Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը «նեմեսիսային քայլերը» համարում է արդարացված

Սեպտեմբեր 04,2012 15:34

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործընթացում որոշ պետություններ աջակցել են, եւ այդ պետություններից մեկը Թուրքիան է: Այսօրվա ասուլիսում պարոն Սաֆարյանը հրաժարվեց այլ պետությունների անուններ թվարկել՝ բացատրելով, որ չունի փաստեր. «Գործընթացը բանակցային տարիների պատմություն ունի, գաղտնի չի եղել, որ Ադրբեջանն աշխատում է այդ ուղղությամբ, եւ այն պետությունները, որոնք օգնեցին գլուխ բերել այդ գործարքը, միտում ունեին մեծացնել տարածաշրջանում լարվածություն : Ովքեր էլ լինեն այդ քայլի հետեւում, մեկը Թուրքիան է»:

Պարոն Սաֆարյանի խոսքերով, արտահանձնման ընթացքում Թուրքիան միջնորդել է եւ փորձել հանդիպումներ կազմակերպել հունգարական եւ ադրբեջանական դատախազների միջեւ. «Չեմ կարծում, որ այլոք անտեղյակ են եղել, խոշոր երկրների հետախուզությունները չէին կարող տեղյակ չլինել նախապատրաստվող ակցիայի մասին, հետեւաբար ունեն մեղսակցության իրենց բաժինը»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Սաֆարովի արտահանձնումը գլուխ բերելը նաեւ պատերազմի հրահրման քայլ է եւ Հայաստանի արտաքին քաղաքականության թերություն.«Եթե Հունգարիայի հայ համայնքը պնդում է, որ օգոստոսի 21-ին գրավոր տեղեկացրել է հունգարական իշխանությունների կայացրած որոշման մասին, նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը խնդիր ունի, որովհետեւ 21-ից հետո ոչինչ չեն արել»: Անդրադառնալով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի արձագանքներին , ասաց, որքան էլ դատապարտող էլեմենտ կար, բայց բացակայում են հունգարական եւ ադրբեջանական հասարակություններին ուղղված հստակ քայլեր եւ պահանջներ. «Թողնել իրավիճակն այդպես, նշանակում է թողնել այն խողովակը, որով տարածաշրջանային լարվածություններն աճում են: Հայաստանի համար միջազգային հանրության վերաբերմունքում էական են նաեւ կոնկրետ քայլերը, որոնք հետ կշրջեն տեղի ունեցածը: Հայկական դիվանագիտությունը պետք է հասկանա, երկար այս լարվածությունը չի մնալու, չի էլ մոռացվելու, եթե ցանկանում է արդյունքներ ստանալ, պետք է քայլեր արվեն կարճ ժամանակահատվածում, այլապես հետագայում ստացվելու է՝ ուղղակի բռունցքներ թափահարվեցին օդում… հենց հիմա է, որ պետք է սկսել Ադրբեջանի չակերտավոր հաղթանակը պարտության վերածելու անշրջելի գործընթացը»:

Ինչ վերաբերում է վրիժառության Նեմեսիսի նոր օպերացիա կազմակերպելու մասին խոսակցություններին, պարոն Սաֆարյանն ասաց.«Հումանիզմի նկատառումներով ոչ մեկը կողմ չի արտահայտվի: Եթե տեղի ունեցածը ձեռնոց էր, չեմ ասի անգամ հայկական արժանապատվությանը, բայց առաջին հերթին հարված էր հայկական ազգային անվտանգությանը, այս կտրվածքով սպառնալիքը ոչնչացնելու համար նման նեմեսիսային քայլերը, եթե լուծում են խնդիր, դառնում են արդարացված՝ գոնե տվյալ երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930