Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 4-ի նիստում պետք է հարցաքննվեր գործով քննիչ Լեւոն Պետրոսյանը: Սակայն նա չէր ներկայացել: Դատարանում սկզբից հայտարարվեց, որ նա գտնվում է Իջեւան տանող ճանապարհին, հետո էլ` նրա մեքենան փչացել է: Դատավոր Սամվել Մարդանյանի հրահանգով դատարան հրավիրվեց տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցիչների միջնորդությամբ որպես վկա դատակոչված զորամասի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը:
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Ս. Ղազարյանին մեկուկես ամիս առաջ ազատել են զորամասի հրամանատարի պաշտոնից, նա այժմ գտնվում է ՊՆ կադրերի տրամադրության տակ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին ասաց.
-Դուք մեզ տհաճ սյուպրիզ եք անում:
Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյաննն էլ հայտարարեց, որ նախորդ նիստում դատավորը հայտարարել էր, որ սեպտեմբերի 4-ի նիստում պետք է հարցաքննվի քննիչ Պետրոսյանը, իսկ սեպտեմբերի 5-ի նիստում ` լրացուցիչ դատակոչված զինվորները, որ իրենք պատրաստ չեն զորամասի հրամանատարին հարցեր տալուն:
Կարդացեք նաև
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն էլ դատավորին հիշեցրեց, որ բավարարված միջնորդությամբ վկայի հարցաքննելու հետ պետք է դատարան ներկայացվեին մարտական հենակետի զինվորներին կարգապահական տույժի ենթարկելու, նրանց կալանատուն ուղարկելու հետ կապված փաստաթղթերը, որ դրանց բացակայության դեպքում անիմաստ է վկային հարցաքննելը, քանի որ իրենց հարցերը բխում են այդ փաստաթղթերից:
Դատավոր Սամվել Մարդանյանը սկսեց վկայի հարցաքննությունը, այդ ընթացքում նաեւ 20 րոպե տրամադրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին,որպեսզի նրանք կարողանան նախապատրաստել իրենց հարցերը: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը վկային հարցրեց, թե նա ինչո՞ւ է 2 հեռախոսագրերով Արտակ Նազարյանի մահվան վայրը նշել խրամատը, իսկ դատարանում հայտարարում է, թե նրան տեսել է ժայռին հենված: Գնդապետ Ղազարյանն ասաց, որ առաջին հեռախոսագիրն ինքը տվել է առանց դեպքի վայրում լինելու, երկրորդ հեռախոսագիրը տվել է, երբ եղել է դեպքի վայրում, տեսնելով մահացած Արտակ Նազարյանին «ժայռին խաղաղ հենված»: Այդ դեպքում ինքն ինչո՞ւ երկրորդ հեռախոսագրում նույնպես խրամատն է նշում: Ռուբեն Մարտիրոսյանի այս հարցին Ս. Ղազարյանը պատասխանեց, որ ժայռից սկսվում են խրամատները,նաեւ ընդունեց, որ ինքն ինչ-որ բառ սխալ է գրել: Նիստի ընթացքում Ռուբեն Մարտիրոսյանը վկային հարցրեց, թե Ղազարյանը ինչու՞ է կարգապահական տույժի ենթարկել հենակետի բոլոր զինվորներին: Վկան ասաց, որ կոնկրետ չի հիշում, 2 տարի է անցել, հետո էլ ասաց, որ նրանք կարգապահական կանոնագրքի պահանջների` արտաքին տեսքի, զենքի պահպանության, պահելաձեւի խախտումներ ունեին: Ռ. Մարտիրոսյանը վկային ասաց, որ հարցաքննված զինվորները դատարանում ասել են, որ իրենց կալանատուն տանելը կապված էր Արտակ Նազարյանի մահվան դեպքի հետ:
Դատարանում վեճ բռնկվեց Ռ. Մարտիրոսյանի եւ դատավոր Մարդանյանի միջեւ: Վերջինս իրավապաշտպանին հորդորում էր իր հարցերը կապել մեղադրանքի ծավալի հետ, վերջինս էլ պնդում էր, թե դրանք անմիջական կապ ունեն քրեական գործի հետ:
Ընդմիջումից հետո նիստը կշարունակվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ