Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Գյումրիում էր: Նա եկել էր Գյումրու կենտրոնում կառուցված 5 հարկանի բազմապրոֆիլ հիվանդանոցի բացման արարողությանը մասնակցելու:
Նշենք, որ Գյումրու 13.9 միլիոն դոլարանոց կամ 5.35 միլիարդ դրամանոց նոր բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է, հագեցած գերժամանակակից բժշկական սարքավորումներով ու կահույքով: Այն կառուցվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, որից առյուծի բաժինը` 10.43 դոլարը փոխանցել է Համաշխարհային բանկը, իսկ 3.48 միլիոն դոլարը՝ Հայաստանի կառավարությունը:
Եվ մինչև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը իր ելույթում գովաբանում էր ՀՀ նախագահին, ով, ըստ նրա, տարածքների զարգացման համաչափ քաղաքականություն է վարում` արդեն 8-րդ բժշկական կենտրոնը կառուցելով մարզերում, գյումրեցի լրագրողները մի տհաճ միջադեպի ականատես եղան: Բանն այն է, որ ի սկզբանե նախագահի լրատվական ծառայությունից գյումրեցի լրագրողներին հայտնեցին, որ ՀՀ նախագահի հետ հարցազրույց նախատեսված չէ, որը նշանակում է, որ որևէ մեկը չպիտի համարձակվի մոտենալ Սերժ Սարգսյանին, սակայն պարզվեց, որ հարցազրույցը նախատեսված է միայն նախագահին մայրաքաղաքից ուղեկցող լրատվամիջոցների համար:
Կարդացեք նաև
Նախագահը նորակառույց հիվանդանոցին կից Ավստրիական մանկական հիվանդանոցում մեծ հաճույքով պատասխանել է Երևանից ժամանած լրագրողների մի քանի հարցերի, խոսել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, պարզաբանել, թե ինչու են սատարում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Մինչդեռ հենց այդ նույն ժամանակ գյումրեցի լրագրողներին կանգնեցնելով հիվանդանոցի բակում` արևի տակ, նույնիսկ չէին թույլատրում մոտենալ հիվանդանոցի շենքին: Նման վերաբերմունքն անչափ վիրավորեց Գյումրու մոտ 10-ից ավելի լրագրողների ու նկարահանող խմբերի, որոնք պարզաբանում պահանջեցին նախագահի լրատվական ծառայության աշխատակիցներից մեկից այն մասին, թե ինչո՞ւ են խոչընդոտում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը , որն ի դեպ քրեորեն պատժելի արարք է: Նախագահի լրատվական ծառայության աշխատակիցը պարզաբանեց, որ հիվանդանոցի ներսում տեղ չկար, այդ պատճառով էլ չեն հրավիրել գյումրեցիներին, որն էլ ավելի հունից հանեց տեղի լրագրողներին: «Էսպես երկիր չեն կառուցում, փաստորեն ձեր համար Գյումրին ռայո՞ն է, գյո՞ւղ, միջի մարդիկ էլ ռայոնցինե՞ր, ո՞վ է ձեզ նման կերպ մտածելու իրավունք տվել: Եթե երկրի նախագահն է իրեն թույլ տալիս Գյումրիին որպես երկրորդական քաղաք վերաբերելու, այս քաղաքի լրագրողներին էլ որպես երկրորդական մարդիկ, էլ ինչի՞ց խոսենք, ումի՞ց ինչ սպասենք: Մեզ արգելեցիք նախագահի հետ շփվել երևի հենց նրա համար, որ մեզ չեք կարող գրած հարցեր հրամցնել ու թելադրել, թե դու` այսինչ, նախագահին էս հարցը տուր, դու` այնինչ, այս մի հարցը տուր: Մենք էլ բնականաբար Գյումրու այսքան խնդիրների մեջ չենք միացնի մեր միկրոֆոնն ու հարցնենք` պարոն նախագահ, ինչպիսի՞ն է նորակառույց հիվանդանոցի տեսքը»,- զայրացած բղավում էին գյումրեցի լրագրողները:
Նրանք էլ ավելի վրդովվեցին, երբ նախագահի լրատվական ծառայության աշխատակիցը իբրև թե փորձում էր իրավիճակը հարթել` ասելով` կգնամ քաղաք, տեսանյութը կուղարկեմ: «Ապրես դու, մի քիչ զգույշ գնա մեր գյուղի փողոցներով»,- շշպռեցին լրագրողները:
Թեև նախագահը վաղուց արդեն Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հեռացել էր Շիրակի մարզպետարան, սակայն Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի կաբինետում նախագահի լրատվականի աշխատակցից հաշիվ պահանջող լրագրողները չէին հանդարտվում:
Նշենք, որ նման խտրական վերաբերմունքի պատճառով Գյումրու ԶԼՄ-ներից` հեռուստաընկերությունների ու թերթերի աշխատանքից զատ, խոչընդոտվեց նաև հանրապետական մի քանի ԶԼՄ-ների աշխատանքը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ