Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության գինը. Հայաստանին անհրաժեշտ է նոր «Լենդ Լիզ»

Սեպտեմբեր 04,2012 16:03

Հովսեփ Խուրշուդյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ավագ փորձագետ

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 5-6-ը այցելելու է Հայաստան: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը հեռատեսորեն զարգացնում է համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ձեւաչափում` ընդլայնելու եւ ամրապնդելու համար իր անվտանգության բաղադրիչները: Սակայն փաստ է, որ թեեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը էապես սահմանափակում է այդ ռազմական դաշինքի անդամների ու հատկապես Թուրքիայի կողմից սպառազինությունների մատակարարումները Ադրբեջանին, սակայն ՆԱՏՕ-ի գործընկերները` Իսրայելը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սերբիան, շարունակում են լայնորեն այդ երկրին վաճառել սպառազինություններ եւ զինարտադրության տեխնոլոգիաներ: Մյուս կողմից` ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ խոչընդոտ չի հարուցում այդ կազմակերպության գլխավոր դերակատար Ռուսաստանի առջեւ` նույնպես մատակարարելու Ադրբեջանին նորագույն զինատեսակներ, ծավալելու ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի հետ սառեցված, սակայն  չավարտված պատերազմական վիճակում գտնվող այդ երկրի հետ: Նույնը կարելի է ասել նաեւ ԱՊՀ անդամ եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնող Ուկրաինայի մասին:

Հանքահումքային պաշարամիջոցների անհամաչափ բաշխումը հանգեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նյութական միջոցների անհամաչափության, իսկ Արցախի հնարավորություններն էլ ավելի են նվազել: Արդյունքում ռազմական հավասարակշռությունը արդեն խախտվում է հօգուտ Ադրբեջանի, եւ այդ խզումը շարունակում է սրընթաց ավելանալ: Ճիշտ է, առայժմ այն ի զորու չէ պատերազմի վերսկսման դեպքում հաղթանակ բերել Ադրբեջանին, սակայն գոյություն ունեցող սպառազինման դինամիկայի պահպանման պարագայում այդ պահը սարերի ետեւում չի լինի: Ադրբեջանի կողմից հավասարակշռության նման խախտումը նախեւառաջ ապօրինի է, քանի որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին շրջանակային համաձայնագիրը, ինչի մասին իր հատուկ զեկույցում վերջերս բարձրաձայնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Բացի դրանից, այն խիստ պայթյունավտանգ է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների վերսկսման կանխման համար անհրաժեշտ քաղաքական լծակները, որոնք գտնվում են քաղաքակիրթ աշխարհի գլխավոր կենտրոններում ոչ միայն կարող են բավարար զորեղ չգտնվել, այլեւ տարածաշրջանում իրավիճակի անկանխատեսելի փոփոխման հետ մեկտեղ (օրինակ` Իրանի շուրջ ծավալվելիք իրադարձությունների հենքին) կարող են կորցնել իրենց արդյունավետությունը:

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհով գործնականում անհնար է, որի ամենաթարմ ապացույցը նողկալի մարդասպանություն իրագործած հանցագործին Ադրբեջանում համաներում շնորհելն ու պանածացնելն է: Նման Ադրբեջանի կազմում Արցախի գոյատեւումը, բնականաբար, անհնար է: Մյուս կողմից` Ադրբեջանը ոչ մի կերպ չի հրաժարվում տարածքային ամբողջականության սկզբունքից: Այսպիսով` խնդիրը փակուղի է մտել: Պետք է սպասել, մինչեւ որ արմատական ժողովրդավարացումն ու հումանիտար զարգացումը կփոխեն երկրների եւ ժողովուրդների վերաբերմունքը հակամարտության նկատմամբ, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել համընդգրկուն հաշտեցման եւ փոխվստահության մասին: Իսկ մինչ այդ մնում է միայն ամեն գնով ապահովել խաղաղությունը:

Տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման երկու իրական եղանակ կա. մի կողմից գործուն ճնշում կիրառել Ադրբեջանի գլխավոր մատակարարների նկատմամբ` դադարեցնելու անմիտ ծավալների սպառազինությունների արտահանումը տարածաշրջան, մյուս կողմից` միանվագ մեծածավալ նորագույն սպառազինություններ մատակարարել Հայաստանին: Ընդ որում, այս երկրորդ տարբերակի շրջանակում, հաշվի առնելով Հայաստանի ֆինանսական սուղ հնարավորությունները, կարելի է կիրառել դեռեւս 1941թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված «Լենդ Լիզի» (բառացիորեն` հող եւ վարձակալություն) ձեւաչափի նորացված տարբերակը (անգլերեն` «Lend Lease Act», լրիվ անվանումը` «Օրենք` Միացյալ Նահանգների պաշտպանության ապահովման մասին», անգլերեն` «An Act to Promote the Defense of the United States»): Օրենք, որն, ըստ էության, նախատեսում էր մեքենաների, ռազմական տեխնիկայի ու սպառազինությունների, նյութական այլ միջոցների անհատույց մատակարարում դաշնակիցներին: Այն ժամանակ շուրջ $610 մլրդ (2008թ. գներով) կազմող «Լենդ Լիզը» փրկեց աշխարհը ֆաշիստական ծավալապաշտությունից, այժմ ընդամենը 5-6 մլրդ արժողությամբ համանման ծրագիրը կկանխի նոր պատերազմը` փրկելով տարածաշրջանը (եւ արեւմտյան ու ռուսական ներդրումները) նոր աղետից: Խաղաղության համար սա մեծ գին չէ. պատերազմը շատ ավելի թանկ կնստի աշխարհի վրա:

Թեեւ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, ընդ որում` զեղչված գներով, սակայն նման ծավալի սպառազինությունների անհատույց մատակարարման այդ երկիրը երբեք չի գնա: Անգամ ընդամենը 100 մլն դոլարի պարտքի, ապաեւ գազի մատակարարումների դիմաց այդ երկիրը կորզեց Հայաստանից մի շարք ռազմավարական օբյեկտներ` զուգահեռաբար Ադրբեջանին վաճառելով հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Ս-300 Ֆավորիտ» նորագույն երկու համակարգեր, ինչով ըստ էության ի չիք դարձրեց Հայաստանի կողմից Բաքվի ռազմական նկրտումների զսպման հիմնական կռվանը` հեռահար հրթիռների գործոնը: Մինչդեռ այդ համակարգերից Կրեմլը անգամ Հայաստանին չի տրամադրում:

Հասկանալի է, որ նույնիսկ այն դեպքում, որ նման «Լենդ Լիզ» Հայաստանին տրամադրելը կփրկի խաղաղությունը եւ շահեկան է գրեթե բոլոր կողմերին, Հայաստանը նման ծավալի սպառազինություններ մատակարարելու հայց ներկայացնելիս ստիպված կլինի ինչ-որ, թեկուզ քաղաքական գին վճարել դրա դիմաց: Դա կարող է լինել 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրության չվավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից` մոտ ապագայում իր տարածքում առկա ռուսականից բացի, նաեւ ամերիկյան ռազմահենակետի տեղակայման հեռանկարով (մինչդեռ նշված արձանագրությունը նախատեսում է, որ «Կողմերն իրենց տարածքում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորամիավորումներ (ուժեր), ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու որոշումներ ընդունում են մյուս Կողմերի հետ անհետաձգելի խորհրդատվություններ (համաձայնեցումներ) անցկացնելուց հետո ու նրանց պաշտոնական առարկության բացակայության դեպքում» եւ վավերացվելու դեպքում կկասեցնի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարը): Դա կարող է լինել նաեւ հայկական զորամիավորումների ավելի ծավալուն մասնակցությունը Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլուր ՆԱՏՕ-ի առաքելություններին: Վերջապես` դա կարող է լինել հետագայում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի սկզբնավորումը:

Կարծում եմ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի վաղվա այցը լավ առիթ է ՀՀ իշխանությունների համար հայկական «Լենդ Լիզի» գաղափարն առաջարկելու եւ դրա հեռանկարը քննարկելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930