Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խնդրում է չայրել Հունգարիայի դրոշը, եւ հաստատում, որ Սամվել Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու

Սեպտեմբեր 04,2012 16:33

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին

Հարց-Պարո´ն Նախագահ, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը առողջապահական այս հաստատությունների մասին:

Պատասխան-Բնականաբար, տպավորությունս շատ դրական է, բայց ես կցանկանայի, որ ինքներդ ևս կարծիք կազմեիք՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Որակյալ, մատչելի և հասանելի բժշկական ծառայություններից պետք է օգտվեն մեր հանրապետության բոլոր քաղաքացիները: Բայց այստեղ մենք ցանկացել ենք լուծել նաև մեկ այլ խնդիր, և այդ խնդրի լուծումը կարծում եմ տեսանելի է: Մենք ցանկանում էինք իրականություն դարձնել առողջապահական կենտրոնի մոդելը Հայաստանի Հանրապետության համար: Եւ՛ արտաքուստ, և՛ ներքուստ, և՛ բժիշկների վերաբերմունքից տեսնում եք, որ այո՛, այսպիսի կենտրոններ մենք պետք է ունենանք Հանրապետության ողջ տարածքում: Բնականաբար, մեկ-երկու տարվա ընթացքում դա հնարավոր չէ, բայց ես վստահ եմ, որ ապագան այսպիսին պետք է լինի:
Շնորհակալ եմ և խնդրում եմ բոլորիդ, որպեսզի պարբերաբար հսկողության տակ պահեք այս առողջապահական կենտրոնի աշխատանքները, որովհետև և՛ տնօրենը, և՛ բժիշկները խոստացել են, որ այս հաստատությունը կլինի օրինակելի:

Հարց-Պարո´ն Նախագահ, եթե կարելի է մեկ հարց այլ թեմայով: Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով:

Պատասխան-Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին: Բայց օգտվելով առիթից՝ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին և խնդրել, որպեսզի նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետև Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները:

Հարց-Պարո´ն Նախագահ, այս կիրակի Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են: Հանրապետական կուսակցությունը, ինչպես գիտենք, սատարում է Սամվել Բալասանյանին: Հարցս հետևյալն է. ինչո՞ւ ոչ սեփական թեկնածուով:

Պատասխան-Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝ հենց այս «սեփական», «օտար», այսպես ասած՝ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին: Ուզում եմ, որպեսզի բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք ևս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին: Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա´ այս մասով: Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ: Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ և եթե որևէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթև ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, և հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930