Քաղաքագետ Արմեն Բադալյանը «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասել էր. «Թող քաղաքական ուժերը փորձեն գտնել իշխանափոխության ճանապարհը: Եթե չգտնեն, ես սեպտեմբերին հարցազրույց կտամ և կասեմ, թե որն է այդ ճանապարհը»:
Քանի որ արդեն սեպտեմբերն է, Aravot.am-ը Արմեն Բադալյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ քաղաքագետը կարո՞ղ է ներկայացնել իշխանափոխության՝ իր կողմից մշակված ճանապարհը, կամ արդյոք քաղաքական ուժերն ի վերջո գտա՞ն այդ ճանապարհը: Պարոն Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքական ուժերն այդպես էլ իշխանափոխության ճանապարհը չգտան և հավելեց. «Մի ուժ կա, որ փորձում է գտնել իշխանափոխության ճանապարհը, բայց… Երևի ԲՀԿ-ն է փորձում մի բան գտնել: Ես դա ընդամենը ենթադրում եմ, բայց հնարավոր է, որ ինքը չի էլ փորձում: Ուստի ուզում եմ մի երկու շաբաթ էլ հետևել, տեսնել արդյոք գնում են իմ մտածած ճանապարհով, թե դրանք իմ ենթադրություններն են»:
Անդրադառնալով իրենց ընդդիմադիր համարող մյուս ուժերին, մասնավորապես ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, պարոն Բադալյանը նկատեց. «Հարցը իրական, կամ ոչ իրական ընդդիմություն լինելը չէ: Հարցն այն է, որ ժողովուրդը, նրա մտածելակերպը, հասարակությունը, ամեն ինչ փոխվել են, բայց նրանք մնացել են հնում: Հին մեթոդներով ուզում են իշխանափոխություն անել, ինչը չի ստացվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ