Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Որ իշխանություն չէ՝ ակնհայտ է, մինչեւ դեկտեմբեր ի վերջո կերեւա, թե ուր է գնում այս քաղաքական ուժը»

Սեպտեմբեր 04,2012 16:16

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ի տեղն այսօր քաղաքական դաշտում որտե՞ղ եք տեսնում, ո՞ր դաշտում է գործում, այլընտրանքայի՞ն է, ընդդիմությո՞ւն է՝ նա պատասխանեց. «Որ իշխանություն չէ՝ ակնհայտ է: Որ չի հայտարարել, որ ընդդիմություն է՝ նույնպես ակնհայտ է, մնացյալն իրենք պիտի պատասխանեն այդ հարցին: Ես կարծում եմ՝ առաջիկա զարգացումներում, մինչեւ նոյեմբեր-դեկտեմբեր ի վերջո կերեւա, թե ուր է գնում այս քաղաքական ուժը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ամիսների ֆոնի վրա այսօր գնահատական տալով՝ չե՞ք ասի՝ միասնական շտաբն ի՞նչ տվեց ՀՅԴ-ին՝ պարոն Վարդանյանը պատասխանեց, որ ետին թվով բաներին ճիշտ չէ անդրադառնալ: Մեր դիտարկմանը, որ այն ի սկզբանե ստեղծված էր ընտրակաշառքները կանխելու համար, բայց մենք տեսանք, որ այդ թիմի անդամներից մեկը՝ ԲՀԿ-ն մասնակցություն ունեցավ ընտրակաշառքների բաժանման գործում, տրակտորներ էր տալիս եւ այլն, ուրեմն ինչի՞ն ծառայեց, ըստ Ձեզ, միասնական շտաբը՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանում ԱԺ ընտրություններն իրենց բնույթով բացարձակապես չէին համապատասխանում այն գնահատականներին, որ իշխանությունները տալիս են: Դա մեր ունեցած ամենավատ ընտրություններն էին: Եվ ցինիզմ է ուղղակի, երեսպաշտություն է այդ ընտրությունները բնութագրել իբրեւ ամենալավը, իդեալականին մոտիկ: Այդ ընտրություններում դերակատար է եղել 100 միլիոններով դոլարը եւ վարչական պետական ամբողջ համակարգը»:

Պարոն Վարդանյանն ասուլիսում ասել էր, որ հավանական չի համարում, որ նախագահական ընտրություններին ընդդիմությունը հանդես կգա միասնական թեկնածուով, քանի որ ընդդիմությունը հստակեցված չէ՝ ով է ընդդիմություն, ով այլընտրանք: Մեր հարցին՝ այն, որ այսօր ընդդիմությունը չի կարող միասնական թեկնածու ունենալ, միայն դրանի՞ց է, որ դաշտը հստակեցված չէ, թե՞ ընդդիմության ներկայացուցիչները շատ ամբիցիոզ են եւ մտածում են, որ իրենց թեկնածուից այն կողմ աշխարհ չկա՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Գիտեք, բազմաթիվ գործոններ կան: Եթե մենք մտածենք, որ մի գործոնի պատճառով է դա… այն, ինչ ես տեսնում եմ, ընդհանուր տեսադաշտում երեւում է: Դա ինձ թույլ է տալիս մտածելու, որ մեկ միասնական թեկնածու չի լինի: Աստված տա ես սխալվեմ, բայց…»:

Մենք նաեւ փորձեցինք ճշտել՝ ՀՅԴ-ի թեկնածուն այնուամենայնիվ Վահան Հովհաննիսյա՞նն է, թե՞ այլ թեկնածու էլ ունեն՝ պարոն Վարդանյանը չհստակեցրեց, ասելով, որ Դաշնակցությունը դեռեւս այդ հարցը չի քննարկել, եւ որ առայժմ այն խնդիրներն են փորձում ձեւակերպել, որոնք ծառացած են այսօր մեր ժողովրդի, երկրի առաջ: Մեր հարցին՝ Ձեր անձնական տեսակետով՝ ո՞ւմ եք Դուք տեսնում այսօր, որպես ՀՅԴ թեկնածու՝ նա պատասխանեց. «Անձերի հարց մենք չենք քննարկելու ոչ կուսակցության, ոչ էլ քաղաքական դաշտի այլ անձերի: Մենք հիմա քննարկելու ենք այն խնդիրները, որոնք պետք են այս երկրում ձեւակերպել եւ դնել՝ լուծելու համար: Երբ կձեւակերպենք այդ խնդիրները, համաձայնության կգանք, կշարունակենք հետագա գործընթացները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930