Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Ազոյան. « Եթե ԲՀԿ-ից մեկ այլ թեկնածու լիներ՝ անձամբ ես չէի առաջադրվի»

Սեպտեմբեր 04,2012 15:49

Սիսիանի քաղաքապետի թեկնածու Մհեր Ազոյանը մի քանի օր առաջ ինքնաբացարկ հայտնեց: Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրությունների հետ կապված ցանկացած ինքնաբացարկ կապում են մարզպետի՝ Սուրեն Խաչատրյանի հետ՝ ասելով, որ նա ճնշումներ է գործադրում, որ ՀՀԿ թեկնածուները մրցակից չունենան, մենք պարոն Ազոյանից հետաքրքրվեցինք, թե իր վրա ճնշումներ չե՞ն եղել: Հիշեցնենք, որ Սիսիանում ՀՀԿ-ն թեկնածու չունի, սակայն հայտարարել է ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին սատարելու մասին:

Մհեր Ազոյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ կոնկրետ Սիսիանում Սյունիքի մարզպետը որեւէ ճնշում չի գործադրել. «Սիսիանում նման բան չի եղել, մի թեկնածու ես եմ եղել՝ իմ վրա որեւէ ճնշում չի եղել, մեկ այլ թեկնածու Տիգրան Պողոսյանն է եղել, նրա վրա էլ ճնշում չի եղել: Այսինքն՝ իմ փոխարեն խոսեմ՝ իմ վրա համենայնդեպս որեւէ ճնշում չի գործադրվել, ինքնաբացարկ եմ հայտնել ինքնակամ»: Նրա դիտարկմամբ՝ «Մոտեցումս հետեւյալն էր: Ներկա գործող քաղաքապետից բնականաբար դժգոհություններ կար, փոփոխությունն անհրաժեշտ էր: Ցանկություն հայտնեցի մասնակցել, հետո ընտրական վիճակը հասունացավ, մեկ այլ քաղաքացի՝ Տիգրան Պողոսյանն էր հետո առաջադրել, մենք երկուսս մնալու դեպքում գործող քաղաքապետը հնարավորություն էր ունենում անցնելու: Բնականաբար, Պողոսյանը չզիջեց ինձ, ես զիջեցի՝ ժողովրդին վատություն չանելու համար: Պողոսյանի հետ մենք նաեւ ընկերական հարաբերություններ ունենք, բնականաբար սատարելու եմ իրեն»:

Մեր հարցին՝ ներկայիս ԲՀԿ-ական քաղաքապետի հաղթելու շանսերը մե՞ծ են Սիսիանում՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ կա, ԲՀԿ-ն ընդունելի է Սիսիանի հասարակության համար: Եթե ԲՀԿ-ից մեկ այլ թեկնածու լիներ՝ անձամբ ես չէի առաջադրվի, բայց խնդիրը թեկնածուի անձն է: Իմ կարծիքով, այստեղ ԲՀԿ-ն ճիշտ թեկնածու չի ընտրել»:

Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ձեր դժգոհությունը քաղաքապետից՝ նա պատասխանեց. «Այս նախընտրական շրջանում ցանկացած միտք, նախադասություն ասելը նրա նկատմամբ…բոլոր հիմնավորումները ունեմ միանշանակ, բայց ամեն ինչ ասել՝ կդառնա ոնց որ ցեխ շպրտել նրա վրա, որը չեմ ուզում անել»:

Մենք ճշտեցինք՝ Ձեր դժգոհությունները պայմանավորված են նրանով, որ ԲՀԿ-ական քաղաքապետը լավ չի՞ կատարում իր պարտականությունները, թե՞ քաղաքական դրդապատճառներ կան՝ նրան չսատարելու՝ թեկնածուն այսպես մեկնաբանեց. «Որպես քաղաքապետ, կարծում եմ, մարդը աշխատել է այնքան, ինչքան կարողացել է, բայց դա ոչ բավարար է եղել սիսիանցու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930