է սպայի պատվո դատարան՝ կոչումազրկելու համար և այլն:
Հերթական անգամ ծառայողական հարցերի կապակցությամբ Նազարյանին նախատելիս Մանուկյանն ասել է. «Մի հատ Ուդումյան կա մեջքիդ կանգնած, բայց ընենց եմ անելու՝ Ուդումյանն էլ յան տա քեզնից»:
Փաստորեն, 4-րդ օրն անընդմեջ Մանուկյանը Նազարյանի նկատմամբ դրսևորվել է արհամարհական վարքագիծ, անգամ թույլ չի տվել իր հետ միևնույն սեղանի մոտ ճաշել, նրա հետ վերաբերվել է մշտապես հեգնանքով, ծաղրանքով է խոսել, համածառայող սպաների, անգամ պարտադիր ժամկետային զինծառայողների ներկայությամբ սուր, անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել, հայհոյել և ցանկացած հարցում մեղադրել է նրան: Բոլորին, այդ թվում և 2-րդ վաշտի հրամանատար Ուդումյանին, Նազարյանին ներկայացրել է միայն բացասական կողմերով, որպեսզի նրանց վերաբերմունքը նույնպես փոխվի:
Շղթայական ռեակցիա
Ըստ գործի նյութերի՝ Նազարյանի նկատմամբ դրսևորված այդ վերաբերմունքն անհետևանք չի մնացել. օգտվելով ստեղծված անպատժելիության մթնոլորտից, Նազարյանի հետ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների մեջ են գտնվել նաև հենակետում մարտական ծառայության նշանակված պարտադիր ժամկետային զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանն ու Հարութիկ Կիրակոսյանը՝ տարբեր դրսևորումներով կրկնելով Մանուկյանի ձեռագիրը:
Անմակարդակության հնարավոր բոլոր դրսևորումներով, քստմնելի վարքով, արհեստական բախումնային վիճակներ ստեղծելով: Բոլորի վարքն ու բարքը անհատականացված է, հիմնավորված նախաքննությամբ, շարունակվում է դատաքննության ընթացքում: Ընդ որում, այս երևույթը եղել է շարունակական. առանձին դրվագներով դա շարունակվել է ընդհուպ մինչև հուլիսի 25-ը:
Հոգեբանական ճգնաժամ
Նախաքննությունը հիմնավորված է համարում, որ իր շուրջը ստեղծված բարոյահոգեբանական ընդհանուր մթնոլորտում Նազարյանը հայտնվել է ծայրահեղ ստորացված և ճնշված հոգեվիճակում, մերժված անձնակազմից, սակայն չի կարողացել (դաստիարակությունը թույլ չի տվել) իջնել այդ մակարդակին ու որևէ կերպ հակադարձել իր անձը ստորացնողների, իր նկատմամբ բռնություն կիրառողների գործողություններին: Նա շատ լավ գիտեր. ոչ մի երաշխիք չկար, որ այդ ամենը չի շարունակվելու նաև դիրքերից իջնելուց հետո: Միևնույն ժամանակ ինքը չէր կարող հենց այնպես թողնել – գնալ, քանի որ պայմանագիր էր կնքել:
Մեջբերում մեղադրական եզրակացությունից. «Բնավորությամբ լինելով փակ, ինքնամփոփ անձնավորություն, նա մեկուսացել է անձնակազմից, անգամ գիշերային ժամերին խուսափել է անձամբ արթնացնել դիտորդներին փոխարինող զինծառայողներին, եղել են դեպքեր, երբ Ա. Մկրտչյանին խնդրել է իր փոխարեն արթնացնել փոխարինողներին:
Հենակետի անձնակազմի, մասնավորապես` Հ. Մանուկյանի համար ակնհայտ, Ա. Նազարյանը պատրաստ է եղել իրեն վնաս հասցնելու, ինչի կապակցությամբ 26.07.2010թ-ին Հ. Մանուկյանը հենակետի զինծառայողներին հանձնարարել է գաղտնի կերպով Ա. Նազարյանի ինքնաձիգից հանել զարկանը /ասեղը/, որը սակայն չի կատարվել»:
Եվ, ըստ քննության, ամբողջ այս պատմության վերջին ակորդը, վերջակետը, որը դրել է Մանուկյանը. «Նույն օրը (26.07.2010թ.) ժամը 15-ի սահմաններում հենակետի գետնատնակում հեռախոսազրույց է տեղի ունեցել Հ. Մանուկյանի և 2-րդ վաշտի հրամանատար Գ. Ուդումյանի միջև, որին ներկա է եղել նաև Ա. Նազարյանը: Նշված հեռախոսազրույցի ընթացքում Հ. Մանուկյանը միացրել է հեռախոսի բարձրախոսը, որից հետո Գ. Ուդումյանը, չիմանալով, որ իր ձայնը լսելի է ոչ միայն Հ. Մանուկյանի համար, արձագանքելով վերջինիս բողոքին Ա. Նազարյանի վերաբերյալ, դժգոհելով այդ հանգամանքից, անպարկեշտ արտահայտություն է արել Ա. Նազարյանի հասցեին, որին վերջինս պատասխանել է նույն արտահայտությամբ:
Նույն օրը ժամը 23-ի սահմաններում X մարտական հենակետ է եկել X մարտական հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը` շարքային Սմբատ Սարգսյանի ուղեկցությամբ:
Հ. Մանուկյանը Վ. Հայրապետյանին տեղեկացրել է իր և Գ. Ուդումյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որից հետո հենակետի ծխարան կանչելով Ա. Նազարյանին, Վ. Հայրապետյանի, Ա. Մնացականյանի, Ա. Հովհաննիսյանի և մի քանի այլ զինծառայողների ներկայությամբ հարցրել է, թե նա ինչպես պետք է պատասխան տա Գ. Ուդումյանի հասցեին տված հայհոյանքի համար:
Ա. Նազարյանն ի պատասխան նշել է, որ պատրաստ է պատասխան տալ Գ. Ուդումյանին, միաժամանակ իր կարողությունների վրա կասկածողի հասցեին սեռական բնույթի հայհոյանք ուղղելով:
Հ. Մանուկյանը, լսելով Ա. Նազարյանի պատասխանը, ինքն իրեն «Լավ տղա» անվանելով մեկ անգամ ուժգին ապտակ է հասցրել նրա դեմքի աջ հատվածին, իսկ լեյտենանտ Վ. Հայրապետյանը, բռնելով Ա. Նազարյանի օձիքից, նրան քաշքշելով նստեցրել է ծխարանի նստարաններին և ասել` «Երեք աստղանի հրեշը /նկատի ունենալով Գ. Ուդումյանին/ որ եկավ, քո վիճակը լավ չի լինելու Նազարյան» (հատված մեղադրական եզրակացությունից, հենակետերի անունները փոխված են):
Ուդումյանի՝ փաստորեն նրա միակ ապավենի հետ հարաբերությունները փչանալու բոլոր հիմքերն արդեն կային: Ուդումյանը պետք է գար հաջորդ առավոտյան, «Բանակում» հեռուստասերիալի նկարահանող խմբի հետ: Չի բացառվում, որ կրքերը հանդարտվելուց հետո Նազարյանի համար լրացուցիչ հոգեբանական ազդակ հանդիսանային նաև Ուդումյանի հասցեին իր հնչեցրած արտահայտությունները, որոնք ամենայն հնչյունաբանությամբ հաստատ փոխանցվելու էին, և ինքը դառնալու էր միանգամայն անպաշտպան:
Ահա այսպիսի հոգեբանական վիճակում Նազարյանը կատարել է հենակետի ավագի պարտականությունները` իրականացրել դիտորդների վերջին գիշերային հերթափոխը:
Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Նազարյանը գրեթե չի քնել
Քննությամբ հիմնավորվել է, որ 2010թ. հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Նազարյանը գրեթե չի քնել, եղել է ծայրաստիճան ընկճված, խուսափել հարցերին պատասխանելուց: Հուլիսի 27-ին, ժամը 06.35-ի սահմաններում, կատարելով դիտորդների հերթափոխը, նա վերադարձել է գետնատնակ, այնուհետև գնացել հենակետի աղբյուրի մոտ: Մեկ ժամ անց մտել է գետնատնակ, վերցրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը մեկ պահունակով և Ա. Մնացականյանին ասել, որ բարձրանում է դիտակետերը ստուգելու: Այդ օրը Նազարյանը պետք է հերթափոխը կատարեր 8-ին և այլևս չէր կարողանալու դա անել, ուստի ամենայն հավանականությամբ օգտագործել է զենքով առանձնանալու վերջին առիթը:
Ի դեպ, ինքնասպանության պահին առնչվող ևս մեկ ապացույց կա, որ դեռ կուսումնասիրվի գաղտնի վարույթով:
Ըստ գործի նյութերի՝ Ժամը 07.50-ի սահմաններում հենակետի դիպուկահարի կրակակետի մոտ գտնվող ժայռաբեկորի մոտ իրեն ամրակցված ինքնաձիգից բերանի խոռոչի շրջանում մեկ կրակոցով ինքնասպան է եղել:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
«Pastinfo.am»