Արտակ Նազարյանի մահվան գործով սեպտեմբերի 4-ի դատական նիստում, ընդմիջումից հետո, վատացավ ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանի առողջական վիճակը: Նա դեռ առավոտյան «Առավոտի» թղթակցին հայտնել էր, որ ստամոքսի ցավեր ունի: Դատավոր Սամվել Մարդանյանի պահանջով դատարան ժամանեցին «շտապ օգնության» բուժաշխատողներ, Ալվարդ Մնացականյանին տրվեցին ցավազրկող դեղամիջոցներ:
Դատավոր Սամվել Մարդանյանը վերսկսելով նիստը, հայտարարեց, որ ըստ բժշկի եզրակացության`Ալվարդ Մնացականյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա դատարանում կարողանա իրականացնել իր մասնագիտական պարտականությունները: Այդ պատճառով դատավորը հետաձգեց նիստը եւ հաջորդ նիստը նշանակեց սեպտեմբերի 5-ին: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ նիստն էլ չի կայանա, քանի որ, ինչպես դատարանում հայտարարեց ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, ինքն այդ օրը այլ գործով Աբովյանում դատավարության է մասնակցելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ