«Իհարկե, այո»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն Aravot.am-ի հարցին՝ կարծում եք, հիմա ճիշտ ժամանա՞կն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:
«Այս ֆոնի վրա զարգացումներ են եղել եւ այս ամենն ապացուցում է ու մեր տեսակետն էլ այն է, որ Ղարաբաղի ճանաչման հարցն օրվա հարց է: ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»,- նկատի ունենալով հայ սպային կացնահարած ադրբեջանցու վերադարձն Ադրբեջանին եւ դրան հաջորդած զարգացումները, ասաց պարոն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը այսօր խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն արդեն երկրորդ անգամ է շրջանառության մեջ դրվում: Առաջին անգամ «Ժառանգության» նախաձեռնությունը որեւէ հաջողություն չունեցավ: Վաղը խորհրդարանն արտահերթ նիստ է գումարելու, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այդ հարցին էլ անդրադարձ լինի: Պարոն Հակոբյանն ասաց, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով վաղվա նիստում խորհրդարանը հայտարարություն պետք է ընդունի կատարվածի վերաբերյալ. «Ճանաչման խնդիր դրված չէ: Լավ կլիներ, որ դրված լիներ, մենք էլ օրինագիծը ետ կվերցնեինք: Բայց մենք քննարկման ժամանակ կառաջարկենք»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը «Ժառանգության» խմբակցության ղեկավարից նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն, որ իշխանությունները հիմա ընդառաջ կգնան «Ժառանգության» նախաձեռնությանը: «Վաղը կերեւա»,- ասաց պարոն Հակոբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ